Հայ ժողովուրդը թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանին սակարկել և վաճառել հայրենյաց տունը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այսօր նախատեսված հանրահավաքին՝ վերահաստատեց, որ այն չունի կուսակցական պատկանելություն: Ըստ նրա՝ կուսակցությունները, դաշինքներն ընդամենը կազմակերպչական աշխատուժն են, որոնք ստեղծում են պայմաններ՝ արթնացնելու հասարակության զգոնությունն ու արժանապատվությունը:

«Հանրահավաքի նպատակն է՝ նաև հղել  շատ հստակ ուղերձներ միջազգային հանրությանը, որովհետև միջազգային հանրությունը,  լինելով նախ իրենց շահերի սպասարկու, օգտվել են և օգտվելու են ՀՀ թուլամորթ և ապիկար ղեկավարության քաղաքականությունից:

Եթե մեկն ուզում է իր օջախը, տունը վաճառի, ապա բնական է՝ բոլոր բրոկերներն էլ, դալալներն էլ ուզում են մեջը փայ մտնել: Եթե մեր տան, օջախի գլխին հայտնվել է մի մարդ, որն ուզում է վաճառել այդ օջախը, բնական է, որ բոլոր բրոկերներն էլ կցանկանան այդ գործարքում ունենալ տոկոս: Հետևաբար, մեր խնդիրն է՝ մի կողմից՝ թույլ չտալ այդ վաճառքը, և երկրորդը ՝ ցույց տալ բոլոր բրոկերներին, միջազգային հանրությանը, որ հայ ժողովուրդը տնվորի կարգավիճակով չէ ապրում իր հայրենիքում, որ հայ ժողովուրդն իր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի տերն է ու թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանին և համապատասխան այլ պաշտոնյաների սակարկել, վաճառել հայրենյաց տունը»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը:

Հանրային շրջանում առկա ապատիկ ու թերահավատ տրամադրությունների վերաբերյալ նա հակիրճ եղավ՝ հորդորելով մեկ մոմ վառել, քան անվերջ անիծել խավարը:

Տեսանյութեր

Լրահոս