Ազգային արխիվում իրականացված ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Դեռևս հունիսի 21-ին տեղեկություն տարածվեց, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:
Ազգային արխիվի նախկին աշխատակից, գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանը 168.am-ին հայտնեց, որ իր փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա գործ է հարուցվել երկու հոդվածով՝ վատնում և պաշտոնեական դիրքի չարաշահում:
Հաղորդումների առիթով նյութերի նախապատրաստման տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 1-ի N-1077-Ն որոշման համաձայն՝ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը՝ գործառույթները փոխանցելով Լոռու մարզային մասնաճյուղին՝ ստեղծելով Տավուշի և Լոռու միասնական մարզային մասնաճյուղ: Որոշմամբ սահմանվել է գործունեությունը դադարեցրած մասնաճյուղի առկա փաստաթղթերի տեղափոխումն իրականացնել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Չսպասելով ՀՀ կառավարության որոշման ընդունմանը՝ «Հայաստանի ազգային արխիվ»-ի պաշտոնատար անձինք 2021թ.ապրիլի վերջին իրականացել են փաստաթղթերի տեղափոխումը, որի արդյունքում Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը 2021թ.մայիսի 1-ից դադարեցվել է:
«Այսինքն, Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը փաստացի դադարեցվել է՝ նախքան կառավարության որոշումը: Օրենքով մարզային մասնաճյուղերը բացում կամ փակում է կառավարությունը: Դա կառավարության լիազորությունն է, սակայն տնօրենն իր նախաձեռնությամբ դադարեցրել է Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը, փաստաթղթերը տեղափոխել Լոռի: Դրանից երկու ամիս անց նոր եղել է կառավարության որոշումը: Այս երկու ամսվա ընթացքում փաստացի աշխատանք չի կատարվել, աշխատողները գործի չեն հաճախել ու ստացել են աշխատավարձ: Խոսքը 4 աշխատակցի մասին է, ովքեր առանց կազմակերպության օգտին որևէ աշխատանք կատարելու՝ ստացել են աշխատավարձ, հետո հետին ամիսներով տեղեկագրեր են կազմել, որպեսզի ցույց տան, թե իբր աշխատողները գնացել են գործի: Պաշտոնեական կեղծիքը վերաբերում է փաստաթղթերի փոփոխմանը, իսկ վատնումն այն է, որ առանց կազմակերպության օգտին աշխատանք կատարելու՝ աշխատավարձեր են վճարվել: Այստեղ նաև հարցն այն է, որ կառավարությունը, կարող է՝ հետո էր փակում մասնաճյուղը»,- մանրամասնեց Գևորգ Կեսոյանը:
Ազգային Արխիվի նախկին աշխատակիցները հայտնեցին, որ ի կատարումն վարչապետի 2021թ. հունվարի 5-ի հանձնարարականի՝ Արդարադատության նախարարի՝ 2021թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ուսումնասիրություն իրականացնելու մասին» N 543-Ա հրամանի (փոփոխված՝ 2021թ. նոյեմբերի 24-ի N 602-Ա հրամանով) համաձայն, 2021 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է «Հայաստանի ազգային արխիվ պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ուսումնասիրություն:
Արդարադատության նախարարի 2021թ.դեկտեմբերի 30-ի հանձնարարությամբ՝ Կազմակերպության տնօրենին առաջարկվել է ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ տրամադրել Աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի դրույթներով նախատեսված գրավոր բացատրություն:
Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են նաև, որ ի կատարումն վարչապետի 2021թ.հոկտեմբերի 12-ի հանձարարականի՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նախարարության վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և ձեռք բերված նյութերը Արդարադատության նախարարի 2022. հունվարի 12-ին արված գրությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշների առկայության հարցը պարզելու, մեղավոր անձանց շրջանակը ճշտելու և քրեաիրավական գնահատական տալու համար: