Բաժիններ՝

Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքների գումարը 1000 դրամի փոխարեն՝ դարձել է 2000 դրամ. Ազգային արխիվի տնօրեն

Հաճախ ենք տեղեկություններ ստանում այն մասին, որ ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը ճնշում է տնօրենի մրցույթի արխիվի 3 մասնակիցներին, ընկերների կանանց տեղավորել է աշխատանքի՝ որպես վարիչներ, նախկին վարիչների հետ հանձնում-ընդունում չեն արել, կենսաթոշակային տարիքի հասած մարդիկ 1000 դրամի փոխարեն՝ 2000 դրամ են վճարում արխիվին:

ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանին գրավոր հարցեր ուղարկեցինք՝  փորձելով ստանալ այս և այլ հարցերի պատասխանները:

– Պարո՛ն Արշակյան, արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, որ կենսաթոշակային տարիքի հասած մարդկանցից 1000-ի փոխարեն՝ 2000 դրամ է արդեն գանձվում՝ տեղեկատվություն տրամադրելու համար: Եթե այո, ապա ինչպիսի՞ հանգամանքներ հաշվի առնելով է նման որոշում կայացվել:

 – «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և գնացուցակը սահմանվել ու հաստատվել է կազմակերպության տնօրենի՝ 2016թ. մարտի 21-ի N17-L հրամանի և 2017թ. հունվարի 9-ի N1-L հրամանի  փոփոխությունների հիման վրա, այս գործառույթը հանդիսանում է պետական կազմակերպության ընթացիկ գործունեության բաղկացուցիչ մասը: Համաձայն գնացուցակի՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքների գումարը 2000 դրամ է, որից 1000 դրամը որպես կանխավճար՝ գանձվում է դիմումը ներկայացնելու ժամանակ, մյուս 1000 դրամը քաղաքացին վճարում է պատասխանը ստանալիս: Տեղեկացնեմ, որ դիմումների բաժնում փակցված է հայտարարություն, որտեղ նշված է, որ կենսաթոշակի տարիքի քաղաքացիները կարող են դիմել միասնական սոցիալական ծառայության գրասենյակ և իրենց աշխատանքային գործունեության վերաբերյալ արխիվային տեղեկանքները ստանալ անվճար:

Ազգային արխիվի տնօրենի և աշխատողների աշխատավարձի բարձրացում եղե՞լ է, թե՞ ոչ: Պարգևավճարներ տրվո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպիսի՞ առաջնահերթություններ կան:

 Այո, աշխատավարձի բարձրացում եղել է 2021թ. հուլիսից սկսած՝ 10-30 տոկոսով: Յուրաքանչյուր եռամսյակի ֆինանսական արդյունքներով, ըստ մասնակցության՝ լրավճարներ և պարգևավճար է հատկացվում ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը մասնակցություն ունեցող աշխատակիցներին, ինչպես նաև այդ եկամուտների ապահովման գործում ներգրավված վարչական և սպասարկող անձնակազմին:

Արդյո՞ք աշխատանքի են ընդունվել տնտեսագիտական, բնագիտական կրթությամբ կադրեր՝ հումանիտար գիտամշակութային կազմակերպություն ղեկավարելու համար:

 Արխիվը գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական կազմակերպություն է, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի արխիվային հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանումն ու օգտագործումը և ծառայություններ է մատուցում արխիվագիտության բնագավառում:

Ղեկավար պաշտոններում նշանակվել են ոչ միայն հումանիտար, այլև այլ ոլորտի մասնագետներ: Տեղեկացնեմ, որ ղեկավար պաշտոններում աշխատանքի ընդունելուց, աշխատանքային առաջխաղացում ապահովելու նպատակով առաջնահերթությունները տրվել է արխիվի աշխատակիցներին, ովքեր մինչ այդ երկար տարիներ զբաղեցրել են ցածր պաշտոններ:

Արդյոք Դուք, որպես Ազգային արխիվի տնօրեն, Ձեր կնոջ արմավիրցի բարեկամներին տեղավորե՞լ եք ղեկավար պաշտոնների:

– Իմ պաշտոնավարման ընթացքում արխիվի Արմավիրի մարզային մասնաճյուղում առաջին կարգի արխիվագետի հաստիքով աշխատանքի եմ ընդունել կնոջս հեռավոր բարեկամուհուն, ով անմիջական ենթակա և հաշվետու է մարզային մասնաճյուղի վարիչին:

Տնօրենի մրցույթին Ազգային արխիվի 3 մասնակիցների նկատմամբ որևէ ճնշում գործադրե՞լ եք և ինչո՞ւ:

– Տնօրենի մրցույթին մասնակցած Ազգային արխիվի երեք աշխատակիցներից երկուսն այս պահին էլ աշխատում են Ազգային արխիվում, ընդ որում, իմ պաշտոնավարման ընթացքում նրանք ունեցել են որոշակի պաշտոնական առաջխաղացում: Տնօրենի մրցույթին մասնակցած բաժնի վարիչ Նարեկ Ղազարյանն այս ընթացքում աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ազգային արխիվի որևէ աշխատակցի նկատմամբ երբևէ ճնշումներ չեն գործադրվել:

Ովքե՞ր են և ի՞նչ մասնագիտություն ունեն Ձեր տեղակալները:

 – Ազգային արխիվի հաստիքացուցակով նախատեսված է տնօրենի տեղակալի երկու հաստիք: Այս պահին տնօրենի առաջին տեղակալի հաստիքը զբաղեցնում է Բաբկեն Սահակյանը, ով մասնագիտությամբ միջազգայնագետ է և ունի մասնավոր հատվածում ղեկավար աշխատանքի երկարամյա փորձ: Տնօրենի տեղակալի մյուս հաստիքն այս պահին թափուր է:

Արմավիրի, Մարտունու, Սևանի, Արտաշատի, Էջմիածնի բաժնի վարիչներն ովքե՞ր են, կապ ունե՞ն Ձեր ընկերների հետ:

 Արմավիրի մարզային մասնաճյուղի (ք.Էջմիածին) վարիչն է Հերմինե Ստեփանյանը, Մարտունու տարածքային ներկայացուցչության վարիչն է Աստղիկ Գալստյանը, Սևանի տարածքային ներկայացուցչության վարիչն է Արմինե Սարգսյանը: Արարատի մարզային մասնաճյուղի (ք.Արտաշատ) վարիչն է Խորեն Ուստյանը: Նշված անձանց հետ ընկերական կամ ազգակցական կապ չունեմ:

– Նախկին վարիչների հետ հանձնում-ընդունում արվե՞լ է, թե՞ ոչ:

 Նախկին վարիչների և աշխատանքից ազատված նյութական պատասխանատու հանդիսացող այլ աշխատակիցների հետ սահմանված կարգով կատարվել է նյութական արժեքների և ազգային արխիվային հավաքածուի մաս կազմող արխիվային նյութերի հանձնում-ընդունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս