Նոր հարված տնտեսության մրցունակությանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել տնտեսությանն ու բնակչությանը մատակարարվող գազի սակագինը։ Ռուս-ուկրաինական հակամարտության ու Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների հետևանքով Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող անցանկալի երևույթների ֆոնին, մեզ միայն գազի գնի բարձրացումն էր պակասում։ Այս իրավիճակում գազի թանկացումն էլ ավելի կմեծացնի ճնշումը՝ ինչպես տնտեսական, այն էլ՝ սոցիալական հատվածում։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի որոշմամբ բնակչության համար գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով. գործող 139-ի փոխարեն՝ 1 խորանարդի գինը կկազմի 143,7 դրամ։ Նույնքան կվճարեն նաև մինչև 10 հազար խորանարդ օգտագործողները։

Գազը շուրջ 10 դոլարով կթանկանա նաև խոշոր սպառողների կամ տնտեսության համար՝ 255,91-ից դառնալով 265,81 դոլար։ Ջերմոցային տնտեսությունները և գյուղմթերքի վերամշակումով զբաղվող ընկերությունները կվճարեն 233,9 դոլար, որը ևս շուրջ 10 դոլարով բարձր կլինի նախկին գնից։

Գազի սակագնի այս բարձրացումը, առկա նոր մարտահրավերների պայմաններում, ևս մեկ հարված է լինելու տնտեսության մրցունակությանը։ Դա բերելու է նաև բնակչության սոցիալական խնդիրների խորացմանը։

Հայաստանի տնտեսությունն իր իրացման հիմնական շուկաներից մեկում արդեն իսկ բախվել է մրցունակության լուրջ դժվարությունների հետ՝ կապված պատժամիջոցների հետևանքով ռուսական արժույթի արժեզրկման և սպառման շուկաներում առաջացած անհարմարությունների հետ։ Սակագնի բարձրացումը, հատկապես տնտեսության այն հատվածներում, որտեղ արտադրության ինքնարժեքի կախվածությունը մեծ է գազի գնից, ավելի է թուլացնելու այդ ապրանքների մրցունակությունը։ Դրանից խուսափելու համար կա 2 տարբերակ՝ նվազեցնել շահույթները կամ տեխնիկական վերազինման միջոցով կրճատել ծախսերը։

Տեխնիկական վերազինում իրականացնելու համար ժամանակ, առավել ևս՝ միջոցներ են պետք, որոնք շատ դեպքերում տնտեսվարողները չեն կարողանում գտնել։ Բանկային վարկերը Հայաստանում թանկ են և քիչ հասանելի։ Մյուս կողմից՝ վերջին 2 տարիներին տնտեսությունն էապես կոցրել է վարկունակությունը։

Բանկերն էլ իրենց հերթին են խուսափում տնտեսության մեջ վարկային ներարկումներ անելուց։

Տեխնիկական վերազինման միջոցով հակակշռել գազի թանկացմանը՝ քիչ հավանական է։

Արտաքին տնտեսական միջավայրում տեղի ունեցող վերջին դրսևորումների պայմաններում քիչ են նաև եկամուտները կամ շահույթները սեղմելու հնարավորությունները։

Այնպես որ, գների բարձրացման այլընտրանքը տնտեսության համար խիստ սահմանափակ է։ Բայց դա էլ բերելու է մեկ այլ բարդության. ռուսական շուկայում տեղի է ունենում գնողունակ պահանջարկի կրճատում, որը հանգեցնելու է իրացման ծավալների կրճատման։ Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության հետ կապված բացասական սպասումները՝ գնողունակ պահանջարկի վերականգնումը դեռ երկար կտևի։

Արդեն կան առաջին փորձագիտական գնահատականները, որոնց համաձայն՝ այս տարի Ռուսաստանի տնտեսությունը մինչև 3,5 տոկոս անկում կարձանագրի։

Դա էլ իր հերթին՝ բերելու է սպառողների եկամուտների նվազման և գնողունակության անկման։

Դեռ չհաշված սպասվող բարձր գնաճը, որը ռուբլու այդպիսի արժեզրկումից հետո հազիվ թե երկնիշից պակաս լինի։

Այս ամենը դժվարացնելու է ռուսական շուկայում հայկական բիզնեսի վիճակը։ Ու դրան հիմա ավելանում է նաև գազի սակագնի բարձրացման բեռը։ Մինչ այդ էլ բարձրացել էր նաև էլեկտրաէներգիայի սակագինը, որի ազդեցությունը ևս փոքր չէ տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

Գազի թանկացումն ունենալու է ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական հետևանք։

Բնակչության համար ոչ միայն բարձրանում է սակագինը, այլև դրա ազդեցությունը մեծանում է տնտեսական հատվածից փոխանցվող գնաճի տեսքով։ Եվ դա այն պարագայում, երբ Հայաստանում այս տարի եկամուտների ավելացում չի նախատեսվում գրեթե ոչ մի ոլորտում։ Իշխանությունները տարբեր պատճառաբանություններով տապալեցին՝ ինչպես նվազագույն աշխատավարձի, այնպես էլ՝ կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությունները։

Նախորդ տարվա թանկացումներից հետո, այս տարի ևս շարունակում է արձանագրվել ոչ պակաս բարձր գնաճ, առավել ևս՝ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում։ Ռուս-ուկրաինական հակամարտության ու Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների հետևանքով համաշխարհային տնտեսության մեջ ու միջազգային շուկաներում կրկին նկատվում են գնաճի ակտիվացման երևույթներ, որոնք արտահայտվելու են նաև մեր ապրանքային շուկաներում։ Որոշ դեպքերում դա արդեն նկատվում է։ Կրկին սկսել են բարձրանալ հեղուկ վառելանյութի գները։

Սոցիալական խնդիրների խորացումը, սակայն, միայն գնաճի հետ չէ, որ կապված է։

Ռուսաստանի տնտեսության մեջ սպասվող վատթարացումը մեր բազմաթիվ քաղաքացիների համար դժվարություններ է ստեղծելու այստեղ աշխատանք և հատկապես նորմալ վարձատրվող աշխատանք գտնելու առումով։ Աշխատավարձերը ռուսական շուկայում մնացել են նույնը, փոխարենը՝ ընկել է ռուբլու փոխարժեքը։ Եթե անցած տարի արտագնա աշխատանքի մեկնողները կարող էին համաձայնել աշխատել 50-60 հազար ռուբլով, ապա հիմա դա այլևս ձեռնտու չէ։

Հաշվի առնելով տնտեսական իրավիճակը, մոտակա ժամանակահատվածում հազիվ թե Ռուսաստանում աշխատանքի վարձատրության մակարդակն էական փոփոխություն կկրի։ Այդ պարագայում շատերի համար պարզապես նպատակահարմար չի լինելու արտագնա աշխատանքի մեկնելը։ Ներսում աշխատանք գտնելն էլ անհույս է։

Նրանք, ովքեր իրենց սոցիալական խնդիրները լուծում են Ռուսաստանում, այս տարի կանգնած են ծանր ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ արտագնա աշխատանքի։ Իսկ այդպիսիք մեր երկրում քիչ չեն։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, անցած տարի Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել շուրջ 300 հազար մարդ։

Դժվար չէ հաշվել, թե Ռուսաստանի տնտեսության վիճակի վատացումն ու ռուբլու արժեզրկումն ինչքան հայաստանյան քաղաքացու վրա է ազդեցություն թողնում։ Այդ մարդիկ և նրանց ընտանիքները տուժելու են ոչ միայն՝ իրենց եկամուտների նվազման, այլև՝ գազի ու հանրային մյուս ծառայությունների սակագների բարձրացման, ինչպես նաև արձանագրվող բարձր գնաճի հետևանքով։

Սա սոցիալական լուրջ խնդիր է, որի առաջ կանգնած է մեր հասարակության մի հսկայական հատված։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս