Փաշինյանը ՌԴ-ից դեպի ՆԱՏՕ ռազմաքաղաքական կո՞ւրս է ուզում փոխել. Ի՞նչ է ակնարկում Անդրանիկ Քոչարյանը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ հետևում է ռուս-ուկրաինական պատերազմին՝ հասկանալու կողմերի ռազմական կարողությունների մակարդակը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ և հիմնականում սպառազինություն ձեռք է բերում ՌԴ-ից:

«Մեր բանակը, մեծամասամբ, ընդօրինակում է ՌԴ-ի ձեռքբերումները, հաջողությունները և անհաջողությունները ևս»,- շեշտել է Քոչարյանը:

Այն, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը, առավելևս՝ պարտությունն իր ազդեցությունն է ունենալու ՀՀ-ի և Արցախի անվտանգային խնդիրների վրա, դա միանշանակ է, հատկապես, երբ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի և Արցախի անվտանգությունը շատ մեծ կախվածության մեջ հայտնվեց ՌԴ-ից, եթե չասենք՝ Արցախի անվտանգության երաշխավորն այսօր ռուսական կողմն է, թեպետ ռուս խաղաղապահների լիազորությունները մեծ չեն:

Բայց խոսքը սրա մասին չէ, այլ Անդրանիկ Քոչարյանի խոսքի շարունակության, որը չի կարող առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության լինել:

«Այս պատերազմը ստիպելու է, որ ՌԴ-ն արագ արդիականացնի իր բանակը: Ակնհայտ տեսանելի է ՌԴ բանակի կառավարման մակարդակի անկումը, սպառազինության ոչ այն պատկերացումները, որ պարբերաբար նշվում էին ՌԴ-ի սպառազինության նոր առավելությունները, և այլն: 27-րդ օրն է, և ռազմական այն խնդիրը, որ դրված էր քաղաքական ղեկավարության կողմից Ուկրաինայում հատուկ օպերացիա անցկացնելու ժամանակ, իրականություն չի դարձել: Փոխարենը՝ տեսանելի են դառնում այն բոլոր հատուկ ստորաբաժանումները, որոնք ՌԴ-ն միշտ գոհունակությամբ ներկայացրել է ամբողջ աշխարհին՝ ասելով, որ արդիականացրել է բանակը: Մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ մեծամասամբ»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը:

Ի դեպ, հաղորդավարն իր հերթին լրացրել է՝ ակնարկելով, որ արցախյան վերջին պատերազմում պարտվեցինք նաև ռուսական մոդելի, ռուսական ռազմական «դպրոցի», չպայթած-կիսապայթած զինամթերքի պատճառով:

«Նախկինում եթե հասկանալի էր, թե ինչու ենք մեր բանակը արդիականացնում ռուսական մոդելով, հիմա ինչո՞ւ ենք մենք գնում այդ ճանապարհով: Մենք այսպես չե՞նք պատրաստվում նորից պարտության»,- շարունակել է հաղորդավարը:

Անդրանիկ Քոչարյանը սրան հավելել է, որ արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանը ուներ ոչ միայն ռուսական, այլև առաջադեմ երկրների սպառազինություն՝ Իսրայել, Թուրքիա: «Նաև իրենց ռազմարդյունաբերական համալիրն արագ զարգացավ՝ 1994-ից սկսած»,- ընդգծել է ՔՊ-ական պատգամավորը:

Այո, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառել է ոչ միայն ռուսական արտադրության սպառազինություն:

Այո, Ադրբեջանը պատերազմի ժամանակ առաջնորդվել է թուրքական կառավարման մոդելով, որի ուղղությամբ սկսել էր աշխատել դեռ պատերազմից առաջ:

Այո, ռուսական մոդել որդեգրած մեր բանակը վերջին պատերազմի ժամանակ կռվել է ՆԱՏՕ-ական կառավարման մոդելով առաջնորդվող ադրբեջանական բանակի դեմ, երբ Ադրբեջանի Գլխավոր շտաբը թուրք զինվորականներն էին, ըստ էության, ղեկավարում: Բայց սա, բնավ, չի արդարացնում այն փաստը, որ 44-օրյա պատերազմի արդեն 7-րդ օրը հայկական ռազմական ղեկավարությունը կորցրել է զինված ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» է տվել, կամ մոբիլիզացիա, ըստ էության, տեղի չի ունեցել:

44-օրյա պատերազմի ժամանակ որոշումները հաճախ ընդունվել են «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում՝ մի քանի մարդկանց մոտ, որոնց մի մասը բանակից, ռազմական որոշումներից առհասարակ բան չէր հասկանում:

Մինչդեռ նման որոշումները պետք է ընդունվեն ՊԲ հրամանատարական կետի ծառայողական պարտականություններ կատարող զորատեսակների, ծառայությունների ներկայությամբ:

Այլ կերպ՝ դրա համապատասխան վայրում՝ մարտական կառավարման կետում, և ամենակարևորը՝ ընդհանուր օպերատիվ պլանավորման օղակում, որտեղ կա շտաբ, հրամանատար, կան շտաբի բոլոր զորատեսակները, ծառայությունները, որոնք էլ իրենց առաջարկությունները կանեն:

Այսինքն, եթե պատերազմի ժամանակ երկիրն ու բանակը ղեկավարվել է «ոտքի վրա», արդյոք սա ռուսական մոդելի՞ խնդիրն է:

Այո, ռազմական կարողությունները պետք է անընդհատ համապատասխանեցնել արդի մարտահրավերներին՝ դրսևորելով ռազմաքաղաքական ճկուն քաղաքականություն:

Անդրանիկ Քոչարյանը, բնականաբար, իրենց մեղավորությունը, ձախողումները, կոպտագույն սխալները դարձյալ փորձում է բարդել նախկինների վրա: Իսկ այն մասին, որ նախկինների կառուցած անհաղթահարելի պատնեշ հիշեցնող դիրքերը, հրամանատարական կետերն անցել են Ադրբեջանին, բնականաբար, Անդրանիկ Քոչարյանը և փաշինյանական թիմը չի խոսի, երբ դրանցում ստեղծված պայմանները, թունելների առկայությունը և չափսերը հարուցել են Ադրբեջանի խիստ զարմանքը: Սա՝ առաջին:

Երկրորդ, ի՞նչ է արել Փաշինյանը իր կառավարման 4 տարվա ընթացքում, որքանո՞վ է կատարվել, օրինակ, 2018-ի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, որում ասվում է՝ պաշտպանության երկարաժամկետ պլանավորման նպատակներն ու խնդիրները պետք է սահմանվեն առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների եւ հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա: Այդ նպատակով Փաշինյանը խոստանում էր նախաձեռնել պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթաց` սահմանելով հետևյալ քաղաքական պահանջները.

Զինված ուժերը ունակ են լինելու ադապտացվելու ռազմական անվտանգության ապահովման և պատերազմի վարման փոփոխվող պահանջներին, անընդհատ կատարելագործվելու են, ի զորու են լինելու կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները, ունենալու են ժամանակակից ռազմագիտության վրա հիմնված ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարողություններ` որոշումների կայացման և գործողությունների իրականացման ընթացքում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:

Զինված ուժերը համալրված են լինելու այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով և տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով, որոնք ավելացնելու են իրենց հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը, հետևողականորեն զարգացնելու են բազմաֆունկցիոնալ ավիացիան, անօդաչու թռչող սարքերի համակարգերը, հակառակորդի տարածքի ամբողջ խորությամբ ռադիոէլեկտրոնային ու օդային հետախուզության կարողությունները: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվելու են ռազմական կործանիչներով։

Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Հայկական զինված ուժերը համալրված են լինելու տեղական ռազմական արդյունաբերության արտադրանքով, որը շարունակական կատարելագործման միջոցով ապահովելու է բանակի մարտունակությունը:

Զինված ուժերի կառավարման համակարգը լինելու է առավելապես ավտոմատացված, ունենալու է ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն, ինչպես նաև կիբեր պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկա և կարողություններ, առաջնորդվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:

Զինված ուժերի մարտական հերթապահության համակարգն աշխարհագրորեն թույլատրելի հատվածներում աստիճանաբար փոխարինելու ենք դինամիկ պաշտպանությամբ, դարձնելու ենք տեխնոլոգիապես և ինժեներական առումով հագեցված՝ անձնակազմի առավելագույն անվտանգությունն ապահովելու նպատակով:

Եթե Անդրանիկ Քոչարյանին կամ Փաշինյանին թվում է, որ 2019-ին ծախսված գումարի չափի առումով, այսպես ասած, աննախադեպ սպառազինության ձեռքբերումը կարելի է համարել 2018-ի նախընտրական խոստումների իրականացում, ապա չարաչար սխալվում են: Առավել ևս, որ սպառազինության ձեռքբերումը և պայմանագրերը կնքվել են նախկին իշխանությունների օրոք, և մինչ օրս այդ պայմանագրերն են շարունակվում:

Դեռ անցած տարի 168.amանդրադարձել էր Փաշինյանի ռազմական մանիպուլյացիաներին և չփակած էջերին:

Երրորդ, 44-օրյա պատերազմից անցել է 1.5 տարի, միգուցե Անդրանիկ Քոչարյանը ներկայացնի՝ ի՞նչ է արվել, վերջապես ո՞ւր ենք գնում, ի՞նչ մոդելի բանակ ենք ուզում, ի՞նչ նոր բնագծեր ենք կառուցել, ի՞նչ նոր սպառազինություն ենք գնել, ի՞նչ գործնական հետևություններ ենք արել: Ավտորիտար համարվող Ադրբեջանի ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ բաց խոսել է այս մասին, թեպետ իրենց դեպքում ամեն ինչ պարզից էլ պարզ է:

2022թ. հունվարի 12-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը որոշակի փակագծեր է բացել, թե ինչ բացթողումներ են եղել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և ինչի վրա են շեշտը դնելու ադրբեջանական բանակի զարգացման և հզորացման հետպատերազմյան գործընթացում:

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ռազմական ենթակառուցվածքների ինչ էլեմենտներ կամ գործի չեն դրվել, կամ դրվել են շատ սահմանափակ ֆորմատով, կամ էլ եղել են խոցելի: Սա ևս շատ մեծ փորձ է: Բայց ավելին, քան նոր ասացի, հասկանալի պատճառներով չեմ կարող ասել»,- նշել էր Ալիևը՝ շեշտելով, որ ավելացնելու են զինված ուժերի հզորությունը, քան ցուցադրվել է վերջին պատերազմի ժամանակ:

Այնուհետև Ադրբեջանի ղեկավարը մանրամասնել է, որ կատարելագործելու են հատկապես հատուկ նշանակության ուժերը, որոնք կարևոր դերակատարում են ունեցել վերջին պատերազմում, ավելին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ են ստեղծելու:

Սրանից առաջ՝ 2021-ի հունիսին, ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էր անդրադարձել ադրբեջանական բանակի վերանայումներին:

«Վերջին տարիներին մարտական գործողությունների փորձը ցույց է տվել, որ զինված ուժերի որոշ տեսակներ կամ զորատեսակներ սպառել են իրենց ակտուալությունը, օրինակ, խոշոր տանկային և մոտոհրաձգային միավորումները, այն էլ՝ ռազմական գործողությունների մեր թատերաբեմում: Իհարկե, որոշ առումով հակառակորդի առաջնագծում դրանք ճեղքման ժամանակ այդ խնդիրը շատ հաջողությամբ լուծեցին, սակայն, արդեն այն ժամանակ որոշ փոփոխություններ զինված ուժերում կատարեցինք: Այն է՝ նոր ստորաբաժանումներ ստեղծեցինք, որոնք, ըստ էության, հաջողությամբ ճեղքեցին հակառակորդի առաջնագիծը: Սրան զուգահեռ՝ ելնելով թուրքական փորձից, որը նրանք մեզ հետ մշտապես կիսել են, բարձրացել է դերը գրոհիչ և հատուկ նշանակության ստորաբաժանումների, հատկապես մեր ռազմական գործողությունների թատերաբեմում, որտեղ գործ ունենք լեռնաանտառային տեղանքի հետ»,- մանրամասնել էր Հասանովը:

Այս համատեքստում վերադառնանք Անդրանիկ Քոչարյանի քաղաքական տողատակեր պարունակող հարցազրույցին և հիշեցնենք, որ դա առաջին դեպքը չէ:

Անցած տարեվերջին ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում մի առիթով նշել էր.

«Հիմնական մեր գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենա, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով: Օրինակ, Շվեդիան, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, արտադրում է շատ բարձրակարգ հրետանային համակարգեր: Ես կարծում եմ՝ ՌԴ-ն էլ իրեն լավ կզգա՝ այն, ինչ ինքը չունի, իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր կարողանա ձեռք բերել և դնել իր բանակի հիմքում: Այսինքն, մեր զինված ուժերը պետք է ունենան այնպիսի սպառազինություն, որը շատ արդիական է: Եվ պետք է չնայել՝ դա որտեղից պետք է ձեռք բերել, այլ՝ որտեղից հնարավոր է»:

168.am-ը ի պատասխան՝ ներկայացրել էր փաստեր, որ նախկինների օրոք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, եվրոպական պետություններից զենք գնվել է՝ ելնելով տվյալ պահի կամ ժամանակահատվածի անվտանգային խնդիրներից:

Չի բացառվում, որ այս ամենը ռուսական ռազմական կողմնորոշումից հետ կանգնելու մեսիջներ են կամ «ստուգողական կրակոցներ»:

Նման տպավորություն, ի դեպ, նաև ադրբեջանական և ոչ ադրբեջանական փորձագետների մոտ է ստեղծվել: Մասնավորապես, Բելառուսը ներկայացնող քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Բոգդանն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր.

«Միանգամայն ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ թե պարզապես ցանկանում է դիվերսիֆիկացնել միջազգային կապերը կամ վերացնել անհարթությունները, սխալները՝ Մոսկվայից կախվածության հարցի հետ կապված, այլ երկիրը շրջել դեպի եվրոատլանտյան դաշինք»:

Բոգդանը հիշեցնում է, որ նման գաղափար Փաշինյանը դեռ 2013-ին է ունեցել:

Այստեղ տեղին է հիշեցնել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին որպես ընդդիմադիր ուժ մասնակցող «Ելք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում էին Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արամ Զավենի Սարգսյանը, խոստանում էր.

«Կսկսվեն բանակցություններ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ: ԵԼՔ դաշինքը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար»:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի սկսման հեղինակ էր համարում Ռուսաստանին:

Հետաքրքիր է՝ վերջերս Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել էր, որ Փաշինյանը ՌԴ-ին փոխարինող է գտնում, և, որ ՌԴ ռազմական ներկայությունն աստիճանաբար կրճատվելու է ՀՀ-ում և Արցախում:

Հաշվի առնելով փաստը, որ ՆԱՏՕ-ն աշխատում է կոնֆլիկտներ կամ չլուծված հակամարտություններ ունեցող երկրներին չվերցնել դաշինքի կազմ, ինչի վառ օրինակը Վրաստանն է, Ուկրաինան: Ավելին, անմիջական ռազմական մասնակցություն չի փորձում ունենալ պատերազմական գործողություններին՝ խուսափելու երրորդ համաշխարհային պատերազմից, ուստի եվրոպական կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրները սահմանափակվում են միայն սպառազինություն կամ այլ օգնություն ուղարկելով, ինչո՞ւ պետք է Հայաստանին իրենց «ընտանիք» ընդունեն:

Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, որը փորձում է Ռուսաստանին դուրս մղել այստեղից, այսինքն, ուզենք թե չուզենք, Թուրքիայի հետ ենք գործ բռնելու:

Կրկնում ենք՝ իրավիճակից ելնելով՝ զինամթերք միշտ էլ գնվել է եվրոպական երկրներից: Բացի այս, նախկին իշխանությունները, այդ թվում՝ Փաշինյանի հետ աշխատած Դավիթ Տոնոյանը բազմիցս ասել է՝ ՀՀ-ն դիվերսիֆիկացնում է ռազմական կապերը՝ ոչ ի վնաս ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների:

Այլ կերպ ասած՝ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագիրը փոխլրացնող է եղել՝ ՀԱՊԿ-ի և ՀՀ հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցության տեսանկյունից:

Փորձը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում հարաբերությունների դիվերսիֆիկացումը, և նա, ըստ պահի թելադրանքի, տեղից տեղ է «թռնում»: Այդպես եղել է նաև պատերազմի ժամանակ:

Չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շուրջն այսօր «պտտվող» Փաշինյանը 2020-ի պատերազմի օրերին երբեք նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցրել և չի գրել ու տեղեկություն տրամադրել Ֆրանսիայի նախագահին մարտական իրավիճակի մասին: Այսինքն, միշտ պատասխանողի դերում է եղել, ինչը հարուցել է անգամ Ֆրանսիայի ղեկավարի զարմանքը:

Ֆրանսահայ հասարակական-քաղաքական դաշնակցական գործիչներից նույնիսկ ասել էին, որ Փաշինյանն արհամարհել է Մակրոնի՝ նոյեմբերի 9-ի հեռախոսազանգերը:

Տեսանյութեր

Լրահոս