Բաժիններ՝

Ժամանակավոր պաշտոնակատարը հաղթեց նախկին տնօրենին. Երևանի թիվ 163 հիմնական դպրոցը 6 ամիս անց նոր տնօրեն ունի

2021 թվականի հոկտեմբերից «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում փորձում էին տնօրեն ընտրել, ու այն հաջողվեց 6 ամիս անց:

Այսպիսով, 2022թ. մարտի 16-ին տեղի է ունեցել մանկավարժական խորհրդի նիստ, որին մասնակցել է 42 անդամից 40-ը: Տեղի է ունեցել հանդիպում 4 հավակնորդի հետ և փակ քվեարկություն: Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր պաշտոնի համար դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացրել են Անի Դանիելյանը, Ադելինա Սահակյանը, Նարինե Վարդերեսյանն ու Հասմիկ Օհանյանը: Քվեարկության արդյունքում Անի Դանիելյանը ստացել է 31 ձայն, Նարինե Վարդերեսյանը՝ 7, Ադելինա Սահակյանը՝ 2 ձայն, իսկ Հասմիկ Օհանյանի օգտին ոչ ոք չի քվեարկել:

Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել նաև ծնողական խորհրդի հետ, որին մասնակցել է 20 ծնող: Հասմիկ Օհանյանի և Ադելինա Սահակյանի օգտին ոչ ոք չի քվեարկել, իսկ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Անի Դանիելյանը ստացել է  14 ձայն, նախկին տնօրեն Նարինե Վարդերեսյանը՝ 3:

Դպրոցից 168.am-ին հայտնեցին, որ մարտի 25-ին կոլեգիալ կառավարման խորհրդի նիստ է կայացել: Նիստին մասնակցել է խորհրդի 9 անդամ, ներկայացուցիչներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից:

Տնօրենի հավակնորդները ներկայացրել են 2022-2027թթ. դպրոցի զարգացման իրենց ծրագրերը:

Ելնելով բաց քվեարկության արդյունքներից՝ ներկա 9 անդամներից 8 կողմ ձայնով  «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Անի Դանիելյանը, ով մինչ այս աշխատում էր Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցում՝ որպես  պատմության ուսուցչուհի:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որով պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ էին կատարել՝ տնօրենի ընտրությունն անցկացվում է 3 փուլով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս