
Իսրայելի նախագահը Թրամփին արժանի է համարում Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կարծում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դադարեցնելու և Մերձավոր Արևելքում նոր իրականություն հաստատելու գործում ջանքերի համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է դառնալ այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
Շնորհակալություն հայտնելով Գազայում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության կայացման գործում ներգրավված բոլոր միջնորդական թիմերին՝ նա մասնավորապես ընդգծել է․ «Ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անօրինակ առաջնորդության համար, որը հանգեցրել է գերիների ազատ արձակմանը, վերջ է տվել պատերազմին ու Մերձավոր Արևելքում նոր իրականության հույս առաջացրել։
Կասկած չկա, որ նա սրա համար արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Առաջիկա օրերին եթե մեզ այցելի, մենք նրան կընդունենք Իսրայելի ժողովրդի կողմից մեծագույն հարգանքով, սիրով ու երախտագիտությամբ»։
Խաղաղության Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկրի անունը հայտարարվելու է հոկտեմբերի 10-ին։