Երբ խարխլված է հավասարակշռությունը, կանացի կեսն ավելի ակտիվ է դառնում՝ այն վերականգնելու համար. Կարինե Նալչաջյան
Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Տոնի պատմությունը սկիզբ է առնում 1908 թվականի մարտի 8-ից, 1975 թվականից նշվում է ՄԱԿ-ում: 1977-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկեց մարտի 8-ը սահմանել՝ որպես կանանց իրավունքների և աշխարհի խաղաղության oր:
Կանանց միջազգային օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային:
«Երբ առհասարակ ճգնաժամային իրավիճակներ են լինում, երբ խարխլված է հավասարակշռությունն ինչ-որ համակարգում, նույնիսկ բնության մեջ, կանացի կեսն ավելի ակտիվ է դառնում՝ հավասարակշռությունը վերականգնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում տոնական շնորհավորանքից հետո նշում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նա համոզված է՝ հայ կինը վերստին ուժ կգտնի հաղթահարելու նաև պատերազմի արհավիրքը, համակշռելու երկրում առկա վիճակը:
«Այժմ, երբ մեզանում այսպիսի քաոս է, կնոջ դերը, այդ աստվածատուր առաքելությունը՝ հավասարակշռություն ստեղծել, պաշտպանել մեզ, ազգը, մեր երկու պետությունները, որոնք դաժանաբար տանում են ուղղակի դեպի վերացում, առաջնային է դառնում:
Այսօր աշխարհը ծանրագույն վիճակում է, և մենք՝ որպես աշխարհի մի փոքրիկ անկյուն, թիրախավորված ենք. մենք այսքան ցավ, եղեռնագործություն տեսանք վերջին տարիներին, սակայն, ինչպես Սարոյանն է ասում՝ «Հայու ոգին զորավոր ոգի է», իսկ այդ ոգու կրողը նաև կանայք են: Մենք ուղիղ միտված պետք է գնանք դեպի մեր պետության պահպանում, չմոռանանք Արցախը, մեր պատմական իղձերը»,- ամփոփեց հոգեբանը: