Բաժիններ՝

Այսօրվա ֆոնին բացառված չէ, որ դրամը կշարունակի արժեզրկվել. Հրանտ Միքայելյան

Ընդամենն օրեր առաջ ամերիկյան 1 դոլարը կարելի էր ձեռք բերել 483-485 դրամով, իսկ այսօր՝ նվազագույնը՝ 515, իսկ առավելագույնը՝ 520 դրամով, թանկացել է նաև եվրոն և միջինում վաճառվում է 577 դրամով։ Ռուսական ռուբլու արժեզրկմանը զուգահեռ՝ փաստացի ականատես ենք լինում հայկական դրամի՝ մյուս հիմնական արտարժույթների՝ դոլարի, եվրոյի նկատմամբ արժեզրկմանը:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը թեև շեշտում է, որ այս իրավիճակին օբյեկտիվ գնահատական կարող է տալ միայն Կենտրոնական բանկը, այդուհանդերձ, առանձնացնում է մի քանի հիմնական վարկածներ՝ դրանք պայմանավորելով աշխարհաքաղաքական իրավիճակով, ռուս-ուկրաինական հակամարտության երկրորդ ճակատ հանդիսացող տնտեսական սանկցիաների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությամբ:

«Եթե ՌԴ-ից առկա է գումարի արտահոսք, ապա դա կարող է ուղեկցվել նաև Հայաստանից կապիտալի արտահոսքով: Դրան հավելենք նաև, որ մարդիկ, իրավիճակով պայմանավորված, գուցե սկսում են անհանգստանալ (խնայողությունները վերածում են դոլարի,- Զ․Դ․): Կամ, օրինակ, ՌԴ ԿԲ-ն կարող է փորձել արժույթը գնել հարևան երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում, որպեսզի բալանսավորի ռուբլու փոխարժեքը, այսինքն՝ պատճառները կարող են տարբեր լինել:

Բայց, ամեն դեպքում, այսօրվա ֆոնին բացառված չէ, որ դրամը շարունակելու է արժեզրկվել, թե ինչ չափով՝ դեռ պարզ չէ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը:

Հրանտ Միքայելյանը, սակայն, հավելեց, որ ԿԲ-ի կողմից ամեն գնով դրամի պահպանումն այս պարագայում վտանգավոր է, որովհետև արժույթը հետխորհրդային այլ երկրների արժույթների նկատմամբ կթանկանա, ինչի հետևանքով ՀՀ տնտեսությունը պակաս մրցունակ կդառնա:

«Դրամը շուկայական արժեքից շատ չպետք է կտրվի»,- շեշտեց նա:

«Այս իրավիճակը գնահատում եմ՝ որպես ՀՀ-ից անկախ ստեղծված տնտեսական և քաղաքական սպառնալիք, որը, չգիտեմ՝ ինչքանով է հնարավոր չեզոքացնել: Գուցե բնակչության ամենաաղքատ խմբերին պետք է պարենային փաթեթնե՞ր տրամադրել: Ոչ միշտ է հնարավոր ինչ-որ բան անել, մանավանդ, եթե հաշվի առնենք ՀՀ ռեսուրսները»,- եզրափակեց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս