«Սահմանադրության 205-րդ հոդվածն ըստ էության նախատեսում է, որ Հայաստանի տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով». Անահիտ Մանասյան

Մինչ արդեն սահմանամերձ դարձած Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի  մարզերի գյուղերի բնակիչներն ահազանգում են ադրբեջանցիների կողմից Google  map հավելվածով կամ GPS-ով սահմաններ գծելու և տեղի բնակիչներին որոշակի տարածքներ լքելու համար վերջնաժամկետ սահմանելու մասին, իշխանություններն աշխատում են հնարավորինս մոռացության տալ խնդիրը:

Մինչ Սյունիքի մարզ կատարած 2-օրյա այցից հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույն խնդրի մասին է ահազանգում` նշելով, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները, և, որ խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է, ու սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն, Նիկոլ Փաշինյանը բոլորիս համոզում էր, որ գործընթացը տեղի է ունենում ՀՀ սահմանների անփոփոխելիության շրջանակում` խուսափելով կոնկրետ հարցադրումների  պատասխանելուց:

Սակայն, չգիտես ինչու, շատերը մոռանում են ՀՀ Մայր  օրենքի` Սահմանադրության մասին, որի 205-րդ հոդվածը բոլորովին այլ բան է  ասում:

«1. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի  Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- գրված է այսօր գործող Սահմանադրության մեջ:

Սույն 205-րդ հոդվածը 168.am խնդրեց մեկնաբանել սահմանադրագետ Անահիտ  Մանասյանին:

«Սահմանադրության 205-րդ հոդվածն ըստ էության նախատեսում է, որ Հայաստանի տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով։ Հետևաբար, եթե ընթանում է գործընթաց, որը ենթադրում է Հայաստանի տարածքի փոփոխություն, ընդ որում՝ դա կարող է վերաբերել՝ ինչպես տարածքի կրճատմանը, այնպես էլ՝ մեծացմանը, ներկայացված նորմը ենթադրում է հանրաքվեի միջոցով հարցը լուծելու անհրաժեշտություն»,- ասաց սահմանադրագետը:

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է արդյոք, որ որևէ պարագայում ինչ-որ հավելվածի միջոցով սահմանագծումները չեն կարող իրավաչափ համարվել, Անահիտ Մանասյանն ասաց, որ սահմանադրական նշված նորմը վերաբերում է տարածքի փոփոխության հարցերին, այլ ոչ ընդհանուր առմամբ սահմանների դելիմիտացիային և դեմարկացիային։ Հետևաբար, եթե սահմանագծումները տարածքի փոփոխություն չեն ենթադրում, այս հոդվածի կարգավորման ոլորտում չեն ընդգրկվում։ Միևնույն ժամանակ, եթե գործ ունենանք տարածքի փոփոխության հետ, ապա ակնհայտ է, որ հարցը վերաբերելի կլինի քննարկվող սահմանադրական նորմի գործողության  շրջանակներին և պետք է լուծվի հանրաքվեի միջոցով:

«Ինչ վերաբերում է սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, դա պետք է իրականացվի միջազգային իրավունքում ու միջազգային հարաբերություններում ընդունված տարբեր կառուցակարգերի միջոցով»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Ըստ նրա` սովորաբար այդ նպատակով ձևավորվում են հանձնաժողովներ, կողմ հանդիսացող երկրներն աշխատում են այդ ուղղությամբ։ Եթե նշվածի  արդյունքում չեն կարողանում ձեռք բերել փոխադարձ համաձայնություն, կրկին օգնության են հասնում միջազգային հարաբերություններում և միջազգային իրավունքում առկա կառուցակարգերը, օրինակ, միջնորդության կամ արբիտրաժի ինստիտուտները:

«Այսինքն` գոյություն ունեն այս հարցի լուծման նաև միջազգային  կառուցակարգեր»,- ասաց սահմանադրագետը:

Վերջինիս խոսքով` կան նաև շատ այլ հարցեր, օրինակ, իրավահաջորդության  հարցը, որոնք նշված հարցերի լուծման ընթացքում պետք է առնվազն դառնան քննարկման առարկա:

«Ադրբեջանի հիմնադիր փաստաթղթերի ուսումնասիրությունն ինձ մոտ այնպիսի մասնագիտական տպավորություն է ստեղծել, որ Ադրբեջանի Հանրապետությունն անկախության հռչակման պահին իրեն դիտարկել է՝ որպես 1918-20թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ: Այդ հանգամանքը կարող է ամբողջությամբ փոխել տարածքային հարցերի քննարկման ուղղվածությունը։ Ուստի վերջինս պետք է առնվազն քննարկման առարկա դառնա նշված խնդրի իրավական ասպեկտների քննարկման համատեքստում»,- եզրափակեց Անահիտ Մանասյանը` ևս մեկ անգամ նշելով, որ ՀՀ տարածքի փոփոխությունը, ըստ Սահմանադրության, հնարավոր է  կատարել միայն հանրաքվեի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս