«Պապան կռիվ ա գնացել, բալա ջան, բայց ի՞նչ կռիվ, ծախված․․․»․ անհետ կորածի մայր
Էջմիածնի N զորամասից 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար տղաները հոկտեմբեր ամսին էին ռազմաճակատ մեկնել, հայտնվել էին շրջափակման մեջ, և 1.5 տարի տեղեկություն չկար։ Հարազատները սպասում են՝ հուսալով, որ իրենց որդիները գերության մեջ են, ոչ թե զոհված։
Նրանցից շատերին մասունքներ են հանձնել՝ վստահեցրել, որ ԴՆԹ համընկնում է եղել։ Որոշ ծնողներ վերցրել և հողին են հանձնել նույնականացված մասունքները, որոշները՝ ոչ։
Կարինե Ներսիսյանը մեկն է այն ծնողներից, որ չի վերցրել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից նույնականացված մասունքները։ Պատճառները տարբեր են՝ որդու ողջ լինելու վարկածից՝ մինչև Առողջապահության նախարարության հանդեպ անվստահություն։ Անվստահությունը հիմնավորում ունի էլ՝ ԴՆԹ-ով նույնականացված մասունքը մեկ ուրիշ ծնող հուղարկավորել է, հետո ինչ-ինչ պատճառով արտաշիրմում են արել և նույն մասունքները հանձնել Կարինեին։
«Հովիկս մեր մինուճար տղան է։ Որ տեղափոխվեցինք Արցախ՝ Զանգիլան, Հովիկս 7-րդ դասարան էր, 17 տարի ապրել ենք այնտեղ։ 2020 թվականի սեպտեմբերին Հովիկիս կինը հիվանդ էր, տեղափոխվեցին Էջմիածին․ 10 օր էր, որ մտել էր Էջմիածնի քիմիկների զորամաս, ու պատերազմը սկսվեց, չնայած Հովիկս քառօրյա պատերազմին էլ է մասնակցել։ Կինը 2 երեխաների հետ վարձով մնացին Էջմիածնում, ինքը գնաց կռիվ։ Հոկտեմբերի 21-ի առավոտ շուտ՝ 7։10, տղաս զանգեց, ասաց՝ մամա, մենք մտնում ենք Զանգելան․․․ Էլ զանգեցի-զանգեցի, Հովիկս չպատասխանեց․․․ Վերադարձած գերի կա, որ ասում է՝ տեսել է, որ Հովիկը մի քանի րոպե բոյ է տվել, հետո թուրքերը նստեցրել են իրենց ավտոն, տարել են․․․
Ես միայն զարմանում եմ ու բազմիցս ասել եմ՝ այդ 3 ավտոբուսը, որ իրենց տարել է, պետք է քարհանքի մոտ կանգներ, Հովիկը լինելով Զանգիլանի բնակիչ՝ տեղանքին շատ լավ ծանոթ էր, թող իմ տղեն ուղեկցողը լիներ, մինչև այսօր ուղեկցողը չգիտեն, թե ով է։ Բա քեզ 60 երեխա են դավերիա արել, Մակարյան․․․ Իրենք երեխեքին խաբել են, թե՝ գնում եք, այնտեղ մաքրեք, կռիվ է եղել․․․ Երեխեքին խաբելով տարել են դպրոցի հայաթ, դիակները հենց դպրոցի հայաթում էլ շարել էին․․․ Մակարյա՛ն, բա խի՞ չես օգնել երեխեքին, դիտավորյալ, Մակարյանի հրամանով երեխեքին տարել են այնտեղ, որ հետո ասեն՝ թուրքը կռվով հասավ ու գրավեց Զանգիլանը»։
Տիկին Կարինեն ասաց, որ իրենց մասունքներ են տվել միայն այն ժամանակ, երբ զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներով բողոքի ակցիաներ են սկսել անցկացնել, իսկ անհեթեթ ու տարօրինակ է այն, որ արտաշիրմում արված մասունքն իրեն են հանձնել․
«Եթե արտաշիրմում արված ոսկորը հիմա իմն է, բա այն ժամանակ ո՞ւմն էր, ո՞նց են աշխատել, հիմա ես ո՞նց հավատամ այդ մասունքներին։ Միայն իմ տղայինը չէ, արտաշիրմում արված այնքան դեպքեր ունենք, թող Առողջապահության նախարարը դրա մասին մտածի․․․
Կռիվ էր, գնացին երեխեքը, բայց ոչ դիտավորյալ, ոչ ծախված, ո՞ւր են մեր 40 երեխեքը, ո՞ւր են։ Ես ի՞նչ գիտեմ, ի՞նչ ոսկոր են ինձ տվել։ Այդ ոսկորը ի՞մ երեխունն է, թե՞ ուրիշինը, չգիտեմ, բայց ես սպասում եմ, որ իմ տղեն գալու է։ Թոռնիկս ամեն առավոտ «Հայր մեր»-ն է ասում ու իր պապային է ուզում, երեխեքը մեծանում են, ո՞նց պատասխանենք, ո՞ւր է իրենց պապան։ Պապան կռիվ է գնացել, բալա՛ ջան, բայց ի՞նչ կռիվ, ծախված կռիվ է գնացել․․․ Մինչև վերջ էլ սպասելու եմ, որ իմ բալեն գա…»: