Երևանի թիվ 163 հիմնական դպրոցում երրորդ անգամ չկարողացան տնօրեն ընտրել
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոյեմբերի 25-ին տեղի էր ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի ընտրությունը, որն անցկացվել էր պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի համաձայն: Իսկ այդ կարգն էլ սահմանվել էր «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 163-Ն որոշման» և հավելված «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման» մեջ:
Հավակնորդները ներկայացրել էին զարգացման ծրագրեր, տեղի էր ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի բաց քվեարկություն: Նիստին մասնակցել էին կառավարման խորհրդի 9 անդամները, ինչպես նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ: Թափուր տեղի համար դպրոցի զարգացման ծրագրերը ներկայացրել էին հավակնորդներ Անի Դանիելյանը, Նարինե Վարդերեսյանը, Հասմիկ Օհանյանը: Կատարվել էր բաց քվեարկություն: Անի Դանիելյանը ստացել էր 4 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ:
Նարինե Վարդերեսյանի դեպքում էլ քվեարկությունը նույն համամասնությամբ էր եղել՝ կողմ՝ 4-ը, դեմ՝ 4-ը, ձեռնպահ՝ 1-ը: Հասմիկ Օհանյանը ստացել էր 0 ձայն:
Քանի որ քվեարկության արդյունքում տնօրենի ընտրությունը չէր կայացել, հայտարարվել էր նոր մրցույթ, որը տեղի էր ունեցել 2022 թվականի հունվարի չորսին:
Դպրոցի կառավարման խորհրդից 168.am–ին հայտնեցին, որ նիստին մասնակցել էր կառավարման խորհրդի 9 անդամներից 8-ը, ԿԳՄՍՆ և Քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Թեկնածուները եղել են երեքը. Անի Դանիելյան, Նարինե Վարդերեսյան, Հասմիկ Օհանյան: Մինչ այդ, դեկտեմբերի 22-ին մանկավարաժական խորհրդի նիստի ժամանակ 42 հոգուց ընտրությանը մասնակցել է 40-ը, ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. Անի Դանիելյան՝ 27 կողմ, Նարինե Վարդերեսյան՝ 13 կողմ, Հասմիկ Օհանյանի օգտին ոչ ոք չէր քվեարկել:
Իսկ դեկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել ծնողական խորհրդի նիստը, 17 ընտրողից ներկա էին 14-ը, քվեարկության արդյունքում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. Անի Դանիելյան՝ 11 կողմ, Նարինե Վարդերեսյան՝ 3 կողմ, իսկ Հասմիկ Օհանյանին կրկին ոչ ոք կողմ չէր քվեարկել:
Հունվարի 4-ին տեղի էր ունեցել կառավարման խորհրդի նիստը, որի ժամանակ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անի Դանիելյանը ստացել էր 4 կողմ, 4 դեմ ձայն, Նարինե Վարդերեսյանը՝ 2 կողմ, 6 դեմ:
Արդյունքում՝ թեկնածուներից և ոչ մեկը չէր հաղթահարել պահանջվող անցողիկ շեմը: Այս անգամ տնօրեն չընտրվեց, և կառավարման խորհուրդը հայտարարեց նոր մրցույթ անցկացնելու մասին, որը տեղի կունենա փետրվարի 14-ին: