Ի՞նչ է կանգնած Հնդկաստանի և Պակիստանի միջև զինված հակամարտության հերթական բռնկման հետևում. Օլեգ Սերգեև

Բրիտանական գաղութատիրության ժառանգությունն իրեն զգացնել է տալիս

Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Հնդկաստանը և Պակիստանը հրթիռային հարվածներ են փոխանակել: Հնդկաստանը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Պակիստանում «ահաբեկչական ենթակառուցվածքի» դեմ:

Reuters-ի տեղեկություններով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը գրոհել են 9 օբյեկտ։ CNN-ը, վկայակոչելով Նյու Դելիին, հայտնում է, որ հրթիռային հարվածներ են հասցվել՝ ինչպես Պակիստանի, այնպես էլ՝ Քաշմիրի վիճելի շրջանի «ահաբեկչական ենթակառուցվածքի» ուղղությամբ։

«Այս քայլերը ձեռնարկվել են Պահալգամում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությունից հետո, որի հետևանքով սպանվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի»,- հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից: Խոսքը Քաշմիր նահանգի հնդկական հատվածում զբոսաշրջային խմբի վրա հարձակման մասին է, որը տեղի է ունեցել ապրիլի 22-ին:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «դիմադրության ճակատ» խմբավորումը՝ «լաշքար-ի-թայբայի» ճյուղերից։ Դա վիճելի տարածաշրջանում խաղաղ բնակիչների դեմ ամենամեծ հարձակումներից մեկն էր։ Հնդկաստանն անմիջապես մեղադրեց Պակիստանին «սահմանային ահաբեկչությանն» աջակցելու մեջ։

Ապրիլի 23-ին նրա իշխանությունները հայտարարեցին ահաբեկչական հարձակմանն ի պատասխան՝ մի շարք միջոցառումների մասին.

1) Միակ բաց սահմանային անցակետի՝ Աթթարի-Վագայի փակումը։

2) 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի կասեցում, որը կարգավորում էր ջրային ռեսուրսների բաշխումը երկրների միջև։

3) Դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում. պակիստանցի ռազմական խորհրդականների արտաքսում Նյու Դելիից։

4) SAARC վիզաներով Պակիստանի քաղաքացիների մուտքի արգելք, գործող վիզաների չեղակում՝ Հնդկաստանը 48 ժամվա ընթացքում լքելու պահանջով։

Ի պատասխան՝ Պակիստանը հայտարարել է իր զինված ուժերը լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, փակել է օդային տարածքը հնդկական բոլոր ավիաընկերությունների համար և Հնդկաստանի քաղաքացիներից պահանջել լքել երկիրը: Իսլամաբադը նաև արձագանքել է Ինդոսի ջրերի մասին պայմանագրի դադարեցմանը՝ ասելով՝ Հնդկաստանի ցանկացած միջամտություն ջրամատակարարմանը կդիտարկվի՝ որպես ՛պատերազմի ակտ», որին կհետևի «լիարժեք պատասխան»:

Ջամու և Քաշմիր շրջանում սկսվել են հնդիկ և պակիստանցի զինծառայողների բախումները։ Կան առաջին զոհերը։ Այդ պահից և գրեթե երկու շաբաթվա ընթացքում երկարատև հակամարտության նոր փուլը սկսեց ակտիվորեն զարգանալ՝ սպառնալով վերաճել մեծ պատերազմի՝ Իսլամաբադի դաշնակից Չինաստանի ներգրավմամբ։

«Սինդուր» գործողության շրջանակներում մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Իսլամաբադի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի հատվածում՝ Բահավալպուրում, Կոտլիում, Սիալկոտում, Մուրիդքում, Մուզաֆարաբադում և այլ բնակավայրերում գտնվող «ահաբեկչական ճամբարներին»:

Hindustan Times-ի տեղեկություններով՝ ճամբարների մի մասում են գտնվում «ջաիշ-ե-մուհամմադ» և «լաշքար-ի-թայբա» իսլամիստական ահաբեկչական խմբավորումների շտաբներն ու ուսումնական կենտրոնները: Նարովա շրջանի ճամբարներից մեկը ծառայում է՝ որպես ԱԹՍ-ների բազա, որոնց օգնությամբ, ըստ պարբերականի, Հնդկաստանի տարածքում զենք, զինամթերք և թմրանյութեր են նետել: Նյու Դելիում ընդգծել են՝ պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել, և, որ գործողություններն էսկալացիոն բնույթ չեն կրել: Պակիստանը նույնպես մի շարք հարվածներ է հասցրել Հնդկաստանի տարածքին և միաժամանակ հայտարարել հնդկական հարվածների հետևանքով 26 սպանված քաղաքացիական անձանց և 46 վիրավորների մասին: Նշվում է նաև երկու մզկիթների և էլեկտրակայանի վնասման մասին։ Հնդկաստանի ոստիկանությունն իր հերթին հայտնել է՝ Պակիստանի հարվածների հետևանքով զոհվել է՝ 10, վիրավորվել՝ 48 մարդ: Բացի այդ, Հնդկաստանի ուժայինները հայտարարել են, որ ոչնչացրել են 70 ահաբեկչի։ Մայիսի 7-ի առավոտյան ԶԼՄ-ներում, վկայակոչելով Պակիստանի անվտանգության ոլորտի աղբյուրներին, տեղեկություններ են հայտնվել հնդկական ռազմաօդային ուժերի երեք ինքնաթիռների ոչնչացման մասին՝ երկու Rafale և մեկ Mirage 2000 (հնդիկները ճանաչել են դրանց կորուստը), երկու անօդաչու թռչող սարք, բրիգադի շտաբ, ավիաբազա և անցակետ:

Քաշմիրի ահաբեկչությունները, ինչպիսին ներկայիս առճակատման տրիգերն է, կանոնավոր են դիտարկվող տարածաշրջանի համար, սակայն պատերազմը չի համապատասխանում Հնդկաստանի, Պակիստանի, Չինաստանի ազգային շահերին։ Միևնույն ժամանակ, նման ահաբեկչական գործողությունն ուրիշի դրոշի ներքո ձեռնտու է անգլոսաքսերին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, որը կցանկանար շրջապատել ՉԺՀ-ն ճակատային օղակով և ակտիվորեն զբաղվում է հնդկացիների և պակիստանցիների՝ միմյանց դեմ լարմամբ (Վաշինգտոնը դեռ փետրվարին վերսկսել է Պակիստանյան F-16-ների համար բաղադրիչների մատակարարումը, ընդ որում՝ Հնդկաստանին առաջարկվել է պատվիրել F-35 կամ հաջորդ սերնդի F-47 կործանիչ և ավելի շատ ամերիկյան զենք գնել)։

Նշանակալից պահ. Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը սկսվեց ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի Նյու Դելի կատարած չորսօրյա այցի ժամանակ։ Ըստ էության, նա տվեց վերահսկվող հիբրիդային պատերազմի մեկնարկը, որը անգլոսաքսերը կարող են կառավարել «մեծ Աֆղանստանի» ձևավորման նշանառությամբ, որն ուղղված է առաջին հերթին՝ Չինաստանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի դեմ։ Դրա օգտին է խոսում նաև անգլոսաքսերի կողմից աջակցվող իսլամիստների կտրուկ ակտիվացումը։

Օրինակ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրթիռային հարվածներից բառացիորեն մի քանի ժամ առաջ լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ, այսպես կոչված, Բելուջիստանի ազատագրական բանակը (ԲԱԲ) վերահսկողություն է հաստատել Պակիստանի Մանգոշեր քաղաքի նկատմամբ։ Չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ գրավվել են Պակիստանին պատկանող ռազմական օբյեկտներ և կառավարական գործակալություններին պատկանող վարչական շենքեր։ Տարածաշրջան ուղարկված համալրումները դարանակալվել էին բելուջական զինյալների կողմից, որոնք վերահսկողություն էին հաստատել Պակիստանի գլխավոր N-25 մայրուղու վրա, որը կապում է Քվետան և Կարաչինը։ ԲԱԲ-ի կողմից գրավվել են նաև Մանգոչեր տանող Ռահիմաբադի, Գարիի և Խազինայի անցակետերը։

Դրանից մի քանի օր առաջ՝ ապրիլի վերջին, օգտվելով Հնդկաստանի և Պակիստանի միջև արդեն ընթացող ռազմական բախումներից, վերջինիս տարածք փորձեցին ներխուժել Աֆղանստանից ժամանած իսլամիստները։ Դրանք ոչնչացվել են պակիստանցի սահմանապահների կողմից՝ FPV-դրոնների ակտիվ կիրառման շնորհիվ։ Սպանվածների մարմինները հատուկ դրել են սահմանի մոտ, որպեսզի նրանց համախոհներին ու տիկնիկավարներին ցույց տան, թե ինչի են հանգեցնում նման հարձակումները։

Արևելյան Ասիայի համար որոշակի ապակայունացնող դեր է խաղում նաև Մերձավոր Արևելքում պատերազմի գործոնը, որն արևմտյան լրատվամիջոցների գրագետ աշխատանքի շնորհիվ հրահրեց բողոքի ցույցերի վերսկսումը մուսուլմանական մեծամասնություն ունեցող միակ հնդկական տարածաշրջանում։ Բառացիորեն «Սինդուր» գործողության մեկնարկի նախօրեին, Սրինագար քաղաքում, որը Ջամու և Քաշմիր նահանգի մայրաքաղաքն է, տեղի է ունեցել տեղի ուժային կառույցների ղեկավարների նիստը, որտեղ քննարկվել են բողոքի ակցիաների կանխմանն ուղղված քայլերը: Նշվել է՝ նահանգի բնակիչներն ուշադիր հետևում են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակին և «ցանկացած էսկալացիա կարող է մարդկանց փողոց դուրս գալու պատճառ դառնալ»:

Աֆղանստանի և նրան սահմանակից շրջանների ապակայունացման ճարտարապետներից մեկը՝ Զ. Բժեզինսկին, դեռևս 2010-ականների սկզբին հայտարարել էր՝ Արևելյան Ասիայում անխուսափելի է մինչև 2 միլիարդ մարդու մահով միջուկային պատերազմը. այնքան կրիտիկական է 20-րդ դարի երկրորդ կեսին անգլոսաքսերի կողմից ձևավորված իրավիճակը Պակիստան-Հնդկաստան-Չինաստան եռանկյունում։ 1947-ից և բրիտանական գաղութարարների տարածաշրջանից պաշտոնապես հեռանալուց հետո Հնդկաստանը, Պակիստանը և Չինաստանը վերահսկում են Քաշմիրի ճգնաժամային շրջանի (Հինդուստան թերակղզու հյուսիս-արևմուտք) տարածքի համապատասխանաբար 45%, 35% և 20% տոկոսը:

Հենց անգլոսաքսերի կողմից դրված «ականները»՝ Քաշմիրի պատկանելության մասին վեճերի տեսքով, հանգեցրին մի շարք պատերազմների Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Այսօր յուրաքանչյուր երկիր ազդեցության և վերահսկողության գոտիները տեսնում է յուրովի, մինչդեռ Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերը միասին ունեն ավելի քան 3 միլիոն զինծառայող, 2000 կործանիչ, 13000 հրետանային միավոր և 14000 տանկ։ Բացի այդ, այս բոլոր երկրներն ունեն միջուկային մարտագլխիկներ՝ համապատասխանաբար՝ մոտ 600, 170 և 164:

Պակիստանի պաշտպանության նախարար Ասիֆն արդեն հայտարարություն է արել, որ եթե Հնդկաստանը համարձակվի հարձակվել Պակիստանի վրա, և նրա գոյությունը վտանգի ենթարկվի, «աշխարհում ոչ ոք չի գոյատևի»: Սակայն հնդիկ պաշտոնյաները մայիսի 7-ի գիշերը ճեպազրույցում հայտնել են՝ առայժմ որևէ հայտարարություն չեն անի, քանի որ «իրավիճակը շարունակում է զարգանալ»: Դրա շնորհիվ Հնդկաստանի և Պակիստանի դիմակայությունը դեռևս դուրս չի գալիս նախորդ նմանատիպ հակամարտությունների շրջանակներից և միջուկային զենքի կիրառման մասին խոսք չի գնում։ Բացի այդ, հակամարտության տեղանքը գտնվում է լեռնային տարածքում, որտեղ միջուկային զենքն արդյունավետության առումով գրեթե անհեռանկարային է, քանի որ դրա վնասակար գործոններն իրականում չեզոքացվում են աշխարհագրությամբ։


Արտաքին շահագրգիռ կողմերի տեսանկյունից Հնդկաստանի և Պակիստանի միջև էսկալացիան կարող է նպատակ ունենալ բարենպաստ և շահավետ ազդեցություն ունենալ ամերիկացիների համար (արագացնելով-ճիշտ ուղղությամբ մղելով) Նյու Դելիի հետ Թրամփի վարչակազմի ներկայիս բանակցությունների հետագա ընթացքի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-ի բանակցությունների վրա, որոնք կսկսվեն մոտ ապագայում:

Թրամփիստների գործողություններից և հայտարարություններից ելնելով՝ Հնդկաստանի հետ առևտրային գործարքի շրջանակներում բանակցությունները չպետք է հետաձգվեն: Ընդհակառակը, դրանք պետք է խթանեն Չինաստանից արտադրությունների հնարավորինս արագ տեղափոխումը Հնդկաստան և Հնդկաստանի կողմից ամերիկյան ապրանքների (ներառյալ՝ նավթի) գնումը, որոնք առայժմ մնում են բավականին ցածր մակարդակի վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ը դեռևս մեծ առևտրային դեֆիցիտ ունի Հնդկաստանի հետ։

Միևնույն ժամանակ, բացի Թրամփից և նրա թիմից, տարածաշրջանում իրենց խաղը վարում են բրիտանացիները, ձախակողմյան գլոբալիստները և եվրոպական էլիտաների մի մասը, որոնք բոլորովին այլ տեսլական ունեն ապագայի և աշխարհի, և հենց ԱՄՆ-ի վերաբերյալ: Եվ որոնց համար գաղտնիք չէ՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև երկարատև պատերազմը սպառնում է Ուկրաինայի ներկայիս ռեժիմին, քանի որ Պակիստանը՝ իր գործարանների միջոցով (ներառյալ՝ չինական սարքավորումներով) և Չեխիայի միջնորդությամբ, ներկայումս հանդիսանում է Ուկրաինայի զինված ուժերի հրետանային արկերի հիմնական մատակարարը և սլավոնական արյունահեղության շարունակությունը:

Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի

Աղբյուրը՝ Fondsk.ru

Տեսանյութեր

Լրահոս