Բաժիններ՝

«Աշտարակից հրաման է եկել՝ բժշկի թուղթը չի անցնում․ երեխան 1 օր էլ հաճախի մանկապարտեզ, պետք է վարձն ամբողջությամբ վճարել». ահազանգի հետքերով

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողներն ահազանգում են՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով համայնքի ղեկավար ընտրված Թովմաս Շահվերդյանի հրահանգով մանկապարտեզների վարձավճարը թանկացել է, բայց սա դեռ միակ խնդիրը չէ։

168.am-ի խմբագրություն դիմած ծնողները պատմեցին նաև, որ երեկ առավոտյան ծնողների և մանկապարտեզի դաստիարակների ընդհանուր խմբերում ծանուցումներ են ստացել, որ, ի տարբերություն նախկին կարգի, այժմ երեխաների բացակայությունների դեպքում ևս պետք է ամբողջ ամսվա վարձը վճարեն, պոլիկլինիկայից տարված տեղեկանքն այլև չի գործելու․

«Կոնկրետ մեր մանկապարտեզում 6000 դրամ էր, հիմա դարձրել են 7000 դրամ։ Առավոտյան մեր՝ ծնողների և դաստիարակի ընդհանուր խմբում երեխայիս դաստիարակից ծանուցում եկավ հետևյալ գրառմամբ․

«Բարի լույս, հարգելի ծնողներ։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Աշտարակից մեզ հրաման է եկել, որ բժշկի թուղթը չի անցնում։ Երեխան 1 օր էլ հաճախի, պետք է վարձն ամբողջությամբ վճարել։ Միայն այն դեպքում չեք վճարի, եթե, Աստված ոչ արասցե, երեխան հայտնվի հիվանդանոցում»։

Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչն է փոխվել, ո՞նց թե՝ պոլիկլինիկայից բերած թուղթը չի անցնում»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը։

168.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Շանթ Վահանյանի հետ, քանի որ համայնքապետը տեղում չէր, նա պատասխանեց մեր հարցերին։

Նախ՝ որո՞նք են վարձավճարների թանկացման հիմնական պատճառները.

«Համայնքը խոշորացվել է, կար բնակավայր, որ 6500 դրամ էր, կար բնակավայր՝ 4000 դրամ էր, Աշտարակում 5000 դրամ էր, մի խոսքով, ամեն տեղ տարբեր էր։ Մեր համայնքի ղեկավարի դիրքորոշումն այնպես է, որ բոլոր բնակավայրերում ցանկացած բան, այդ թվում՝ աշխատանքը, հավասարաչափ է արվելու։ Խնդիրը նրանում է, որ, երբ հաշվարկն անում էինք, 1 երեխայի ծախսը 5000-7000 դրամով ավելանում էր, այսինքն՝ մենք մանկապարտեզի 1 երեխայի վրա ինչքան ծախս որ անում էինք, այդ գումարն ավելացել է, օրինակ, ծախսում էինք 25.000 դրամ, հիմա ծախսը դարձել է 32.000 դրամ։ Ստացվում է, որ ծախսերն ավելացել են 7000 դրամով, բայց մենք ծնողների համար ավելացրել ենք 2000 դրամով՝ Աշտարակի բնակչի համար, բայց Օշականի բնակչի համար 500 դրամով ենք ավելացրել»։

Վահանյանը հավելեց, որ համայնքապետն ինքնակամ չէ նման որոշում կայացրել, 2022 թվականի հունվարի 21-ի ավագանու նիստում է այս որոշումը հաստատվել, որի հաջորդ օրն ուժի մեջ է մտել։ Իսկ փետրվարի 1-ից, երբ մանկապարտեզները բացվել են, արդեն վարձավճարները բարձրացված արժեքով պետք է վճարեն։

Աշտարակի փոխհամայնքապետին հարցրեցինք նաև, թե ի՞նչ հիմնավորմամբ են ծնողներին ասել, որ երեխայի հիվանդության դեպքում պոլիկլինիկաներից ներկայացված բժշկի տեղեկանքը չեն ընդունելու, անգամ մեկ օր մանկապարտեզ հաճախելու դեպքում ծնողը պետք է ողջ ամսվա համար վճարի, իսկ տեղեկանքը ընդունելի կլինի, եթե այն հիվանդանոցից է վերցված, մեր այս հարցը զարմացրեց Վահանյանին, նրա համար անակնկալ էր մեր փոխանցած տեղեկությունը, այդուհանդերձ, տվեց հետևյալ պարզաբանումը.

«Խոշորացված համայնքում 17 մանկապարտեզ է գործում։ Համայնքի ղեկավար-մանկապարտեզների տնօրեններ հանդիպում այս ընթացքում 2 անգամ է եղել, ես 2 հանդիպումներին էլ ներկա եմ եղել, և նման բան չի քննարկվել։ Վերջին հանդիպումը 3 օր առաջ՝ մարտի 11-ին է եղել, բոլոր 17 տնօրեններն էլ ներկա են եղել, հանդիպման ժամանակ նման հարց չի էլ քննարկվել, գուցե մեր մոտից ինչ-որ բան է ասվել, իրենք սխալ են հասկացել, թյուրըմբռնման արդյունք է, կարծում եմ․․․»։

Որպեսզի ծնողների համար ևս ամեն ինչ պարզ լինի, կարո՞ղ եք ասել, նախկին գործող կարգն ուժի մեջ մնալո՞ւ է, եթե երեխան առողջական խնդիրներ ունենալու պատճառով չկարողանա հաճախել մանկապարտեզ, պոլիկլինիկայից բերված տեղեկանքով բացակաները հարգելի համարվելո՞ւ են, թե՞ այնուամենայնիվ պետք է ամբողջ ամսվա վարձը վճարեն, հարցրեցինք փոխհամայնքապետին։

Վահանյանը մի քանի րոպե ժամանակ խնդրեց, որպեսզի կապ հաստատեր կրթության բաժնի պետի հետ։ Ապա խոստմանը հավատարիմ՝ կարճ ժամանակ անց զանգահարեց և ասաց․

«Եթե երեխան 5 օր չի հաճախել, հետևաբար՝ այդ օրերի համար չի վճարելու, եթե, իհարկե, պոլիկլինիկայից համապատասխան տեղեկանք է ներկայացվում։ Եթե մարդը բժշկի թուղթ է բերում, որ երեխան առողջական խնդիր է ունեցել, միանշանակ այդ օրերի համար ծնողը չի վճարելու։ Մենք այդ ժամանակահատվածի համար ծախս չենք անում, հետևաբար՝ գումար էլ չենք վերցնելու․․․»։

Քանի որ ծնողները մեզ նաև ձայնագրություններ և ընդհանուր խմբերում դաստիարակների գրառումներն են ուղարկել, հարց է առաջանում՝ ո՞վ և ի՞նչ նպատակով է ստում․․․

168.am-ը ուշադիր կհետևի այստեղ կատարվող զարգացումներին և, խնդիրներ լինելուն պես, կբարձրաձայնի դրանց մասին՝ փորձելով դրանց լուծումներ տալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս