«Ցանկացած գործընթաց, որը թիրախավորում է Արցախը, ուղիղ ազդում է նաև Հայաստանի անվտանգության վրա». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին նվիրված փակ քննարկմանը՝ ընդգծելով, որ ըստ էության այդ քննարկումը ոչինչ չտվեց։

«Ամենամեծ խնդիրը ոչ թե դրան հետևած հայտարարության՝ իշխանության կողմից տապալումն էր, այլ այն, որ չնայած ճգնաժամի հաստատմանը, կառավարությունը չներկայացրեց գործողությունների և միջոցառումների իր ծրագիրը, որը պետք է ուղղված լիներ Արցախում ապրող մեր հայրենակիցների խնդիրների թեթևացմանը կամ չեզոքացմանը։ Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը փորձում է  մեծացնել ոչ միայն Արցախի ու Հայաստանի դեմ ճնշումները, այլև Արցախը հայաթափել, իսկ դա անում են տարատեսակ ճգնաժամեր հրահրելով կամ ըստ էության ահաբեկչական գործողություններ անելու միջոցով»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ անկախ այն հանգամանքից, թե բանակցություններն այս կամ այն հաջորդող փուլերում ինչ ընթացք կստանան, Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ Արցախի անվտանգությունը և արցախցիների բնականոն կյանքի ապահովումն իր առաջին առաքելությունն է։

«Արցախի անվտանգության ապահովումը կապ ունի Հայաստանի պաշտպանողականության կենսապահովման հետ։ Ցանկացած գործընթաց, որը թիրախավորում է Արցախը, կամ խոցելի դարձնում Արցախին, ուղիղ ազդում է նաև Հայաստանի ու Հայաստանում ապրող մեր հայրենակիցների կյանքի և անվտանգության վրա»,- հավելեց պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախում ապրողները պատրաստ են  դժվարությունների և բարդությունների հաղթահարմանը, սա նմանատիպ առաջին իրավիճակը չէ, դրա միջով անցել են։ Բայց նրանք պետք է համոզված լինեն, որ իրենց թիկունքում Հայաստանն է, հայ ժողովուրդն է։

«Կառավարության այսօրվա պահվածքը, անկարողությունը, անտարբերությունը, իրավիճակին համանունչ չարձագանքելու բացակայությունը, ցավոք, հուշում է, որ իշխանությունը ոչ միայն իրավիճակին հրատապ արձագանքելու քայլեր չի ձեռնարկում, այլ տարբեր ժամանակներում առկա սպառնալիքները հաղթահարելու լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք և ցանկություն չունի»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս