«Երեխային մանկապարտեզ ընդունելու համար պարտքեր չունենալու մասին զրոյական տեղեկանք են պահանջում․․․»․ Աշտարակի փոխհամայնքապետի պարզաբանումը
Շուրջ 2 շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ Աշտարակ խոշորացված համայնքում գործող մանկապարտեզների շուրջ աղմուկ է բարձրացել։ Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ահազանգել էին, որ պոլիկլինիկայից տարված տեղեկանքն այլևս հիմք չէ բացակայությունները հարգելի համարելու համար, հետևաբար՝ ամսական վարձավճարներն ամբողջությամբ պետք է վճարել: Հրամանն ընդունել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով համայնքի ղեկավար ընտրված Թովմաս Շահվերդյանը։
Չնայած Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Շանթ Վահանյանը մեզ հետ զրույցում հերքել էր այս տեղեկությունը, պարզաբանելով՝ եթե բժշկի թուղթ են բերում, որ երեխան առողջական խնդիր է ունեցել, միանշանակ այդ օրերի համար ծնողը չի վճարելու՝ «Մենք այդ ժամանակահատվածի համար ծախս չենք անում, հետևաբար՝ գումար էլ չենք վերցնելու», այդուհանդերձ մանկապարտեզներում շարունակում են հետևել համայնքի ղեկավարի ընդունած որոշման պահանջներին, և 168.am-ը կրկին ահազանգ է ստացել մանկապարտեզների ծնողներից․
«Մանկապարտեզի տնօրինությունն ասում է՝ համայնքապետարանից մեզ հրահանգ է եկել, որ պոլիկլինիկայից բերված տեղեկանքով հարգելի են համարվում միայն այն դեպքերը, երբ երեխայի մոտ գրանցվել է սուր վարակի դեպք՝ ջրծաղիկ, բրոնխներ և այլն։ Սովորական գրիպի կամ ջերմության դեպքում բացականերն անհարգելի են համարվում։ Ստացվում է, պետք է երեխայիդ ջերմությունով ուղարկես մանկապարտեզ։
Բացի սա, նաև նոր կարգ են մտցրել մանկապարտեզներում։ Տնօրինությունն ասում է, որ երեխաների ընդունելության համար այսուհետև գործերին կից նաև պարտադիր զրոյականի թուղթ պետք է ներկայացնել»։
Հարցին՝ ի՞նչ է զրոյական թուղթը, և ինչի՞ համար են պահանջում այն ծնողից, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Զրոյականի թուղթ, որտեղ երևում է, որ հողի, լույսի, ջրի, ամբողջ հարկերը, վճարները կատարված են, պարտք չունեն։ Ասացին՝ դա կցվում է երեխաների գործերին։ Մենք էլ՝ ծնողներով հարցրեցինք, թե դա մանկապարտեզի երեխայի գործերին կցելու իմաստը ո՞րն է, պատասախանեցին, թե համայնքապետարանից ասել են, որ բնակիչներն այդ մուծումներն անում են, դրանից նաև մանկապարտեզի բյուջե է գնում, մանկապարտեզի ծախսերը հոգում են․․․ Ասացին նաև, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներում դա վաղուց է գործում, և դրական արդյունք է գրանցվել․․․»։
168.am-ն այսօր կրկին կապ հաստատեց Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Շանթ Վահանյանի հետ։ Հարցրեցինք, թե արդյոք ճի՞շտ է, որ համայնքապետարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ մանկապարտեզ ընդունվող երեխաների ծնողները պետք է ներկայացնեն զրոյական տեղեկանք, եթե այո, ապա ինչի՞ համար․
«Նախորդ անգամ, երբ մենք խոսեցինք, ես ներկայացրեցի, որ մեկ երեխայի ծախսը կազմում է մոտ 32.000 դրամ, որից ընդամենը 7000 դրամն է վճարում ծնողը։ Այդ տարբերությունը մենք կարողանում ենք վճարել հենց համայնքի բնակիչների հարկային պարտավորությունների կատարման շնորհիվ։ Այսինքն, որ մեր համայնքի բնակիչներն իրենց պարտավորությունները կատարում են, դրանով մենք մանկապարտեզների համար ձեռք ենք բերում սնունդ, ջեռուցումն ենք ապահովում, նման տեսակի ծախսերը ծածկվում են հենց այդ հարկային պարտավորությունները կատարելու միջոցով։ Եթե մեր բնակիչներն իրենց հարկային պարտավորությունները չեն կատարում, մենք կանգնում ենք խնդրի առաջ նման հարցերը լուծելու համար։ Երբ մարդու հարկային պարտավորությունը լինում է մեծ չափի գումար՝ կուտակված պարտք, ժամանակացույց է կազմվում, չի նշանակում, որ մարդն ունի 600.000 դրամի հարկային պարտավորություն, մենք ասում ենք՝ հենց այսօր այդ 600.000 դրամը վճարեք, որ երեխան մանկապարտեզ ընդունվի, բայց, երբ ունի հասանելի չափի գումարի պարտավորություն, դրա համար ժամանակացույց չի կազմվում, միանգամից ասում ենք՝ վճարեք, որ մանկապարտեզում կարողանան այդ ծախսերն ապահովել»։
Շանթ Վահանյանն ասաց, որ այս մեթոդը Աշտարակ քաղաքում կիրառում են շուրջ 5 տարի, և որևէ խնդիր կամ բողոք այդ հարցի շուրջ չի եղել, ինչպես նաև որևէ երեխա մանկապարտեզից չի հեռացվել։
«Մեր հարկերի հավաքագրումը, համեմատած նախորդ տարիների, ներկա պահին բարձր տոկոսային է, ամեն տարի մենք աճ ենք արձանագրում, սա էլ է մեխանիզմ, որպեսզի մարդիկ հարկային պարտավորությունները պատշաճ կատարեն․․․
Հարկային պարտավորությունների վճարման մասին տեղեկանքը վերաբերում է անշարժ գույքի, կոմունալ աղբահանության և բնակվարձի վճարումներին, եթե, իհարկե, բազմաբնակարան շենքերի բնակիչներ են»։
Անդրադառնալով ծնողների բարձրացրած բողոքներին, որ պոլիկլինիկայի բժշկի տված տեղեկանքը, որ երեխան ինչ-ինչ հիվանդությունն է ունեցել, մանկապարտեզում երեխայի բացակայությունները հարգելի չեն համարվում, ու ծնողները ստիպված են երեխայի չհաճախած օրերի համար ևս վճարել, Աշտարակի փոխհամայնքապետն ասաց, որ հարգելի են համարվում բոլոր այն բացակայությունները, որը բժիշկի կողմից արձանագրված է․
«Բժշկի կողմից արձանագրված հիվանդության տեղեկանքը մենք համարում ենք հարգելի բացակայություն։ Դա կլինի ամբուլատորիայո՞ւմ, հիվանդանոցո՞ւմ, թե՞ պոլիկլինիկայում․․․»։