Ալիևը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ավանտյուրան

Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարում է, որ Ադրբեջանն ամեն պահի կարող է հարձակվել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի վրա, հանգամանորեն հիմնավորում է իր այդ հայտարարությունը և ելույթի վերջում․․․ հույս է հայտնում, որ մի քանի օր անց Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ «քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»։

Այս երկու հայտարարությունների միջև տրամաբանական կապ գտնելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ դժվար է տրամաբանություն գտնել, երբ մարդը հայտարարում է, որ շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է ռազմական ագրեսիա իրականացնել, և միևնույն ժամանակ՝ հույս է հայտնում «համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»։ Խաղաղության պայմանագիր կնքել մեկի հետ, ով գրեթե ամենժամյա հարձակման սպառնալիք է ներկայացնում, մեղմ ասած, հնարավոր չէ։

Ավելի ճիշտ՝ հնարավոր է միայն մի դեպքում, երբ այդ բանակցություններին գնացող կողմերից մեկը ներկայանում է մյուս կողմի բոլոր պահանջները կատարելու պատրաստակամությամբ։ Հենց դա է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, որն իրականում ոչ թե տրամաբանություն է, այլ ավանտյուրա՝ սեփական հասարակության ու պետության հանդեպ։

Նիկոլ Փաշինյանը, մի կողմից՝ հանրությանը վախեցնում է հնարավոր պատերազմով, մյուս կողմից՝ սլանում է պատերազմով սպառնացողի հետ հանդիպման՝ հույս հայտնելով համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը։ Հաշվարկը շատ պարզ է, ավելի ճիշտ՝ պարզամիտ․ Հայաստանում գեներացնել պատերազմի վտանգ, մարդկանց մեջ վախ ներշնչել, որպեսզի Ալիևի հետ ստորագրվելիք ցանկացած, այդ թվում՝ նվաստացուցիչ փաստաթուղթ ներկայացվի՝ որպես պատերազմից խուսափելու միակ հնարավորություն, ինքն էլ ներկայանա՝ որպես փրկիչ, ով կանխել է հերթական պատերազմը։

Նիկոլ Փաշինյանի ավանտյուրան բացահայտում է ոչ միայն նրա հաշվարկի պարզունակությունը, այլ իր իսկ հույսի աղբյուրը՝ Իլհամ Ալիևը, ով նույն օրը հայտարարում է․

«Մենք պետք է շարժվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը»։ Ալիևին պետք է «կարճ ժամկետներում» ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բնականաբար՝ իրեն ձեռնտու պայմաններով, որոնց Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլ կողմ է՝ առանց ավելորդ ձևականությունների։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև սկզբունքային համաձայնությունը կայացել է և հիմա ընթանում է դրան «հասարակությանը պատրաստելու» փուլը, որն իրականացվում է համապատասխան քարոզչական ու այլ մանիպուլյատիվ տեխնոլոգիաների միջոցով։

Արցախում կամ հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին հնչող ցանկացած կրակոց իրականում ծառայում է «կարճ ժամկետներում» Խաղաղության պայմանագիր ստորագրելու Իլհամ Ալիևի նպատակին, որին ձգտում է նաև Հայաստանը։ Դա նշանակում է, որ այդ փաստաթղթի ստորագրմանը ցանկացած դիմադրություն կարող է ուղեկցվել զինված միջադեպերի աճով, ընդհուպ՝ կամ լայնածավալ ռազմական գործողություններով, կամ դրանց իմիտացիայով։

Նպատակը պարզ է՝ պատերազմի միջոցով ցույց տալ, թե որքան արժեքավոր է խաղաղությունը։

Եթե անգամ դա միայն Ադրբեջանին ձեռնտու խաղաղություն է։

Հ․Գ․ Իսկ գուցե Քարագլուխը հանձնվել է, որպեսզի հնարավոր դառնա բրյուսելյան հանդիպումը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս