Էքզիստենցիալ սպառնալիքի առաջ ենք. պետք է մտածել՝ ինչ անել, որ հայ ազգն ապագայում լինի. Արմեն Օրուջյան

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմը ցույց տվեց, թե մենք ինչի՞ կարիք ունենք. այդ պատերազմում մենք տեսանք մեր հզոր և խիզախ երիտասարդներին, ունեինք նաև լավ տեխնիկա, սակայն պարտվեցինք. պարտվեցինք, որովհետև, ի թիվս այլ խնդիրների, չունեինք ինովացիոն, նոր, ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիք, ինչը մեզ պետք է պաշտպաներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմից հետո մեր պետության առաջ ծառացած մարտահրավերների ու առաջնահերթությունների մասին, նման տեսակետ հայտնեց «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը՝ հավելելով.

«Հիմա եկեք նայենք նաև այսօրվա՝ ռուս-ուկրաինական պատերազմին. դարձյալ թուրքական «Բայրաքթարներն» են օգտագործվում, ու այստեղ դրանց քանակն էական չէ. էականն այդ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելն է։ Դա մեզ անհրաժեշտ է, որովետև այն, ինչ հիմա կատարվում է ռուս-ուկրաինական դաշտում, վաղը կարող է կատարվել նաև մեզ հետ. պատերազմներից որևէ մեկս ապահովագրված չենք»:

Օրուջյանն ընդգծեց հատկապես, որ պատերազմական վտանգին դիմագրավելու համար մենք կա՛մ պետք է գնենք նորարարական տեխնոլոգիաներ, կա՛մ ինքներս դառնանք դրա ստեղծողը։

«Ուստի հենց սրա մասին պետք է մտածենք հաջորդ պատերազմներին պատրաստվելու համար։ Աշխարհն այսօր արագ է փոփոխությունների ենթարկվում և կապ չունի, թե պետությունդ ի՞նչ չափերի է ու որքա՞ն բնակչություն ունի, միևնույն է, այդ փոփոխություներն ազդում են քեզ վրա, ուստի Հայաստանի պես փոքր պետության համար առաջնահերթություն է դառնում առավել խորությամբ զբաղվել գիտության և տեխնելոգիաների զարգացմամբ՝ հատկապես, որ ոչ միայն տարածքով և բնակչությամբ ենք փոքր, այլ նաև մեր ունեցած բնական պաշարներով։ Բնական հարստությամբ աշխարհում 95-րդ տեղն ենք զբաղեցնում, ուստի եթե հենվենք դրանց վրա, 95-րդը կլինենք, ուստի պետք է զարկ տալ բացառապես մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասաց «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի տնօրենը։

Դիտարկմանը՝ ինչպե՞ս հենվել մարդկային կապիտալի վրա, երբ հայաստանյան բուհերը ներառված չեն աշխարհի լավագույն բուհերի անգամ հազարյակում, Օրուջյանն արձագանքեց.

«Այո՛, խնդիրների հիմքը գալիս է կրթությունից, բայց եթե մոտիկից նայես փղի կնճիթին, չես իմանա՝ ի՞նչ կենդանի է, իսկ երբ հեռվից նայես, ամեն ինչ պարզ կդառնա, հետևաբար՝ նույն տրամաբանությամբ, երբ Հայաստանից՝ մոտիկից ես նայում, կրթության խնդիրը շատ մեծ ու ծանր է, բայց երբ հեռվից ես նայում, հասկանում ես, որ այնքան փոքր է Հայաստանը, և կարելի է պիլոտային տարբեր ծրագրեր իրականացնել ու խնդիրներ լուծել։ Դրանք հեշտացնում են համակարգային փոփոխությունների հասնելու բարդ խնդիրը»,- ասաց Օրուջյանը՝ ցավով ընդգծելով, որ Հայաստանում համակարգային խնդիրներն այս տարբերակով լուծելու համար մեծ ուշադրություն չեն դարձնում ու վախենում են կտրուկ փոփոխություններ անել։

«Բայց չէ՞ որ ամենևին էլ պարտադիր չէ, որ ամեն ինչ պահանջենք պետությունից, չէ՞ որ կարող են լինել մեր FAST հիմնադրամի պես հիմնադրամներ, որոնք կարող են իրականացնել տարբեր ծրագրեր. օրինակ՝ գիտնականին կապել աշխարհի հետ, ստեղծել նոր գիտական խմբեր, վճարել հայ գիտնականներին բարձր աշխատավարձ ու նաև զբաղվել նրանց գիտական արդյունքի հանրայնացմամբ։ Սա պետք է անել, որպեսզի գիտությամբ զբաղվելը երիտասարդի համար դառնա գրավիչ, իսկ գրավիչ դառնալու համար երիտասարդը պետք է տեսնի, թե, ի վերջո, գիտությամբ զբաղվելով՝ ի՞նչ վերջնարդյունքի է հասնելու. երբ տեսավ, այնժամ գիտությունը կընտրի, երբ տեսավ, օրինակ, Հովիկ Ավոյանին՝ PicsArt-ի հիմնադրին, գիտությամբ կզբաղվի, ու այս մարդիկ են, որ կարող են դառնալ 18 տարեկաններին իրենց հետևից տանողները»,- ասաց Օրուջյանը՝ հավելելով՝ բայց այս ամենին հասնելու համար պետք է դադարենք ապրել հեքիաթի մեջ. հեքիաթի, թե մենք ամենակրթված ազգն ենք։

«Մենք պետք է իրատես լինենք ու հասկանանք, թե մենք աշխարհում ո՞ր կետում ենք ու ո՞ր տեղում. պետք չէ, որ ինքներս մեզ խաբենք։ Բնակչության թվով փոքր ենք, մեր պետությունն էլ, ասենք, Մալթայի տարածքում չէ, որ ապահով ապրենք։ Ունենք էքզիստենցիալ խնդիրներ, հետևաբար, եթե աշխարհում մեզ պես խնդիրներ չունեցող երկրները կարող են բավարարվել՝ իրենց զարգացման հիմքում դնելով բուրգի մոդելը՝ վերևում՝ 10 տոկոս գրագետ բնակչությամբ, ներքևում՝ ոչ այնքան գրագետ, ապա մենք պետք է բուրգը շրջենք՝ վերևում լինեն ամենաշատ խելացիները, ոչ գրագետները՝ ներքևում, և ավելի քիչ։ Մենք Հայաստանի զարգացումը պետք է պատկերացնենք շրջված բուրգի կոնցեպտով ու շատ խնդիրների պետք է տանք ոչ սովորական լուծումներ։ Ինչպես իշխանությունը՝ ամբողջությամբ, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրն այս հարցում պարտավոր է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը»,- ասաց Օրուջյանը՝ շեշտելով դասեր քաղելու անհրաժեշտությունը։

Հարցին, թե դասեր քաղե՞լ ենք արդյոք արցախյան վերջին պատերազմից՝ մեկուկես տարի անց. Օրուջյանը պատասխանեց.

«Չգիտեմ… եթե քաղել ենք կամ էլ սովորել, դա ակնհայտ չի։ Իհարկե, մեկուկես տարում շատ բան չէինք կարող փոխել, բայց մենք ոչ մի տեղ չենք էլ վազում, որ հասցնենք, կամ եթե վազում ենք, այդ վազքը ոչ մի տեղ չի հասցնում, թեև այս ընթացքում մեր խնդիրները չեն վերացել, սպառնալիքները չեն պակասել ու շատ գործ ունենք անելու։ Մյուս կողմից՝ չանելու համար ես որևէ մեկին չեմ մեղադրում. ինքս խոստովանում եմ՝ ինքս էլ չեմ կարողացել վազել, բայց հստակ արձանագրում եմ՝ եթե ցավում ես հայ ազգի համար, Ֆեյսբուքում գրառում անելով հարց չի լուծվում. Պատերազմի ընթացքում այդքան գրառում արեցին՝ ի՞նչ փոխվեց դրանից, հետևապես՝ պետք է գնալ իրատես լուծումների հետևից։ Պատասխանատվությունը վերցնելու համար պետք չէ խնդիրներին կեղծ հայրենասիրությամբ մոտենալ, պետք է մտածել՝ ինչպե՞ս պետք է անել, որ մեր ազգն ապագայում լինի»:

Օրուջյանն ընդգծեց՝ հայրենասիրությունը ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցելու ժամանակն է։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս