Ո՞ւմ և ինչի՞ են սպասում, հայտնի չէ

Կառավարությունը դեռևս չի շտապում ասել, թե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակն ինչպես կազդի Հայաստանի տնտեսության զարգացումների և տնտեսական աճի վրա։ Որ ազդեցությունը կլինի, միանշանակ է, բայց համարում են, որ գնահատական տալն առայժմ վաղ է։

Սպասվում է, որ Հայաստանի տնտեսության վրա ազդեցությունները կլինեն համաշխարհային, բայց հիմնականում Ռուսաստանի տնտեսությունից։

Տարբեր գնահատումներով՝ այս տարի Ռուսաստանում տնտեսական անկումը կարող է ընդհուպ մինչև երկնիշ լինել։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների անմիջական ու ընդգրկուն կապերը, այդ անկումը տարբեր ուղղություններով կփոխանցվի երկու երկրների տնտեսական ու ֆինանսական հարաբերությունների վրա։

Սպասվում է, որ կկրճատվեն ինչպես առևտրաշրջանառությունները, այնպես էլ Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերը։ Տնտեսական իրավիճակի վատացման և ռուբլու արժեզրկման հետևանքով դժվարություններ կստեղծվեն արտահանման ու իրացման շուկաներում։

Ինչպես Համաշխարհային բանկը, այնպես էլ Հայաստանի կենտրոնական դրամատունը կանխատեսում են, որ այս տարի Հայաստան մտնող տրանսֆերտները կնվազեն շուրջ 20 տոկոսով։ Խոսքը զուտ ռուսական տրանսֆերտների մասին չէ։ Ռուսաստանից ստացվող գումարների կրճատումը շատ ավելի մեծ կլինի։

Տրանսֆերտների 20 տոկոս անկումը վերաբերում է ընդհանուր հոսքերին։ Թեև հասկանալի է, որ կրճատումը լինելու է հիմնականում ռուսական շուկայի հաշվին։

Անցած տարի տրանսֆերտային հոսքերը կազմել են շուրջ 2 մլրդ դոլար։ Դա նշանակում է, որ Համաշխարհային բանկի և մեր կենտրոնական դրամատան կանխատեսումներն իրականանալու պարագայում պակաս կստացվի գրեթե 400 մլն դոլար։

Եթե նույնիսկ համարենք, որ 400 միլիոնը մեծ կապիտալ չէ տնտեսության համար, ապա չենք կարող նույնն ասել այդ գումարների սոցիալական նշանակության առումով։ Դրանք միջոցներ են, որոնք ստանում են մեր քաղաքացիները և ծախսում իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար։

Ու հիմա, եթե դրանք չստացվեն, դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակում կարող են հայտնվել այն քաղաքացիները, ովքեր իրենց կենցաղային հարցերը լուծում են գերազանցապես տրանսֆերտների հաշվին։

400 միլիոն դոլարի սոցիալական նշանակությունը չափազանց մեծ է, ու անհնար է դրա հետ հաշվի չնստել։

Ինչքան էլ հայտարարվի, որ տրանսֆերտների և հատկապես Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների դերը վերջին տարիներին մեր տնտեսության մեջ նվազել է, ինչը իրականում այդպես է, միևնույն է, դրանց սոցիալական նշանակությունը շարունակում է չափազանց մեծ լինել։ Բազմաթիվ ընտանիքներ իրենց գոյությունը պահպանում են հենց այդ գումարների հաշվին։

400 մլն դոլարը, եթե ոչ՝ շատ մեծ, ապա՝ փոքր գումար չէ նաև մեր տնտեսության համար։

Եթե սրան ավելացնենք այլ ոլորտներից, այդ թվում՝ արտահանումից սպասվող ֆինանսական կորուստները, իրավիճակը կարող է շատ ավելի դրամատիկ դառնալ։

Զարմանալի չէ, որ այս տարվա Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ հնչող գնահատականները գոնե այս պահին բավական մռայլ են. տնտեսական աճի հավանականությունները գնահատվում են 0-2 տոկոսի սահմաններում։ Կան նաև ավելի հոռետեսներ, ովքեր չեն բացառում, որ տնտեսությունը կրկին կարող է վերադառնալ անկումային վիճակին։

Նման վտանգներ կան, թեև կան նաև դրական հավակնություններ՝ կապված ռուսական շուկայից հեռացած բիզնեսից հետո բացված նոր հնարավորությունների հետ։

Բազմաթիվ արտասահման բիզնեսներ, ինչպես հայտնի է, լքել են ռուսական շուկան։ Նրանց տեղը հիմա բաց է, և այն կարող են լցնել ուրիշները։

Սա իսկապես հնարավորություն է բիզնեսի համար։ Բայց այդ հնարավորությունից օգտվելուց և ստեղծված իրավիճակն ի շահ մեր տնտեսության ծառայեցնելուց առաջ նախ պետք է ունենալ համապատասխան քանակի և որակի փոխարինող ապրանքներ։

Ունի՞ Հայաստանն այդպիսի ապրանքներ։ Իհարկե՝ չունի։ Եվ ոչ միայն չունի, այլև քայլեր չեն արվում պետության կողմից՝ օժանդակելու բիզնեսի գոնե այն ոլորտներին, որոնք կարող են օգտվել ստեղծված իրավիճակից և ինչ-որ չափով ավելացնել մատակարարումները ռուսական շուկայում։

Վաղուց կառավարությունը պիտի ուսումնասիրեր այդ շուկաները և փորձեր տարբեր գործիքներով օգնել տեղական արտադրողին՝ ընդլայնելու արտադրության ծավալները և ավելացնելու մատակարարումները։ Շուկայում ազատ տեղերը երկար չեն մնում, դրանք շատ արագ լցվում են այլ մատակարարների կողմից։ Ու եթե մենք չենք կարողանալու օգտվել դրանից, օգտվելու են ուրիշները։

Նստել ու սպասել, որ ազատված շուկաները կարող են հնարավորություն տալ փոխհատուցել այլ ուղղություններից ի հայտ եկած տնտեսական ու ֆինանսական կորուստները, ծիծաղելի է։ Նույն կերպ էլ ժամանակին, երբ նոր էր սկսվել համավարակը, կառավարությունը մտածում էր զբաղեցնել համաշխարհային ապրանքային շուկայում առաջացած բացերը։

Թե ի՞նչ ունեցանք, բոլորն էլ տեսան. Հայաստանը ոչ միայն չկարողացավ որևէ բաց լցնել ազատված համաշխարհային շուկաներում, այլև ինքն էր ստիպված կրել դրա ուղղակի ազդեցությունը։

Հիմա էլ նույնն է։ Ու չնայած կան այս իրավիճակից նաև քիչ թե շատ ձեռքբերումներով դուրս գալու հնարավորություններ, կառավարությունը մատը մատին չի խփում։

Ո՞ւմ և ինչի՞ են սպասում, հայտնի չէ։ Կարծես ուրիշները պիտի գան ու իրենց փոխարեն գործ անեն։

Վաղն էլ, երբ գա տնտեսական տարին ամփոփելու ժամանակն ու պարզվի, որ նախատեսված տնտեսական աճը կրկին մնացել է թղթի վրա, արդարանալու են, թե ստեղծված իրավիճակում այլ կերպ չէր էլ կարող լինել, կարող էր նույնիսկ ավելի վատ լինել։ Այնինչ՝ վաղվա մասին այսօր է պետք մտածել և իրավիճակից ելնելով՝ քայլեր ձեռնարկել։ Թե չէ, արդարացումներ միշտ էլ կարելի է գտնել։ Իսկ ի՞նչ է շահում դրանից հասարակ քաղաքացին, ով տարիներ շարունակ միայն խոստումներ է լսում ու սպասում, որ մի օր իր վիճակն էլ կլավանա։ Բայց չի լավանում, մի բան էլ վատանում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս