«Մեր խնդրի լուծման միակ տարբերակը նոր ջրագծի կառուցումն է․ հիմա ջուրը քիչ է՝ մի կերպ յոլա է տանում բնակչությանը». Նորաբակի գյուղապետ
Գեղարքունիքի մարզում խմելու ջրի խնդրի լուծման միակ տարբերակը նոր ջրագծի կառուցումն է, այլ տարբերակ չկա, քանի որ նախկինում կառուցված ջրագծի մի հատվածն այսօր ադրբեջանցիների հսկողության տակ է։ Նրանք այդ ջրագծերն իրենց հսկողության տակ են վերցրել 2021 թվականի մայիսի 12-ից, երբ ներխուժեցին ու հաստատվեցին Հայաստանի սուվերեն տարածքում։ Այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը։
«Մեր խնդրի լուծման միակ տարբերակը նոր ջրագծի կառուցումն է, ես այդպես եմ տեսնում խնդրի լուծումը։ Մենք նոր ջրագիծ էինք կառուցել, կիսատ էր մնացել, հիմա մնացել է թշնամու հսկողության տակ։ Հիմա որ նոր ջրագիծ կառուցենք, մոտ տեղից պետք է ջուրը բերենք-հասցնենք գյուղ»,- նշեց Նորաբակի գյուղապետը։
Ըստ գյուղապետի՝ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չկան, ճիշտ է, դրանց ակունքները նույնպես թշնամու մոտ են գտնվում, սակայն կարողանում են առուները նորոգել ու ջուրը հասցնել գյուղ։
«Հիմա գյուղ ջուր քիչ է գալիս, դրա ակունքները թշնամու հսկողության տակ չեն, դրանից ենք օգտվում, քիչ է, մի կերպ յոլա է տանում բնակչությանը»,- հավելեց Վ. Ասատրյանը։
Ինչ վերաբերում է թշնամու սադրանքներին, Վազգեն Ասատրյանն ասաց, որ որոշ ժամանակ է՝ թշնամին լուռ է։
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասել էր, որ 18 համայնքներից 6-ում առկա է ջրի խնդիր, դրանցից որոշներն առհասարակ ջուր չունեն, որոշներն էլ՝ մասնակի չունեն։
«2021 թվականի մայիսի 12-ից այս խնդիրն առկա է, հիմա սպասում ենք՝ եղանակները բացվեն, մտածենք այլընտրանքային ճանապարհով ջուր ունենալու մասին։ Պետք է հասկանանք, թե կառավարությունն ինչ է մտածում, ի վիճակի՞ է մեզ համար որևէ բան անել։ Օրինակ, Նորաբակում այլընտրանքը կար, գյուղում 3 «տոչկա» ջուր էր գալիս, Սոթքում նոր ջրագիծ ենք քաշել, սակայն սա չի նշանակում, որ սա նորմալ վիճակ է։ Մենք մշտապես այլընտրանքային ճանապարհների մասին ենք մտածում, այսօրվա դրությամբ Գեղամապատ գյուղն ամբողջովին զրկված է ջրից։ Գյուղերը, որոնք ջուր չունեն, մեքենաներով կողքի գյուղերից բերում են»,- նշել էր Հակոբ Ավետյանը։