Բաժիններ՝

Գերմանիայի ոստիկանությունը լիազորություն կստանա ոչնչացնել սպառնալիք ներկայացնող անօդաչուները

Գերմանիան ոստիկանությանը լիազորություն կտա ոչնչացնել անօդաչու թռչող սարքեր, եթե դրանք որևէ տեսակի վտանգ ներկայացնեն։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հոկտեմբերի 8-ին կառավարությունն ընդունել է համապատասխան օրենքը, որը պետք է վավերացվի խորհրդարանի կողմից։

Նոր օրենքի համաձայն՝ ոստիկանությանը թույլատրվելու է իջեցնել Գերմանիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերը, իսկ դրանցից հնարավոր սպառնալիքի կամ վնասի պարագայում՝ պարզապես ոչնչացնել դրանք։

Որպես անօդաչու թռչող սարքերն իջեցնելու տարբերակներ են դիտարկվում լազերների կիրառումը կամ ազդանշանների խլացումը՝ կառավարման և նավիգացիոն կապերը խզելու նպատակով։

«Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են մեր անվտանգությանը։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք ուժեղացնում ենք դաշնային ոստիկանության լիազորությունները, որպեսզի ապագայում ավելի արագ հնարավոր լինի հայտնաբերել անօդաչուներն ու հակազդել դրանց», – X սոցիալական ցանցում գրառման մեջ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նոր օրենքը ընդունվել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Գերմանիայի երկրորդ խոշորագույն՝ Մյունխենի օդանավակայանում տասնյակ չվերթներ փոխեցին ուղղությունը կամ չեղարկվեցին անօդաչու թռչող սարքեր նկատելուց հետո, ինչի հետևանքով տուժեց ավելի քան 10,000 ուղևոր։

Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ դաշնային ոստիկանության կազմում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում, իսկ հետազոտողները կխորհրդակցեն Իսրայելի և Ուկրաինայի հետ, քանի որ նրանք ավելի առաջադեմ են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում։

Դոբրինդտը նշել է, որ ոստիկանությունը կզբաղվի ծառերի մակարդակին մոտ թռչող անօդաչու թռչող սարքերով, մինչդեռ ավելի հզոր անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում կներգրավվեն զինվորականները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս