Նիկոլ Փաշինյա՞նը չի ուզում, թե՞ Փաշինյանին չեն ուզում. ինչո՞ւ է դեռ թափուր ԳՇ պետի պաշտոնը

Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով Արտակ Դավթյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից։

Սա բավականին խորհրդանշական պաշտոնանկություն էր այն առումով, որ մեկ տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերը՝ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, և այս գործողությունների արդյունքում Գասպարյանը պաշտոնանկ արվեց, և նրան փոխարինեց Արտակ Դավթյանը:

Ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ նախապես ծրագրված գործողություն, բայց 2020թ. հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գեներալ Օնիկ Գասպարյանը նշանակվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով Արտակ Դավթյանին, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսին:

Ավելին, Արտակ Դավթյանին ազատում են համաճարակային իրավիճակում որդու հարսանիքը կազմակերպելու անհեթեթ պատրվակով, թեպետ ինքը՝ Դավթյանը, հերքում է ավելի ուշ՝ չմանրամասնելով պատճառը: Իսկ պատերազմից հետո՝ 2021 թվականի մարտի 22-ին, իրավունքի ուժով Արտակ Դավթյանը վերադառնում է ԳՇ պետի պաշտոնին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին:

Ստացվում է, որ Արտակ Դավթյանը պատերազմից առաջ հեռանում է և վերադառնում է պատերազմից հետո: Երկրի Գլխավոր շտաբի պետին նման զավեշտալի պատրվակով չեն ազատում պաշտոնից:

Ի դեպ, «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ նախքան պատերազմն ավելի լայնածավալ պատերազմի հնարավոր սցենարներ են ներկայացվել ԱԽ-ին և վարչապետին:

Ինչ է ստացվում՝ Արտակ Դավթյանի չգաղտնազերծած պատճառը պատերազմի սկսման հնարավոր ժամկետին և սցենարների՞ն էր վերաբերում:

Ի դեպ, 168.am-ը 2021-ի սեպտեմբերին ծավալուն հոդվածով անդրադարձել էր Արցախյան վերջին պատերազմի սցենարի հայտնի լինելու փաստին: Եղել են նաև այլ հրապարակումներ:

Վերադառնալով Արտակ Դավթյանի վերջին պաշտոնանկությանը, նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ ազատման դիմում Արտակ Դավթյանն ինքն է գրել: Գուցե՝ ինքնակամ, գուցե՝ ստիպել են: Տեղեկությունները տարբեր են:

Մեզ հասած տեղեկություններով, հրթիռների գործով անցնող Արտակ Դավթյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, այսինքն, ինչ-որ առումով դեռ ծառայության մեջ է: Գուցե երրորդ անգա՞մ վերադառնա ԳՇ պետի պաշտոնին: Ով գիտի: Ասում են՝ մի առիթով Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է, որ Արտակ Դավթյանի հետ հաճույքով է աշխատում:

Ինչ վերաբերում է ԳՇ պետի թեկնածուներին, ապա նախքան Արտակ Դավթյանի պաշտոնանկությունը քննարկվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի թեկնածությունը, որին մեղադրանք է առաջադրվել, և իշխանությունները պատրաստվում են կալանավորել:

Արտակ Դավթյանի պաշտոնանկությունից հետո նրա թեկնածությունը այլևս չի քննարկվել:

Տեղեկություններն այս հարցում ևս տարբեր են. մի մասի համաձայն՝ Փիլոյանը հրաժարվել է դառնալ ԳՇ պետ, այլ տեղեկություններով՝ Փիլոյանը պաշտոնից հրաժարվողը չէ:

Սրանից հետո բավականին երկար ժամանակ քննարկման օրակարգում են եղել գեներալներ Կամո Քոչունցի և Առաքել Մարտիկյանի թեկնածությունները:

Մեզ հասած տեղեկություններով՝ Առաքել Մարտիկյանը հրաժարվել է ԳՇ պետ դառնալու առաջարկից: Նա այս պահին զբաղեցնում է ԳՇ պետի տեղակալի պաշտոնը:

Ինչ վերաբերում է ԳՇ պետի առաջին տեղակալ, ԳՇ պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին, ապա ՔՊ-ականների վերաբերմունքը նրա նկատմամբ միանշանակ չէ, եթե չասենք՝ այնքան էլ ընդունելի չէ:

Ի դեպ, Քոչունցին համարում են Մովսես Հակոբյանի «կադրը»: Օրինակ, երբ Մովսես Հակոբյանը նշանակվել էր ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Քոչունցը նշանակվել էր նրա տեղակալ: Երբ Մովսես Հակոբյանը մինչ այդ ռազմական գլխավոր տեսուչն էր, Քոչունցը դարձյալ նրա տեղակալն էր:

Ավելի ուշ, 168.am-ի տեղեկություններով, մի պահ ԳՇ պետի պաշտոնում քննարկվել է անգամ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի թեկնածությունը, սակայն զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված վերջին միջադեպերը, նաև՝ Ներքին Հանդի հետ կապված դեպքերի շուրջ աղմուկը ստիպել են իշխանություններին մտափոխվել:

Այս պահի դրությամբ ԳՇ-ն պետ չունի՝ արդեն մեկ ամիս: Եվ սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել»:

Ըստ էության, ԳՇ պետի բացակայությունը խոսում է այն մասին, որ չբացառելով պատերազմի հավանականությունը, գեներալներից ոչ ոք չի ցանկանում բեռի տակ մտնել:

Թեպետ նրանցից շատերը վերջին պատերազմի ժամանակ տարբեր պաշտոններ են զբաղեցրել և այս կամ այն չափով պատասխանատվության տակ են:

Օրինակ, Առաքել Մարտիկյանը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը:

Տեսանյութեր

Լրահոս