Ի՞նչ է տեղի ունեցել տարեսկզբին մասնավոր տրանսֆերտների հետ, և ի՞նչ սպասել առաջիկայում

Ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ մեր քաղաքացիների հիմնական մտահոգություններից մեկը կապված է Ռուսաստանից ստացվող մասնավոր ֆինանսական փոխանցումների հետ։ Նման մտահոգությունները, անշուշտ, անհիմն չեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ չնայած վերջին տարիներին ռուսական տրանսֆերտների տեսակարար կշիռը կրճատվել է, այնուհանդերձ, դրանք շարունակում են գերակշռող լինել և էական տնտեսական ու սոցիալական նշանակություն ունենալ։

Անցած տարի ռուսական տրանսֆերտները կազմեցին ընդհանուր մուտքերի շուրջ 41 տոկոսը՝ ավելանալով 41 մլն դոլարով կամ գրեթե 5 տոկոսով։

Այս տարվա սկզբին ևս, երբ ռուսական ռուբլին դեռ չէր հասցրել արժեզրկվել, Ռուսաստանից ստացվող ֆինանսական փոխանցումները, ոչ մեծ չափով, բայց շարունակել են ավելանալ։ Նախորդ տարվա 38,9 միլիոնի փոխարեն՝ հունվարին դրանք կազմել են 40,6 մլն դոլար։

Ռուսական շուկայից ստացվող գումարներն ավելացել են 1,7 միլիոնով։

Բայց սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը ռուսական շուկայում տատանվում էր 73 ռուբլու սահմաններում։ Հիմա այն հասել է 105-ի։ Մի պահ նույնիսկ ավելի բարձր էր. գերազանցում էր 110 ռուբլու սահմանը։

Տարեսկզբի համեմատ ռուբլին հասցրել է արժեզրկվել գրեթե 44 տոկոսով։

Այսպիսի կտրուկ արժեզրկումը չի կարող իր անմիջական ազդեցությունը չունենալ Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների վրա։ Հատկապես որ, ռուբլու արժեզրկումից բացի, կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ևս ազդում են տրանսֆերտային հոսքերի վրա։

Այդ գործոններից մեկն էլ Ռուսաստանի տնտեսական իրավիճակն է, որը գնում է վատթարացման ուղիով։ Դա նշանակում է, որ սահմանափակվելու են նաև այդ երկրում քիչ թե շատ նորմալ վարձատրվող աշխատանք գտնելու՝ մեր քաղաքացիների հնարավորությունները։

Պատահական չէ, որ այսօր արտագնա աշխատանքով ապրող բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են անորոշության մեջ. Չգիտեն՝ գնա՞ն, թե՞ չգնան արտագնա աշխատանքի։ Ո՛չ գնալն է մի բան, ո՛չ չգնալը։

Գնալու դեպքում չեն ստանալու այն եկամուտները, ինչ կարող էին ստանալ մինչև վերջին իրադարձությունները, չգնալու դեպքում՝ կանգնելու են ներսում աշխատանք գտնելու փաստի առաջ։

Տնտեսական իրավիճակի վատացումն ու ռուբլու արժեզրկումն ազդելու է նաև մեր այն հայրենակիցների եկամուտների վրա, ովքեր ապրում են Ռուսաստանում և իրենց աշխատած գումարների մի մասն ուղարկում են Հայաստան՝ հարազատներին։

Սրանք այն երևացող գործոններն են, որոնք իրենց ուղղակի ազդեցությունն են թողնելու ռուսական տրանսֆերտային հոսքերի վրա։ Այդ ազդեցությունը կերևա արդեն փետրվարի մուտքերում։ Բայց այն կխորանա հետագայում։ Դժվար է սպասել, որ մոտակա ժամանակահատվածում տնտեսական իրավիճակն ու ֆինանսական դրությունը Ռուսաստանում կկարգավորվի։

Առավել ևս՝ անիմաստ է սպասել, որ ռուբլին կրկին կարժևորվի և կվերադառնա նախկին մակարդակին։

Ընդհակառակը՝ ազդակներն այս փուլում հիմնականում ռուբլու թուլացման ուղղությամբ են։ Թեև Ռուսաստանի իշխանությունները փորձում են որոշակի սահմանափակող միջոցառումներով կանխել ռուբլու հետագա արժեզրկումը, այնուհանդերձ, դրանից հազիվ թե հաջողվի խուսափել։

Մեծ հավանականությամբ, առաջիկայում ռուբլու թուլացումը դեռևս կշարունակվի։ Ռուսաստանի տնտեսության մեջ ու ֆինանսական համակարգում տարադրամային հոսքերի նկատվող նվազումը մեծացնելու է ճնշումը ռուբլու վրա։

Ռուբլու թուլացմամբ ու տնտեսական այլ գործոններով պայմանավորված, թե մինչև ո՞ւր կհասնի Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտային գումարների նվազումը, առայժմ վաղ է ասել։ Բայց, որ դրանք առաջիկա ամիսներին էապես կրճատվելու են, կասկած չկա։ Առաջին ծիծեռնակները կերևան փետրվարի մուտքերի վրա։ Հաջորդ ամիսներին կրճատումն ավելի կխորանա։ Դա կբերի նրան, որ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստան ուղարկվող գումարների կշռում ավելի կնվազի։

Չնայած այդպիսի երևույթ մինչև ռուբլու արժեզրկումն էլ նշմարվում է։ Թեև հունվարին մուտքերի արձանագրված ավելացմանը, ռուսական շուկայից փոխանցումների տեսակարար կշիռը շարունակել է սեղմվել։ Դրանք կազմել են ընդհանուր հոսքերի շուրջ 32 տոկոսը։

Հիշեցնենք, որ անցած տարվա ամփոփ ցուցանիշը հասնում էր 41 տոկոսի։

Առաջին անգամ տրանսֆերտային փոխանցումների պատմության մեջ այս տարվա հունվարին ԱՄՆ-ից ստացված գումարները գերազանցել են ռուսականին։ Բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ստացվել է 40,6 միլիոն, Միացյալ Նահանգներից՝ 40,8 մլն դոլար։

Երկու դեպքում էլ մուտքերն ավել են, բայց ԱՄՆ պարագայում աճի տեմպն անհամեմատ մեծ է եղել։ Նախորդ տարվանից ավել է ստացվել 5,5 մլն դոլար։ Աճն անցնում է 15 տոկոսից։

Երկու երկրների պարագայում էլ մուտքերը գերազանցել են արտահոսքը։ Բայց առաջատարը եղել է Ռուսաստանը։ Հայաստանից քաղաքացիներն ավելի շատ գումար են փոխանցել Ռուսաստան, քան Միացյալ Նահանգներ։ Մի դեպքում՝ դրանք կազմել են 23 միլիոն, մյուս դեպքում՝ 10 մլն դոլար։

Արտահոսքը Միացյալ Նահանգներ 13 միլիոնով ավելի քիչ է եղել, քան Ռուսաստան։

Սա, իհարկե, արտառոց երևույթ չէ, որովհետև նախկինում էլ միշտ այդպես է եղել։ Ասենք, անցած տարի ֆինանսական միջոցների արտահոսքը Ռուսաստան գերազանցեց 401 մլն դոլարը։ Մինչդեռ ԱՄՆ պարագայում 189 միլիոն էր։ Նույն հարաբերակցությունը գրեթե պահպանվել է նաև այս տարվա սկզբին։ Այլ բան, որ առաջիկայում այդ հարաբերակցությունը՝ ինչպես զուտ մուտքերի, այնպես էլ՝ արտահոսքի առումով կարող է էապես փոխվել՝ կապված այն իրավիճակի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի տնտեսության մեջ ու ֆինանսական շուկաներում։

Մյուս երկրների առումով ևս տարեսկզբին տրանսֆերտային փոխանցումների որոշակի աճ է արձանագրվել։

Ընդհանուր առմամբ հունվարին դրսից ստացվել է շուրջ 128 մլն դոլար, ինչը 13 միլիոնով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Տրանֆերտային փոխանցումներն ավելացել են գրեթե 12 տոկոսով։ Բայց ավելացել է նաև արտահոսքը։

Անցած տարի գնացել էր 82 մլն դոլար, այս տարի գնացել է 87 միլիոն։ 5 միլիոնով կամ 6 տոկոսով ավելի շատ։

Այսպիսին է տարեսկզբին մասնավոր ֆինանսական փոխանցումների պատկերը։ Բայց սպասվում է, որ այն առաջիկայում լուրջ փոփոխության կենթարկվի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս