Դրամը գնում է ռուբլու հետքերով. ինչպե՞ս դա կազդի գնաճի վրա, և ի՞նչ են մտածում Կենտրոնական բանկն ու կառավարությունը

Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին իսկական խառնաշփոթ է տիրում։ Էապես մեծացել է լարվածությունը։ Ռուբլու արժեզրկումն աստիճանաբար փոխանցվում է դրամին։ Արագորեն ընկնում է նաև դրամի գինը։

Դոլարի փոխարժեքը կրկին հատել է 500 դրամի սահմանագիծը։ Ամերիկյան արժույթի գնման գինը փոխանակման կետերում համատարած նույնն է։

Նման բան սովորաբար լինում է այն դեպքում, երբ ինչ-որ տեղից հրահանգ է իջեցվում։ Հավանաբար դժվար չէ հասկանալ, թե որտեղից կարող էր գալ այդպիսի հրահանգը։

500 դրամից մի փոքր ավելի առքի պարագայում դոլարը վաճառվում է 15-20 դրամով ավելի բարձր գնով։ Գնման ու վաճառքի գների տարբերությունը ոչ մի կերպ չեն կարգավորվում, ինչը վկայում է շուկայի անորոշությունների մասին։ Մասնակիցները հակված են կարծել, որ դրամը կշարունակի թուլանալ։

Դրամի թուլացումը տեղի է ունենում՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Եվրոն ևս արժևորվել է։

Դրամի թուլացումը բերել է նրան, որ մի փոքր բարձրացել է արժեզրկված ռուբլու փոխարժեքը, չնայած ռուսական շուկայում այն հերթական հակառեկորդն է գրանցել. դոլարի գինն անցել է 111 ռուբլուց։ Մինչև ռուս-ուկրաինական պատերազմը այն 73 ռուբլի էր։ Ոչ այդքան կտրուկ, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ զգալիորեն արժեզրկվել է նաև դրամը։

Բավական երկար ժամանակ դոլարի գինը Հայաստանում տատանվում էր 480 դրամի սահմաններում։ Երբեմն մի փոքր բարձրանում էր, երբեմն՝ իջնում։ Փետրվարի վերջից սկսած դրամը սկսեց արժեզրկվել։ Բայց արժեզրկումը կտրուկ ակտիվացավ մարտի առաջին օրերին։ Մեկ շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամը հասցրել է թուլանալ գրեթե 8 տոկոսով։

Սա կտրուկ արժեզրկում է, որը խնդիրներ է ստեղծելու ապրանքային շուկաներում։

Հայտնի է, որ փոխարժեքը միշտ էլ Հայաստանում գների վրա ազդող ամենաէական գործոններից մեկն է եղել։

Դրամի թուլացումը մեծացնում է ճնշումը հատկապես ներմուծվող ապրանքների գների վրա։ Եթե արժութային շուկայի այս իրավիճակը պահպանվի, ապա պետք է սպասել այդ հատվածից թելադրված գնաճի հերթական ալիքին։

Կասկած չկա, որ դա բերելու է ներմուծվող բազմաթիվ ապրանքների գների բարձրացման։

Թե գնաճային նոր ալիքն ինչ է նշանակում սպառողների համար, հավանաբար հարկ չկա բացատրելու։ Առանց դրա էլ մեր շուկան գտնվում է գնաճի բարձր միջավայրում։ Անցած տարին փակեցինք 7,6 տոկոսով։ Խոսքը միջին գնաճի մասին է։ Առաջին անհրաժեշտության ապրանքների մասով էլ ունեցանք՝ երկնիշ, երբեմն էլ՝ նույնիսկ եռանիշ գնաճ։

Տարեսկիզբը ևս մեկնարկել է բարձր գնաճով։ Հունվարին 12-ամսյա գնաճը կազմեց՝ 7,1, փետրվարին՝ 6,5 տոկոս։ Սննդամթերքի գնաճը մոտենում է 12 տոկոսին։ Եվ սա՝ այն ժամանակ, երբ դեռևս չկային գործոնները, որոնք վերջին շրջանում էապես մեծացրել են գնաճի հետ կապված ռիսկերը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ բազմաթիվ երկրներ վերջին օրերին սկսել են վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ նպատակ ունենալով մեղմել թանկացումների ալիքը։

Աննախադեպ կտրուկ քայլ արեց հատկապես Ռուսաստանի Կենտրոնական բանկը՝ 9,5-ից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնելով 20-ի։ Բելառուսում հիմնական տոկոսադրույքը միանգամից ավելացվեց 2,75 կետով՝ 9,25-ից դարձնելով 12 տոկոս։ Ղրղըզստանի Ազգային բանկը ևս վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և հասցրեց 10 տոկոսի։

Չնայած նկատվող գնաճային նոր ռիսկերին, առայժմ լուռ է մեր Կենտրոնական բանկը։ Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքն 8 տոկոս է։

Վերջին անգամ ԿԲ-ն փոքր քայլ կատարեց փետրվարի սկզբին, երբ դեռևս գնաճային ճնշումներն այսքան չէին ահագնացել. տոկոսադրույքը բարձրացվեց 0,25 կետով։ Դա ևս ուղղված էր գնաճի զսպմանը, բայց հիմա ռիսկերն այստեղ ավելի են մեծացել։ Այն ժամանակ ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ ռուս-ուկրաինական լարվածությունն այսքան կխորանա, ինչի հետևանքով Ռուսաստանի տնտեսությունը կհայտնվի այսպիսի ահռելի պատժամիջոցների տակ։

Որքան էլ այդ պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի տնտեսության դեմ, միևնույն է, դրանից տուժում է նաև համաշխարհային տնտեսությունը։ Սպասվում է տնտեսական զարգացումների դանդաղում և գնաճային ճնշումների խորացում։

Դա արդեն տեսնում ենք հատկապես էներգակիրների համաշխարհային շուկաներում։ Գազի գինը հերթական ռեկորդներն է գրանցում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ թանկացել է նաև նավթը։ Եթե մինչև վերջերս այն գտնվում էր բարելի դիմաց 90 դոլարից ներքև, ապա հիմա հասել է 110 դոլարի։ Որոշ փորձեր արվում են առաջարկն ավելացնելու և գնաճը զսպելու համար, բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք, ու ստիպված ենք ելնել այդ իրողություններից։

Գնաճային ճնշումները մեծացել են ոչ միայն՝ հումքային, այլև՝ պարենային ապրանքների շուկաներում։ Դրանք ինչ-որ ձևով փոխանցվելու են նաև Հայաստան։

Թե ի՞նչ են մտածում իշխանությունները թանկացումների հետևանքները հասարակության վրա թուլացնելու ուղղությամբ, հայտնի չէ։ Այդպիսի ահազանգերն անպատասխան են մնում։

Դա նշանակում է, որ հասարակությունը կրկին մենակ է մնալու այն խնդիրների հետ, որոնց առաջիկայում բախվելու ենք ապրանքային շուկաներում՝ գների հերթական բարձրացումների տեսքով։ Սոցիալական իրավիճակը շարունակելու է լարվել՝ ուղեկցվելով աղքատության խորացմամբ։

Ժամանակին իրեն որպես սպառողների շահերի ջերմեռանդ պաշտպան ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում վաղուց մոռացել է անգամ սոցիալական խոցելի խմբերի մասին։ Երբ խոսք է լինում սոցիալական վճարներն ավելացնելու մասին, պատճառաբանում է, որ բյուջեն նման հնարավորություն չունի։ Բյուջեի հնարավորությունները թույլ են տալիս պարգևավճարներ տալ, թանկարժեք մեքենաներ գնել, դատաիրավական ոլորտում աշխատավարձ կամ թոշակ բարձրացնել, բայց թույլ չեն տալիս ավելացնել նվազագույն աշխատավարձը, բարձրացնել թոշակն ու նպաստը։

Այս խմբերում ընդգրկված քաղաքացիները, նրանց հետ՝ նաև շատ այլ քաղաքացիներ, ստիպված են լինելու կրել գնաճի ազդեցությունը՝ չունենալով եկամուտների ավելացում։

Առայժմ հայտնի չէ նաև, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Կենտրոնական բանկը՝ գնաճի հետ կապված ռիսկերը մեղմելու համար։ Մի բան պարզ է, որ ազգային արժույթի նկատվող թուլացումը մեծացրել է ճնշումն այս առումով։

Գնաճը զսպելու հիմնական գործիքը, որն ունի Կենտրոնական բանկը, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է։ Առաջիկայում, ըստ ամենայնի, ԿԲ-ն հարկադրված կլինի գնալ հենց այդ ճանապարհով՝ շարունակելով թանկացնել փողը և վարել զսպողական քաղաքականություն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս