Ազգային արժույթի արժեզրկումը լրացուցիչ գնաճային ճնշում է. Թադևոս Ավետիսյան
Տնտեսագետներն արձանագրում են, որ փետրվարի վերջից սկսած դրամի արժեզրկումը նոր գնաճային միտումներ առաջ կբերի:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այս խնդիրները կանխատեսելով էր դեռ օրեր առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել հարցը:
«Նկատել էի, որ ազգային արժույթի վրա արժեզրկման լրացուցիչ ճնշումներ են լինելու: Եվ այդ մասին հարցադրում անելով՝ ակնկալում էի, որ պետք է ավելի ուշադրություն դարձվի խնդրին, որովհետև իրականում պետք է փաստենք՝ գնաճը մեր երկրում շարունակվում է և շատ մտահոգիչ միտում ունի՝ ավելի առաջանցիկ է մեծանում, իսկ ազգային արժույթի արժեզրկումը լրացուցիչ գնաճային ճնշում է:
Երկրորդ կարևոր գործոնը միջազգային շուկաներում վառելիքի թանկացումն է, երրորդ կարևոր գործոնը՝ ապրիլի 1-ից բարձրացող գազի սակագինը, որը, ի դեպ, հաշվարկված չէր այս տարվա գնաճային կանխատեսվող, թիրախավորվող ցուցանիշի մեջ, և հաջորդը՝ առհասարակ, աշխարհաքաղաքական անորոշությունները, ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում՝ տնտեսական հետևանքներով»,- մանրամասնեց տնտեսագետը:
Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ թվարկած կարևոր գործոնները նոր են ի հայտ եկել, ու պետք է լինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ մինչդեռ, ըստ նրա, դրանք կանխարգելելու համար իշխանությունների կողմից անհրաժեշտ քայլեր չեն արվում:
«Նորից նույն վիճակն է. նորից հանգստացնում են, թե առանձնապես խնդիրներ չկան, փոխարժեքի տատանումը կապում են հասարակության հոգեբանական գործոնի հետ, գազի թանկացումը ձևակերպում են խառնաշփոթ հիմնավորումներով:
Ինչքա՞ն կարելի է այսքան մատների արանքով նայել այն կարևոր խնդիրներին, որոնք առաջանալու ժամանակ արդեն իսկ պետք է կանխարգելվեն, որպեսզի նորից չսկսենք հետևանքների վերացման մասին մտածել՝ ինչպես քովիդի համավարակի դեմ պայքարը: Այդ ժամանակ ևս մատների արանքով նայեցին, տնտեսությունը մինչև վերջ հյուծեցին, և նոր փորձեցին հետևանքների վերացման անօգուտ միջամտություններ իրականացնել»,- նկատեց նա:
Իսկ մարտահրավերների կանխարգելման համար տնտեսագետը կարևորեց պետության կողմից խնդիրների խորքային գնահատումն ու հստակ գույքագրումը, բիզնեսի հետ քննարկումների իրականացումը, հակաճգնաժամային ծրագրի մշակումը.
«Պետք է ներմուծող ու արտահանող տնտեսվարողների հետ ակտիվ քննարկումներ սկսել, բայց ոչ թե ձևական-խորհրդատվական. պետք է հասկանալ, թե ինչ կոնկրետ խնդիրներ կան, որից հետո պետք է բերվի պետության աջակցության հակաճգնաժամային ծրագիր: Ակնհայտ է, որ սա ճգնաժամի բերող իրավիճակ է. առանց այն էլ՝ մեր տնտեսությունը դեռ չի վերականգնվել, և կրկին նոր մարտահրավերներ են ի հայտ եկել՝ կոնկրետ հետևանքներով:
Այստեղ սկզբունքը պետք է լինի կանխարգելիչ միջամտությունը, ոչ թե այժմ էլ ողջ մեղքը բարդեն ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների վրա և ասեն՝ ի՞նչ անենք, աշխարհում՝ էնպես, տարածաշրջանում՝ էսպես: Սա պետության մոտեցում չէ, պատասխանատու մոտեցում չէ: Սա, ընդհակառակը, խնդիրները չտեսնելու տալու կամ չհասկանալու անպատասխանատու մոտեցում է»: