Ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը ցրում հանրաքվեի թեման

Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ընթացքում իրավական գրագիտության հերթական փայլատակմամբ կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ հանդես եկավ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ում մասին ժամանակին ասում էին, որ բարձրակարգ մասնագետ է:

Հիմա Կարեն Անդրեասյանն արդարադատության նախարար է, և թվում էր՝ սա այն ոլորտն է, ուր նա պիտի երևա իր ողջ մասնագիտական պերճանքով:

168.am-ը նախկինում ևս անդրադարձել է Կարեն Անդրեասյանի իրավագիտական մտքի գոհարներին, սակայն, որ սահմանադրական ամենատարրական իրողություններին արդարադատության նախարարը տեղյակ չէ, ով, ի դեպ, նաև համատեղության կարգով սահմանադրական փոփոխությունների խորհրդի նախագահն է, մեղմ ասած, տարօրինակ է:

Մարտի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրի իրավական ընթացակարգերի մասին:

«Տեսականորեն պատկերացնենք՝ բանակցություններն այս կամ այն ձևաչափով ընթացել են, միջպետական պայմանագիրը ձևակերպվել է՝ իբրև փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի»,- հետաքրքրվեց Աղվան Վարդանյանը:

Մասնագիտությամբ պատմաբան Արարատ Միրզոյանը ենթադրեց՝ միջպետական պայմանագիրը պետք է գա ԱԺ՝ վավերացման:

Արձագանքելով՝ Աղվան Վարդանյանը հիշեցրեց՝ մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը ներխուժել է ինքնիշխան Հայաստանի տարածք: Որ նման փաստաթղթերը պետք է գան Սահմանադրական դատարան (ՍԴ), այնուհետև՝ Խորհրդարան, հասկանալի է… Հնարավո՞ր է՝ այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք նաև մտածենք հանրաքվեի մասին:

«Անկեղծ ասած, հարցը նոր է ինձ համար: Պետք է մտածել: Բացառել չեմ կարող ոչինչ, այսինքն՝ սկզբունքային բան չկա բացառելու: Բազմաթիվ հանգամանքներից է կախված»,- կրկնում ենք, մասնագիտությամբ ոչ իրավաբան արտաքին գործերի նախարարի պատասխանն է սա:

Հաջորդիվ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Կարեն Անդրեասյանին՝ կապված «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում իր նախաձեռնած փոփոխությունների հետ:

Կարեն Անդրեասյանը մինչ հարցին պատասխանելն իրավամբ համարեց, որ Աղվան Վարդանյանի հարցը հանրաքվեի վերաբերյալ իր կոմպետենցիայի շրջանակում է, և հայտարարեց՝ «մենք նման ընթացակարգեր չունենք միջազգային որևէ համաձայնագրի, պայմանագրի հետ կապված»:

Կարեն Անդրեասյանը կամ չգիտի, կամ լավ էլ գիտի, որ նման ընթացակարգ, իհարկե, կա, և այն նախատեսված է մեր Սահմանադրությամբ, իսկ հանրաքվեի բացառումը՝ այն էլ իրավական ընթացակարգերին հղում տալով, զուտ մանիպուլյատիվ նպատակ ունի: Ժողովրդի գիտակցության միջից պետք է հանել այն միտքը, որ ինքը պետք է համաձայնություն տա ՀՀ տարածքի փոփոխությանը:

ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածը հստակ կարգավորում է ՀՀ տարածքի փոփոխության հետ կապված հարցերը:

«1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի  Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- գրված է այսօր գործող Սահմանադրության մեջ:

Իսկ եթե Կարեն Անդրեասյանն իր հայտարարության մեկնաբանության հիմքում դնի այն դիտարկումը, թե ինքը տարածքի մասին չի խոսել, այլ միջպետական պայմանագրի կամ համաձայնագրի, հատուկ նախարարի համար արձանագրենք՝ Ադրբեջանի հետ այս իշխանությունների օրոք ձևակերպված միջպետական ցանկացած փաստաթուղթ ենթադրելու է տարածքի փոփոխություն, ընդ որում՝ ի վնաս Հայաստանի:

Սահմանադրության փոփոխությունների խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն իրավական ընթացակարգերը միանգամից ու կտրուկ բացառելու փոխարեն, լավ կաներ՝ մասնագիտական մեկնաբանությամբ հանդես գար, պատգամավորներին բացատրեր, պարզաբաներ, որ այստեղ հիմնական հարցը այլ է դառնում` ո՞ր սահմաններով տարածքի մասին է խոսքը, ո՞րն է համարվում սահմանը, և սրա հետ կապված մի շարք հարցեր։

Պետք է հստակ ասեր, որ իրավական տեսանկյունից ամեն կողմ պետք է հստակ աշխատի այդ հարցերով իր տեսակետը հիմնավորելու և պնդելու ուղղությամբ, ինչը բավականին բարդ գործնական խնդիր է։ Բայց հենց հիմնավորվեց, որ գործ ունենք տարածքի փոփոխության հարցի հետ, պետք է գործեն Սահմանադրությամբ դրան առնչվող կարգավորումները, այսինքն՝ վերը բերված հոդված 205-ը: Իսկ հիմնավորելը, որ գործ ունենք տարածքի փոփոխության հետ, պետք է լինի իշխանության սրբազան պարտականությունը:

Կարեն Անդրեասյանն այս հարցերին պետք է անդրադառնար, այլ ոչ հայտարարեր, թե նման ընթացակարգեր չունենք միջազգային որևէ համաձայնագրի, պայմանագրի հետ կապված: Արդյո՞ք նախարարը չգիտեր, որ կոնկրետ իրավիճակների համար հանրաքվեի ինստիտուտ Սահմանադրությունը նախատեսում է, բայց այլ հարց է, որ այդ դեպքում հարցն է դրվում հանրաքվեի, ոչ թե միջազգային համաձայնագիրը։ Համաձայնագիրը, այսպես թե այնպես, այլ ընթացակարգերով է անցնում։ Վատ է, եթե չգիտեր, ավելի վատ է, եթե գիտեր ու այսպիսի ցածրակարգ, բայց հեռուն գնացող մանիպուլյացիաների է դիմում:

Դեռևս 2020թ. դեկտեմբերի 15-ին 168.am-ը սահմանադրագետ Անահիտ Մանասյանին խնդրել էր մեկնաբանել Մայր օրենքի 205-րդ հոդվածը:

«Սահմանադրության 205-րդ հոդվածն ըստ էության նախատեսում է, որ Հայաստանի տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով։ Հետևաբար, եթե ընթանում է գործընթաց, որը ենթադրում է Հայաստանի տարածքի փոփոխություն, ընդ որում՝ դա կարող է վերաբերել՝ ինչպես տարածքի կրճատմանը, այնպես էլ՝ մեծացմանը, ներկայացված նորմը ենթադրում է հանրաքվեի միջոցով հարցը լուծելու անհրաժեշտություն»,- ասել էր սահմանադրագետը:

Պետք է հստակ հասկանալ՝ եթե պայմանագիրն ունի քաղաքական կամ ռազմական բնույթ, վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին, պարտականություններին, համարվում է վավերացման ենթակա պայմանագիր։ Իսկ եթե վավերացման ենթակա պայմանագիր է, պարտադիր ենթադրում է ՍԴ որոշում այն մասին, որ փաստաթուղթը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Այս համատեքստում շատ կարևոր է փաստաթղթի բովանդակությունը:

Դրանից կախված՝ պարզ կլինի, թե պայմանագրի կնքման ու ուժի մեջ մտնելու ի՞նչ կանոններ պետք է գործեն:

Ու հենց այս գործընթացների մեկնարկից ու ելքից պարզ կլինի՝ իրականում ինչո՞ւ էր այս իշխանությունների համար ՍԴ կազմի փոփոխությունը կյանքի և մահվան հարց:

Տեսանյութեր

Լրահոս