Ազգային արխիվի տնօրենը նախքան կառավարության որոշումն իր նախաձեռնությամբ դադարեցրել է մասնաճյուղի գործունեությունը, 4 աշխատակից գործի չհաճախելով՝ ստացել է երկու ամսվա աշխատավարձ
Դեռևս հունիսի 21-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:
Ազգային արխիվի նախկին աշխատակից, գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանը 168.am-ին հայտնեց, որ իր փաստաբանի ներկայացրած հաղորդման հիման վրա գործ է հարուցել երկու հոդվածով՝ վատնում և պաշտոնեական դիրքի չարաշահում:
Հաղորդումների առիթով նյութերի նախապատրաստման տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 1-ի N-1077-Ն որոշման համաձայն՝ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը՝ գործառույթները փոխանցելով Լոռու մարզային մասնաճյուղին՝ ստեղծելով Տավուշի և Լոռու միասնական մարզային մասնաճյուղ: Որոշմամբ սահմանվել է գործունեությունը դադարեցրած մասնաճյուղի առկա փաստաթղթերի տեղափոխումն իրականացնել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Չսպասելով ՀՀ կառավարության որոշման ընդունմանը՝ «Հայաստանի ազգային արխիվ»-ի պաշտոնատար անձինք 2021թ.ապրիլի վերջին իրականացել են փաստաթղթերի տեղափոխումը, որի արդյունքում Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը 2021թ.մայիսի 1-ից դադարեցվել է:
«Այսինքն, Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը փաստացի դադարեցվել է՝ նախքան կառավարության որոշումը: Օրենքով մարզային մասնաճյուղերը բացում կամ փակում է կառավարությունը: Դա կառավարության լիազորությունն է, սակայն տնօրենն իր նախաձեռնությամբ դադարեցրել է Տավուշի մարզային մասնաճյուղի գործունեությունը, փաստաթղթերը տեղափոխել Լոռի: Դրանից երկու ամիս անց նոր եղել է կառավարության որոշումը: Այս երկու ամսվա ընթացքում փաստացի աշխատանք չի կատարվել, աշխատողները գործի չեն հաճախել ու ստացել են աշխատավարձ: Խոսքը 4 աշխատակցի մասին է, ովքեր առանց կազմակերպության օգտին որևէ աշխատանք կատարելու՝ ստացել են աշխատավարձ, հետո հետին ամիսներով տեղեկագրեր են կազմել, որպեսզի ցույց տան, թե իբր աշխատողները գնացել են գործի: Պաշտոնեական կեղծիքը վերաբերում է փաստաթղթերի փոփոխմանը, իսկ վատնումն այն է, որ առանց կազմակերպության օգտին աշխատանք կատարելու՝ աշխատավարձեր են վճարվել: Այստեղ նաև հարցն այն է, որ կառավարությունը, կարող է՝ հետո էր փակում մասնաճյուղը»,- մանրամասնեց Գևորգ Կեսոյանը:
Ի դեպ, նշված 4 անձինք ստացել են երկու ամսվա աշխատավարձերն ու դրան հավասարեցված այլ եկամուտները, որի հետևանքով առերևույթ վատման եղանակով կազմակերպությանը պատճառվել է 894․000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Եվ, նկատի ունենալով, որ հաղորդման առիթով նյութերի նախապատրաստմամբ հայտնաբերվել են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ, առկա է քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքը, և հաշվի առնելով, որ նախաքննությունը պարտադիր է բոլոր քրեական գործերով, իսկ նշված հոդվածներով նախաքննությունը ենթակա է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որոշվել է՝ պաշտոնատար անձնանց կողմից խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ, ընդունել վարույթ և կատարել նախաքննություն: