Լեոպոլդ կատվի հանգույն. Փաշինյանի մանիպուլյացիաների և Ադրբեջանի հաշտեցման սկզբունքի մասին

ՀՀ նախկին իշխանությունների օրոք ժամանակ առ ժամանակ խոսվում էր դիվանագիտության դերի և նշանակության մասին հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման գործընթացում: Եվ չնայած հաշտեցման տարբեր ծրագրերի, որոնք հաճախ քարկոծվում էին, բոլոր քննարկումները գալիս և հանգում էին նրան, որ արցախյան վերջնական կարգավորում և հասարակությունների մերձեցում հնարավոր է, եթե երկրի ղեկավարներն ու ուժային գլխավոր կենտրոնները ցանկանան:

Այսինքն, երկրի ղեկավարները դաստիարակում են այնպիսի հասարակություն, որը պիտի համապատասխանի իրենց քաղաքական օրակարգին, կամ թույլ չտան, որ հրապարակավ լինի այնպիսի հասարակություն, որը դուրս կլինի իրենց քաղաքական օրակարգից: Այն, ինչ հետո շատ ցայտուն տեսանք Նիկոլ Փաշինյանի օրոք: Այս դեպքում գործ ունենք հասարակության հետ տևական և մանրակրկիտ աշխատանքի հետ: Փաշինյանը բավականին լավ էր ուսումնասիրել ՀՀ քաղաքացիների թուլությունները, բարդույթները, ուժեղ կողմերը, ընդ որում, ըստ «կրոնական նախասիրությունների», կրթական ցենզի, գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան՝ հաշվի առնելով նաև սեփական բարդույթները, և դրանց հանգեցրեց սեփական կյանքի փուլերը:

Ժողովրդական դիվանագիտությունը քաղաքագիտության ոլորտ է մտել 1970 թվականների վերջերին ամերիկացիների շնորհիվ, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը, հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով: Առաջարկը ստացավ public diplomacy անվանումը` ազդարարելով արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի ծնունդը:

Մասնագետների կարծիքով, ժողովրդական դիվանագիտությունը մի կողմից՝ հուսալի խողովակ էր սեփական պետության հեղինակության բարձրացման և նրա մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու համար, մյուս կողմից՝ ժողովրդական դիվանագիտությունը գաղափարախոսական կարևորագույն մեխանիզմ էր սեփական երկրի հասարակական լայն զանգվածների կարծիքի ձևավորման, նրանց ակտիվ, նպատակամղված մանիպուլյացիայի համար:

Կոնֆլիկտաբանները, քաղտեխնոլոգները պրոպագանդայի և մանիպուլյացիայի մի քանի մեթոդ են առանձնացնում:

Դրանց թվում է՝ կոնտրաստի՝ հակադրության սկզբունքը, երբ ստեղծվում է սոցիալական որոշակի ֆոն, որտեղ այս կամ այն մարդու կամ խմբի վերաբերյալ ընկալումներ են ձևավորվում: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի՝ նախկինների վերաբերյալ ստեղծած թալանչիների ֆոնին, ինքն այլ կերպ էր ընկալվում հասարակության կողմից «թավշյա հեղափոխության» ժամանակ: Քաղաքական և ոչ քաղաքական մանիպուլյացիայի մեթոդներից է նաև սպառնալիքի ստեղծման մեթոդը, որի միջոցով էլ փորձ է արվում զանգվածային ազդեցություն է գործել հասարակության կամ լսարանի վրա: Գլխավոր նպատակը՝ ներարկել համոզմունք իրական վտանգի առկայության վերաբերյալ, բայց նաև նպաստել երևակայական վտանգի ֆոն:

Մասնագետների կարծիքով, ահաբեկված և բարոյալքված մարդիկ անում են կամ հավանություն տալիս այնպիսի գործողությունների, որոնք իրենց բացարձակ ձեռնտու չեն: Այդ քարոզչական մեթոդի անհրաժեշտությունը կարող է լինել, երբ խնդիր կա հասարակության ուշադրությունը շեղել քաղաքական հրատապ խնդիրներից, քաղաքական առաջնորդների մախինացիաներից կամ անգործությունից: Իսկ վերակողմնորոշել ագրեսիան՝ նշանակում է՝ զինաթափել այն:

Այս համատեքստում հիշենք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը համոզում հասարակությանը, որ 2020-ի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթով փրկել է 25.000 մարդու կյանք: Իսկ ավելի ուշ մի քանի հազար զոհի պատճառ որպես՝ նշում՝ «մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»: Իսկ դրանից առաջ՝ 2018 թվականի հուլիսի 24-ին, Աննա Հակոբյանը ազդարարեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որպեսզի «ոչնչի համար» զոհեր չլինեն: «Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»,- ԱՄՆ կատարած իր շրջագայության ժամանակ հայտարարել էր Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

2019-ի փետրվարի 19-ին Աննա Հակոբյանը դադարեցրեց այս արշավը և մտավ միլիտարիզացիոն դերի մեջ՝ լավ տիրապետելով առաջին տեղեկությանը նախապատվություն տալու կամ առաջնայնության էֆեկտի սկզբունքին:

Իհարկե, ռազմական դասընթացների ֆոնին Աննա Հակոբյանը չէր մոռանում խաղաղության ծրագրված իր արշավի և Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային մուղամ լսելու Արցախ հրավիրելու մասին։

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը»,- հայտարարել էր Աննա Հակոբյանը՝ նշելով, որ եթե Մեհրիբան Ալիևան ընդունի իր հրավերը, նա էլ պատրաստ է մեկնել Բաքու։

2020-ի օգոստոսի 25-31-ը Աննա Հակոբյանը կանանց համար մարտական և կրակային պատրաստության յոթօրյա դասընթաց էր կազմակերպել «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում:

«Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու համար: Բայց դա՝ ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասել էր Աննա Հակոբյանը:

2019-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ «1.5 տարվա ընթացքում ձեռք բերված աննախադեպ ծավալի սպառազինությունը մեզ պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար»:

Տպավորություն էին ստեղծել, թե նախկինները խաղաղություն չէին ուզում, ուզում էին, իսկ դրան հնարավոր է հասնել միայն այն պարտադրելով, հատկապես, երբ քո հակառակորդն էլ իր հերթին՝ իր հասարակությանը սեփական օրակարգին համարժեք է դաստիարակում, իսկ Ադրբեջանը հայատյաց հասարակություն էր դաստիարակում և մղում՝ վերադարձնել մեր ազատագրած տարածքներն Ադրբեջանին:

Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ հասարակություն, որը պատերազմի ներարկված վտանգից ելնելով՝ կորցրել է վտանգի զգացողությունը, և չի արձագանքում իշխանությունների գործողություններին, որից ինքը տուժելու է, ինչպես վերևում նշել էինք:

2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո ադրբեջանական մամուլը գրեց՝ հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղը: Փաշինյանն ի սկզբանե իր շեշտը դրել էր գյուղի ժողովրդի վրա և հատկապես այն խավի, որոնք չունեին բարձր կրթական ցենզ, մասնագիտություն, նրանց կարելի էր «գրավել» կենցաղային թեմաներով, և որոնք Փաշինյանի մեջ իրենց էին տեսնում և հակված են մանիպուլյացվելու:

Ինչ վերաբերում է պատերազմի և թշնամու թեմաներին, ապա նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին փորձում էր համոզել, թե ապագայում լավ կապրեն, եթե թուրքին թշնամի չհամարեն: Այսինքն, տնտեսական և պատերազմի սպառնալիք էր ներարկում մարդկանց ուղեղներին՝ դրա պատասխանատվությունը, ըստ էության, դնելով հենց ժողովրդի վրա:

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- Արագածոտնի մարզում շեշտել էր Փաշինյանը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը փորձել էր հասկացնել, որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է դիտարկել որպես գործընկեր՝ հօգուտ ՀՀ տնտեսության զարգացման: Այլ կերպ ասած, ըստ նրա, ապաշրջափակումից Հայաստանը ևս շահելու է. դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։ Այսպես էր նա պարզ մարդկանց մոլորեցնում:

«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»,- շարունակել էր Փաշինյանը:

Այսօր Հայաստանը դուրս է մղվել միջանցքային ծրագրերից, բայց դա Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաների ազդեցությանը տրված ժողովրդին կարծես չէր հետաքրքրում: Այսօր արդեն շատերը գիտակցում են նրա հայտարարությունների վտանգավորությունը և սպասվող նորանոր աղետները:

Նրան իշխանության բերող քաղաքացիները նույնիսկ չեն խորանում նրա մեջ, որ իրենք սկզբից ժողովուրդ էին, հիմա՝ բնակչություն, որի կարծիքի վրա «թքած ունեն», անգամ ազգաբնակչություն չեն՝ ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի:

Բնակչություն– որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։

Ազգաբնակչություն տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը 2021-ի նոյեմբերի 9-ին «Ինչ կտա Հայաստանի հետ խաղաղությունը Ադրբեջանին» վերտառությամբ հարցազրույցում նշել էր, որ հետխորհրդային երկրներում կամ այդ երկրների միջև կոնֆլիկտը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի, սկսվել են, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային միությունը, այսինքն, այդ կոնֆլիկտները միջէթնիկ բնույթի են:

«Եվ այդ միջէթնիկ կոնֆլիկտների շրջանակում տեղի ունեցան շատ բաներ, որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների, 100 հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց տները»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը և հավելել.

«Հաշտեցնել երկու ժողովրդի, հասարակություններին, դա շատ ավելի բարդ խնդիր է, քան հաշտեցնել երկու պետությունների: Եվ այս գործընթացն անպայման պետք է տեղի ունենա: Մենք պետք է հասկանանք, որ հասարակությունների հաշտեցումը շատ ավելի բարդ խնդիր է, քան ինչ-որ համաձայնագրերի մշակումը: Այս ճանապարհը պետք է անցնել, վիրավորանքը շատ է երկու կողմից էլ, բայց այլ ճանապարհ պարզապես չկա: Հաշտությունից խոսել՝ չի նշանակում, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան պետք է մոռանա, որովհետև շատ բաներ, որոնք կատարվել են, հնարավոր չէ մոռանալ: Բայց սա չի նշանակում, թե չպետք է առաջ նայենք: Լեոպոլդ կատվի պես չպետք է ասել՝ եկեք ապրենք հաշտ, կատարվածը ողբերգություն է: Կոչը պիտի լինի հետևյալը՝ չպետք է մոռանալ, բայց եկեք գնանք առաջ»,- շեշտել է Զուլֆուգարովը՝ հավելելով, որ պետք է պրակտիկ մոտեցում լինի նման հարցերին:

Այնուհետ Զուլֆուգարովը նշել է, որ հարաբերությունների կարգավորման համար ինչ-որ բազա է պետք, այն է՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

Երկու կողմից չսպիացած վերքերի գաղափարը և դրանց ընկալելի լինելու գաղափարը 2022-ի փետրվարի 23-ին ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը շոշափեցին նաև Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան:

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է «բուժել» հենց այս վերքերը և մոռացության մատնել անցյալը: Օրինակ, չխոսել Մարաղայում տեղի ունեցած Ցեղասպանության մասին, որը բարոնուհի Քերոլայն Քոքսն անվանել էր 20-րդ դարի Գողգոթա, մինչդեռ Ադրբեջանը միշտ հիշելու է «Խոջալուի ցեղասպանությունը»:

Իսկ այն, որ քաղաքական օրակարգի իրականացման համար նախ պետք է աշխատել հասարակության հետ, Փաշինյանը շատ լավ է հասկացել, արդյունքում՝ ԱԳՆ դեսպանատան դիմաց քիչ մարդ էր հավաքվել՝ դեմ արտահայտվելու թրքացմանը:

Տեսանյութեր

Լրահոս