Չինաստանում արձանագրել են COVID-19-ով հիվանդացածների առավելագույն թիվը 2020-ի փետրվարից ի վեր
Չինաստանի իշխանություններն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 769 նոր դեպք, ինչը դարձել է առավելագույն ցուցանիշը 2020 թվականի փետրվարի վերջից ի վեր: Այդ մասին են վկայում ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ մարտի 7-ին հրապարակված տվյալները։
Ինչպես ճշտված է տարածված հայտարարության մեջ, նոր հայտնաբերված ախտահարվածներից 243-ը ժամանել է արտասահմանից: Բարձր ջերմություն, հազ եւ տկարություն է հայտնաբերվել 327 մարդու մոտ, մնացած 442-ն անախտանիշ կրողներ են: Հրապարակված վիճակագրության համաձայն՝ վերջին յոթ օրում քովիդի ախտանիշներով հիվանդացածների քանակը, որոնք գտնվում են տեղական բժշկական հիմնարկություններում, մեկ օրում ավելացել է միջին հաշվով 4,8 տոկոսով եւ կազմում է 3 837 (5 861 անախտանիշ հիվանդներով հանդերձ, որոնք նույնպես տեղավորված են բժիշկների հսկողության տակ):
Նրանցից սոսկ 11-ն է ծանր վիճակում: Այսպիսով, հիվանդանոցներում ախտահարվաների քանակով իրավիճակը նման է 2020 թվականի մարտ ամսվա իրադրությանը, երբ Չինաստանում համավարակի առաջին եւ ամենահզոր ալիքը հաջողվեց ճնշել: Բուժում անցնողների մոտավորապես 41 տոկոսը վարակվել է երկրի տարածքում, մնացած 59 տոկոսը ժամանել է արտասահմանից: Պաշտոնապես ամբողջ ժամանակամիջոցում ՉԺՀ-ի մայրցամաքային մասում հիվանդացել է 111,19 հազար մարդ՝ չհաշված անախտանիշ կրողները: ՉԺՀ-ում քովիդից մահացու վախճաններ չեն արձանագրվել անցյալ տարվա հունվարի 25-ից, համավարակի սկզբից երկրում մահացել է 4 636 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը :