ՀՀ-ում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թվի էական փոփոխություն տեղի չի ունեցել
Ռուս-ուկրաինական զարգացումներով պայմանավորված ՌԴ-ից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ քաղաքացիներ: Այս ընթացքում տարբեր գերատեսչություններ հայտնեցին, որ տեղափոխվածները հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են և հետաքրքրվում են հայկական շուկա իրենց բիզնեսը տեղափոխելու հարցով: Քանի որ շատերը տեղափոխվել են Հայաստան ընտանիքներով, հարց է առաջանում, թե տեղական ո՞ր դպրոցներում նրանք կարող են ապահովել իրենց երեխաների կրթությունը: Հայաստանում հանրակրթության համակարգը, ըստ էության, միալեզու է` օտար լեզուների խորացված ուսուցմամբ: Գործում են նաև օտար լեզվով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներ:
ՀՀ-ում կրթության լեզուն հայերենն է, 2-րդ դասարանից պարտադիր դասավանդվում է ռուսերեն, 3-րդ դասարանից՝ անգլերեն (ֆրանսերեն, գերմաներեն) կամ որևէ այլ օտար լեզու: Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ուսումնասիրվում է ռուսերեն:
«Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում: Հայաստանի 45 պետական հանրակրթական դպրոցներ ունեն ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Հայաստանի ռուսերենով ուսուցմամբ դասարաններում փետրվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում սովորողների թվի էական փոփոխություն տեղի չի ունեցել»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:
Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները տնօրենը կամ նրա հրամանով նշանակված պատասխանատու աշխատակիցը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»: