Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված կորուստների մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հակասական տվյալներ են հաղորդում միմյանց հասցված ռազմատեխնիկական և մարդկային կորուստների վերաբերյալ:  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության շրջանակներում, ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան խոցել է ուկրաինական զինուժին պատկանող երկու միավոր ՄիԳ-29 և մեկ միավոր Սու-27 ռազմական օդանավ: Բացի այդ, ՌԴ զինուժը գերճշգրիտ հարվածով շարքից հանել է Ուկրաինայի զինուժին պատկանող Օզերնոյե օդանավակայանը Ժիտոմիրի շրջանում:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ՌԴ զինուժը ողջ գործողության ընթացքում Ուկրաինայում ոչնչացրել է 2482 ռազմական օբյեկտ:

Ուկրաինայի զինուժն էլ իր հերթին հայտարարել է, որ փետրվարի 24-ին սկսված պատերազմից մինչ օրս սպանվել է ռուսական զինված ուժերի անձնակազմի մոտ 12 000 զինծառայող, ոչնչացվել է 1036 զրահամեքենա, 474 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 120 միավոր հրետանային համակարգեր և այլ ռազմական տեխնիկա:

Ռուսական կողմի հաղորդած տվյալներով՝ ռուսական զինուժի մարդկային կորուստների թիվը անհամեմատ փոքր է: ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում իր անձնակազմի կորուստների մասին տվյալներ առաջին անգամ պաշտոնապես հաղորդեց մարտի 2-ին՝ նշելով, որ ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող, վիրավորվել 1597-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս