
ԱԱՀ վերացում, արդյունաբերական գոտիների ստեղծում, բիզնեսի խթան, գյուղատնտեսության զարգացում. Դավիթ Անանյանը ներկայացնում է «Միասնության թևեր» ուժի ծրագրի տնտեսական բաղադրիչը
Այսօր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը հայտարարեց իր գործունեության մեկնարկը:
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց «Միասնության թևեր» ուժի ծրագրի տնտեսական բաղադրիչը:
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը փոխվում է արագ, իսկ պետությունները կանգնած են նոր մրցակցության դարաշրջանի առջև։ Մեր երկրի համար այս փոփոխությունների համատեքստում մեկ բան է ակնհայտ․ Հայաստանը այլևս չի կարող զարգանալ հին մոդելով՝ սպառման և ներմուծման հաշվին։ Ժամանակն է փոխել տնտեսական մտածողությունը, ձևավորել նոր ազգային մոդել՝ ստեղծարար, արտահանող և տեխնոլոգիական Հայաստան։
Մեր նպատակը պարզ է, բայց համարձակ․ Հայաստանը պետք է ապրի ոչ թե իր ներքին սպառման հաշվին, այլ՝ իր ստեղծած արտադրանքի և գաղափարի արժևորումով համաշխարհային շուկաներում։ Մենք պետք է վաճառենք աշխարհին ոչ թե հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիա, արդյունք։ Սա է մեր նոր տնտեսական ճանապարհի էությունը՝ անցում սպառման տնտեսությունից դեպի արտահանելի և բարձր արժեք ստեղծող տնտեսություն։
Հանքարդյունաբերությունը պետք է դառնա վերամշակող և բարձր տեխնոլոգիական ոլորտ։ Հայաստանի հարստությունը չի կարող ընդերքից արդյունահանվել և տեխնոլոգիական պարզագույն փուլ անցնելուց հետո արտահանվել որպես հումք։ Արդյունահանված պաշարները պետք է վերածվեն այնպիսի պատրաստի արտադրանքի, որի արժեքը ոչ թե կրկնակի, այլ բազմակի անգամ գերազանցում է արտահանվող հումքի արժեքը։
Մենք նաև կկազմակերպենք պոչամբարների շահագործում՝ բնապահպանական պատասխանատվությամբ և տնտեսական արդյունավետությամբ։
Բայց արդյունաբերությունը չի սահմանափակվելու հանքարդյունաբերությամբ։ Մենք կկառուցենք արդյունաբերական գոտիներ ողջ Հայաստանով մեկ՝ Սյունիքից մինչև Տավուշ, Աշոցքից մինչև Արմավիր։ Յուրաքանչյուր մարզում առնվազն երկու արդյունաբերական գոտի, որոնք կդառնան տնտեսության նոր դարբնոցներ՝ հագեցած ենթակառուցվածքներով, մաքուր վերականգնվող էներգիայով, ավտոնոմ համակարգերով։ Արդյունաբերական գոտիները միացված կլինեն երկաթուղային և ավտոմայրուղային ցանցերին, հասանելիություն ապահովելու համար մի կողմից՝ դեպի Սև ծովի նավահանգիստներ, մյուս կողմից՝ դեպի Իրանի ծովային դարպասներ։
Արդյունաբերական գոտիներում կգործեն գրեթե զրոյական հարկային ռեժիմներ, փոխարենը՝ տնտեսավարողները կվճարեն միայն պետական տուրք՝ զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար։ Այստեղ կգործի պարզեցված վարչարարություն և հստակ պայմաններ՝ միայն մեկ նախապայմանով՝ արտադրանքը պետք է լինի բարձրարժեք, բարձր տեխնոլոգիական և արտահանելի։
Այսպիսով՝ արդյունաբերական գոտիները դառնալու են ոչ միայն արտադրական, այլև ներդրումային հարթակներ, որտեղ հայաստանյան և Սփյուռքի կապիտալը միավորվելու են՝ ստեղծելու ազգային արդյունաբերության նոր քարտեզ։
Գյուղատնտեսությունը մեր տնտեսության ողնաշարն է։ Այն պետք է դառնա ոչ թե գոյատևման ոլորտ, այլ զարգացման հենասյուն։ Նպատակը սննդամթերքի, այդ թվում ՝ ռազմավարական ապրանքների, ինքնաբավություն ապահովելն է, որպեսզի երկիրը կախված չլինի արտաքին շուկաներից։ Բայց մենք այլևս չենք սահմանափակվելու ինքնաբավության գաղափարով։ Մեր նպատակն է՝ ստեղծել գյուղատնտեսական արտադրություն, որը կարտադրի ոչ միայն մեր սպառման, այլ նաև արտահանման համար։
Մենք կխթանենք վերամշակող գյուղատնտեսությունը՝ խելացի ջրային համակարգերով, գյուղատնտեսական տեխնոպարկերով և պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերով։ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային գյուղարդյունաբերական կենտրոն՝ մատակարարելով բարձր որակի սնունդ և օրգանական արտադրանք արտաքին շուկաներին։
Հայաստանի նոր տնտեսական մոդելը անհնար է առանց Սփյուռքի ներուժի։ Մենք հավատում ենք, որ Սփյուռքը մեր ահռելի ներդրումային, գիտական և մարդկային կապիտալն է։
Մեր տեսլականում Սփյուռքը այլևս նվիրատու չէ, այլ համահեղինակ և համասեփականատեր։
Մենք կստեղծենք միասնական տնտեսական դաշտ, որտեղ Սփյուռքի գործարարները, ինժեներները, գիտնականներն ու ներդրողները գործելու են նույն կանոններով, ինչ Հայաստանի քաղաքացիները՝ առանց արհեստական խոչընդոտների։ Սա է մեր համահայկական տնտեսության մոդելը՝ Հայաստան՝ որպես գլոբալ հայկական տնտեսության կենտրոն։
Մենք առաջարկելու ենք նոր հարկային համակարգ, որը համապատասխանելու է այս տնտեսական մոդելին։ Մենք հրաժարվելու ենք սպառման հարկման մոդելից՝ վերացնելով ԱԱՀ-ն աստիճանաբար՝ փոխարինելով այն վաճառքի հարկով, 5-6 տոկոս հարկման բեռով՝ պարզ և արդար ձևաչափով։ Մենք կբարձրացնենք ուղղակի հարկերի, մասնավորապես՝ շահութահարկի և եկամտային հարկի դերը՝ դրանց պրոգրեսիվ հարկման համակարգերը դարձնելով զարգացման և սոցիալական բևեռացման մեղմման խթան։
Փոքր և միջին բիզնեսի համար ներդրվելու են նվազագույն հարկային ռեժիմներ՝ նորարարական գաղափարները խթանելու համար։
Վերաիմաստավորված բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկի հարկման նոր համակարգ կներդրվի՝ միջազգային փորձին համահունչ՝ շահութահարկ վճարելու պարտականությունը միայն դիվիդենտների բաշխման դեպքում կրելու պարտավորություն սահմանելու միջոցով։
Մինչ նոր համակարգի գործարկումը, ՓՄՁ-ների համար մենք վերականգնելու ենք մինչև 2025թ․ հունվարի 1-ը՝ հարկման այլընտրանքային համակարգերին՝ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերին հասանելիությունը, ինչպես նաև հարկային բեռի հաշվարկման նախկինում գործող դրույքաչափերը՝ չեղարկելով հարկային օրենսդրության մեջ անհեռատես ու անհիմն վերջին փոփոխությունները։
Մեր երկիրը փոքր է, մենք չենք կարող մրցել մեծությամբ, բայց կարող ենք հաղթել արագությամբ, ճկունությամբ և մտքի ուժով։ Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր։
Մենք կզարգացնենք ռազմարդյունաբերությունը՝ ինտեգրելով բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ռոբոտատեխնիկա և կիբեռանվտանգություն։ Մեր նպատակը պարզ է՝ Հայաստանը պետք է կարողանա ոչ միայն պաշտպանվել, այլև ստեղծել պաշտպանական տեխնոլոգիաներ, որոնք կարտահանվեն համաշխարհային շուկաներ։
Բացի այդ, Հայաստանը պետք է զարգացնի իր իրական մասնակցությունը տիեզերական հետազոտությունների ոլորտում։ Տիեզերքը ոչ թե հեռու երազ է, այլ նոր տնտեսական սահման՝ փոքր տնտեսություն ունեցող երկրների համար։ Այնտեղ մենք կարող ենք լինել խելքով, ոչ թե ծավալով։
Մեր երկրի փոքր տարածքը սահմանափակում չէ, դա մարտահրավեր է, որը պետք է դարձնել առավելություն։ Փոքր տնտեսություն ունեցող երկիրը կարող է դառնալ խելացի պետություն՝ որտեղ արագ որոշումներ են ընդունվում, կառավարման համակարգը ճկուն է, իսկ տնտեսությունը՝ բարձր տեխնոլոգիական։ Մենք չենք ձգտելու ընդօրինակել մեծ երկրների մոդելները․ մենք կառուցելու ենք մեր սեփական մոդելը՝ հիմնված արդյունավետության, արդարության և ստեղծարարության վրա։
Սիրելի հայրենակիցներ,
Մենք կանգնած ենք մի դռան առաջ, որը բացվելու է միայն մեր համատեղ ուժով և ջանքերով։ Մենք առաջարկում ենք ոչ թե փորձարարություն, այլ՝ համակարգային մտածողություն։
Այս ճանապարհը հեշտ չէ, բայց այն իրական է։
Մենք կկառուցենք Հայաստանը, որը կարտադրի, կպաշտպանի և կստեղծի։
Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք։
Սա է մեր նոր տնտեսական ուղին։ Սա է մեր ապագան»: