Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթի և գազի գնումներից
Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով: Բրիտանա-հոլանդական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնելու է ռուսական նավթի և գազի գնումները, փակելու է իր լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում:
«Royal Dutch Shell»-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, ընկերությունը «փուլային կարգով» հրաժարվելու է ռուսական բոլոր ածխաջրածիններից՝ ներառյալ հում նավթը, նավթամթերքները, բնական գազը և հեղուկացված գազը:
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 250 արտասահմանյան առաջատար ընկերություններ հայտարարել են Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց աշխատանքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին:
Ի դեպ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները բարձրացրեցին ռուսական նավթից հրաժարվելու հարցը, նավթի համաշխարհային գները սկսեցին կտրուկ բարձրանալ: «Ռոյթերս»-ը հայտնում է, որ երկուշաբթի՝ մարտի 7-ին, նավթի գները անցել են մեկ բարելի համար 139 դոլարի նշագիծը՝ հասնելով գնային ամենաբարձր մակարդակին 2008 թ. հուլիսից ի վեր: