«Բացի քաղաքական ճնշումներից, Ադրբեջանը փորձելու է առաջնագծի տարբեր ուղղություններով ռազմական ճնշումը մեծացնել». Վիտալի Մանգասարյան

Ուկրաինայում տեղի ունեցող մարտական գործողությունների տեղամասը գնալով ընդլայնվում է, և փաստ է՝ և՛ ռուսական կողմի արձակած հրթիռներն ու արկերը, և՛ ուկրաինական բանակի կիրառած զինամթերքներն ընկնում և պայթում են Ուկրաինայի տարածքում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:

«Մարտական գործողությունների մեկնարկից հետո ռուսական կողմը, շատերի գնահատմամբ, թեև դանդաղ, բայց, այնուամենայնիվ, առաջ է շարժվում, և այս օրերի ընթացքում մարտական գործողությունների աշխարհագրությունն Ուկրաինայի տարածքից դուրս չի եղել: Սա վկայում է, որ ուկրաինական բանակը հնարավորություն չի ունեցել մարտական գործողությունների շառավիղը մեծացնել ի նպաստ իրեն, կամ ունենալու դեպքում էլ՝ ՌԴ ԶՈՒ-ի կողմից այդ բոլոր փորձերը կանխվել են։ Մարտի դաշտում ռուսական կողմի հաջողությունները և առավելությունները շատ դեպքերում բավականին շոշափելի են, ինչը չենք կարող ասել տեղեկատվական և քարոզչական ճակատի մասով:

Իհարկե, մարտի դաշտի հաջողություններն ուղիղ կապ ունեն տեղեկատվական դաշտի հաջողությունների հետ, սակայն այստեղ պետք է ընդունել և հասկանալ, որ քարոզչական ճակատում ՌԴ-ի դեմ, բացի Ուկրաինայից, պայքարում են նաև գերտերություններ՝ ի դեմս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ անդամ պետությունների, որոնց տեղեկատվական ռեսուրսները և հնարավորությունները  չափազանց մեծ են։ Նույնիսկ պետություններ կան, որոնք պաշտոնական մակարդակով փորձում են այս խառնաշփոթի մեջ իրենց չեզոք պահել, սակայն, ինչպես ասում են, «տակից» աշխատոմ են Ռուսաստանի դեմ՝ օգտագործելով իրենց երկրների քարոզչական գրեթե ողջ ռեսուրսը։

Օրինակ, Ադրբեջանը շաբաթներ առաջ ՌԴ-ի հետ իր հարաբերություններն ամրապնդելու և դաշնակցային որակ հաղորդելու փաստաթղթեր ստորագրեց, սակայն հետևելով ադրբեջանական մեդիահոսքերին՝ անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ տեղեկատվական պատերազմում նրանք սատարում են ուկրաինական կողմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս պատերազմը կիրառված զինտեխնիկայի ծավալով և գործողությունների տրամաբանությամբ ամենախոշորն է»,- շարունակեց ռազմական վերլուծաբանը՝ հավելելով, որ այս պահին փոքր է հավանականությունը, որ սա կարող է վերածվել երրորդ համաշխարհայինի:

Բայց տեղեկատվական պատերազմի համատեքստում, ըստ Մանգասարյանի, կարող ենք ասել՝ տեղեկատվական առաջին համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։

Ռուսական գործողությունների համատեքստում Վիտալի Մանգասարյանը ուշադրություն հրավիրեց ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարության վրա, որ ռուսական զինված ուժերը չեն հարվածում ուկրաինական բանակի զորանոցներին:

«Սա, կարծում եմ, մեսիջ է, որ Ռուսաստանը պատրաստ է երկարատև պատերազմի, որովհետև եթե զորանոցներում կուտակված անձնակազմին չես հարվածում, ապա բնական է, որ ստիպված ես լինելու դա անել այն ժամանակ, երբ նրանք կբաժանվեն փոքր խմբերի ու պայքարի լոկալ օջախներ կստեղծեն, ինչը ժամանակատար գործ է»,- նշեց ռազմական փորձագետը:

Ըստ նրա, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարեց, ապա, կախված նրա ընթացքից, ռուս-թուրքական հարաբերությունները կարող են այս կամ այն չափով փոխվել, և հաշվի առնելով Ադրբեջանի՝ Թուրքիայի փոքր եղբոր կարգավիճակում լինելու հանգամանքը, բնականաբար, սա ուղղակի և անուղղակի ազդեցություն է ունենալու նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։

«Ադրբեջանը վերջին օրերին արցախյան ճակատում տարբեր սադրանքների է դիմում՝ փորձելով արցախահայությանն ահաբեկելուն զուգահեռ՝ հող նախապատրաստել իր հետագա գործողությունների արդարացման համար: Նմանօրինակ մոտեցում է ցուցաբերվում նաև ՀՀ սահմաններին, որի ընթացքում, ցավոք սրտի, ունենում ենք նաև մարդկային կորուստներ։

ՀՀ իշխանությունները պետք է հստակ կարողանան գնահատել իրավիճակի լրջությունը, սպասվող մարտահրավերները և շոշափելի աշխատանք իրականացնեն՝ թե՛ բանակում, թե՛ հասարակության շրջանում։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով զինվում և պատրաստվում է պատերազմի, և այդ ամենն անում է հրապարակային՝ առանց թաքցնելու։ Ադրբեջանի նպատակը թուրքական մոդելի բանակ ունենալն է, որի ուղղությամբ մեծ աշխատանք են իրականացնում: Մինչդեռ մենք այս պահի դրությամբ դեռ չգիտենք՝ ի՞նչ մոդելի բանակ ենք ուզում ունենալ, և վերջապես ո՞րն է այդ ամենին հասնելու ճանապարահային քարտեզը։

Բացի քաղաքական ճնշումներից, ադրբեջանական կողմը փորձելու է նաև առաջնագծի տարբեր ուղղություններով ռազմական ճնշումը մեծացնել, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել՝ դիվերսիոն ներթափանցման փորձերից՝ մինչև ավելի խոշոր սադրանքներ:

Միանշանակ է՝ երբ ադրբեջանական կողմը մաքսիմալիստական հերթական քաղաքական հայտարարությունն է անում, անմիջապես գրանցվում է սահմանային լարվածության աճ։ Այստեղ մենք այլընտրանք չունենք, և պետք է այդ սադրանքներին պատասխանենք նույն տրամաբանության մեջ, հակառակ դեպքում՝ ավելի բարդ իրավիճակներում ենք հայտնվելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանգասարյանի խոսքով, Ադրբեջանի՝ պատերազմին պատրաստվելու ֆոնին, խոսել, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան բացելու մասին, խիստ վտանգավոր է, քանի որ այդկերպ մենք առնվազն թուլացնում ենք հասարակության իմունիտետը, ստեղծում քննարկումների անլուրջ մթնոլորտ, ինչից թշնամին հարմար պահի կարող է օգտվել և փորձել խնդիրներ լուծել։

«Ցավալին նաև այն է, որ ստեղծված աշխարհաքաղաքական վտանգավոր վայրիվերումների և տարածաշրջանային սպառնալիքների իրավիճակում մինչ այս պահը մենք չունենք ԶՈՒ ԳՇ պետ, և առավել ցավալի է, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում են համոզել, որ գրեթե տարբերություն չկա ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի և հրամանագրով նշանակված ԳՇ պետի միջև: Մինչդեռ շատ զինվորականներ կփաստեն՝ նույնիսկ վաշտի հրամանատար օղակում բավականին զգալի տարբերություն կա ժամանակավոր պաշտոնակատարի և հրամանով նշանակվածի միջև»,- եզրափակեց Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս