Մեղավորը ռուսը չէ. մեղավորն այն հայն է, որը մտածում էր՝ ռուսի ուսերին կգցի Ղարաբաղի պրոբլեմը և կշարունակի թուրքի հետ սիրախաղեր տալ. Արմինե Ադիբեկյան

Արցախում անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների քայլերն անհամարժեք են ստեղծված իրավիճակին:

168.am-ի հարցին, թե ի՞նչ պետք է արվի, որ չեն անում, ադրբեջանագետը պարզաբանեց. «Առաջին հերթին՝ զբաղվեն բանակի ամրապնդմամբ, զենք գնեն, պատրաստվեն նոր պատերազմի, որը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրկյանի, բոլոր միջազգային հարթակներում ներկայացնել և պարտադրել միջազգային հանրությանը սաստել Ադրբեջանին»:

Նա նկատեց`Ադրբեջանը մշտապես խախտել է պայմանավորվածությունները, սակայն, եթե նախկին իշխանությունների օրոք նման դեպքերը ներկայացվել են միջազգային հանրությանը և հնարավոր է եղել սաստել Ադրբեջանին, այժմ դա չի արվում:

«Ավելին՝ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, թե պետք է խաղաղություն լինի, պետք է եղբայրություն անենք: Այսինքն՝ մարդն ասում է, որ թուրքի ցավն իր համար շատ ավելի կարևոր է, քան, օրինակ, Խրամորթ գյուղի բնակիչ Նազիկ տատի անվտանգությունն ու շահերը:

Մյուս պատգամավորն ասում է՝ պետք է ամեն պահ պատրաստ լինենք առանց գազ ապրել, մեկ այլ պատգամավոր ասում է՝ այդ ամեն ինչը սուտ է, նման բան չկա. մենք գնում ենք խաղաղության դարաշրջան, իսկ ի՞նչ են անում ադրբեջանցիները՝ մեզ չի հետաքրքրում: Այսինքն՝ Հայաստանը ոչինչ չի անում, ինչ բխում է հայկական կողմի, հայ ժողովրդի շահերից, և անում է ամեն ինչ, ինչն ամրապնդում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»,- ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցի քննարկումն ադրբեջանցիների հետ չբացառելու վերաբերյալ նկատառմանը՝ Ա․ Ադիբեկյանը նշեց.

«Մարիա Կարապետյանը հին թուրքաֆիլ է. նրանից ուրիշ ոչինչ հնարավոր չէ ակնկալել: Այդ աղջիկը տարիներ շարունակ աշխատավարձ է ստացել թուրք սիրելու համար»:

Արցախում ռուս խաղաղապահների գործունեության մասին հնչող քննադատություններին, իրադրությունը բացառապես ռուս խաղաղապահների գործունեությամբ պայմանավորող պաշտոնական ակնարկներին՝ ադրբեջանագետը հակադարձում է հետևյալ դիտարկմամբ. «Տարածաշրջանում միայն մեկ որակյալ խաղաղապահ զորք կար՝ ՀՀ բանակն էր՝ մինչև դրա կազմաքանդումը քայլող թյուրիմացության կողմից:

Թյուրիմացություն է ակնկալել, որ ինչ-որ օտարերկրյա բանակ, զինվոր կզոհաբերի կյանքը՝ պաշտպանելով հայ գյուղացու անվտանգությունը. այժմ ՌԴ-ն անում է այն, ինչ թելադրում է տրամաբանությունը, քանի որ նրանք չեն կարող մեզնից առավել հայ լինել, և հաջորդը՝ այն, ինչ ֆիքսված է նրանց տրամադրված մանդատի մեջ, իսկ մանդատում նշված չէ, որ պետք է զոհվեն, որ պաշտպանեն հայերին: Հայերն իրենք պետք է պաշտպանեն իրենց անվտանգությունը: Դրա համար դժգոհություն հայտնելուց առաջ թող տեսնեն՝ ում են նրանք տվել մանդատը և ինչ պայմաններով, հետո նոր «թափ տան» այն, ինչ ուզում են «թափ տալ»:

Այսինքն՝ մեղավորը ռուսը չէ. մեղավորն այն հայն է, որը մտածում էր՝ ռուսի ուսերին կգցի Ղարաբաղի պրոբլեմը և հանգիստ կշարունակի թուրքի հետ սիրախաղեր տալ»:

Արմինե Ադիբեկյանը ցավով է արձանագրում՝ մոտ ժամանակներում չի բացառում հնարավոր պատերազմը, ապա նշում է՝ մենք այդ պատերազմին պատրաստ չենք:

«Մեր պաշտպանության նախարարը, ունենալով լարվածություն սահմանի ողջ երկայնքով և ադրբեջանցիների ներխուժում, գնում է Վեդի՝ «Նիկոլ Փաշինյան» ագիտացիա անելու: Ստացվում է՝ մեր բանակը ղեկավարում է մի անձ, որը բացարձակապես պատկերացում չունի պաշտպանության նախարարի գործառույթների մասին: Ասեմ ավելին՝ ՀՀ-ն չունի ԳՇ պետ»,- հավելեց ադրբեջանագետը:

Արդյոք Ադրբեջանը կլսի՞ ԱԽ հորդորը՝ անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ, մեր վերջին հարցադրմանը ադրբեջանագետը պատասխանեց.

«Հիմա Ալիևը վազելով կկատարի Արմեն Գրիգորյանի հորդորը: Իսկ ինձ կհիշեցնե՞ք՝ Արմեն Գրիգորյանը դրանից առաջ էլ ե՞րբ է ելույթ ունեցել, իսկ այն իրավիճակը, որում գտնվում ենք, որում նրանք մեզ գցել են, նա պետք է իր կաբինետից դուրս չգար, առավոտից երեկո պատվիրակություններ ընդուներ, քննարկումներ կազմակերպեր, դեսպանատներ գնար կամ դեսպաններին հրավիրեր և լուծումներ գտներ:

Այդ մարդիկ պատկերացում չունեն՝ ինչ է նշանակում՝ ղեկավարել երկիր, ապահովել անվտանգություն, և որն է իրենց գործառույթները: Եթե այս պահին զանգահարենք Արմեն Գրիգորյանին և հարցնենք՝ որտեղ են գտնվում ադրբեջանական զորքերն այս պահին, նա չի ասի, տեղյակ չէ անգամ, ինչպես նաև՝ Սուրեն Պապիկյանին, բայց «զատո» ինքը շատ լավ գիտի՝ Վեդիում քանի հոգի են Նիկոլին ձայն տվել»:

Տեղեկացնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբն այսօր հայտնել է, որ մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:

«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը:

Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,- ասվում է շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք՝ ՌԴ խաղաղապահները ռեզերվային ուժեր են առաջ քաշել Փառուխում ադրբեջանական զորքի առաջխաղացումը կասեցնելու համար:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային լարված իրավիճակը քննարկվել է նաև երեկ ՀՀ ԱԽ նիստում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իրադրության վերլուծությունը ցույց է տվել, Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ. «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»:

Հիշեցնենք՝ մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ խաղաղապահ ջոկատին հաջողվել է ադրբեջանական ուժերին հետ ուղարկել Փառուխ բնակավայրից, ու բանակցություններն իրավիճակը կայունացնելու համար շարունակվում են։ Սակայն չէր ուշացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը․ ՌԴ ՊՆ հաղորդագրության «որոշ կետեր» չեն համապատասխանում իրականությանը, և ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»: Բացի այդ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել էր ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակները։

Տեսանյութեր

Լրահոս