«Գերմանիայում ադրբեջանցիների և թուրքերի կողմից ծրագրված հարձակում է եղել հայերի նկատմամբ. հետաքննություն է ընթանում». Գուրգեն Պետրոսյան

Թուրքերի և ադրբեջանցիների կողմից սպառնալից զանգեր ստացած Գերմանիայում ապրող մեր հայրենակիցների գործերը շարունակում են քննվել ոստիկանությունում:

168.am-ն այս տարվա ապրիլին գրել էր, որ Գերմանիայում ապրող հայ քաղաքացիներ ստացել են անանուն հեռախոսազանգեր՝ ենթադրաբար թուրքական կամ ադրբեջանական ծագում ունեցող անձանցից։ Զանգողներն արտահայտել են բացահայտ ատելություն և ուղղակի սպառնալիքներ՝ հիմնված մարդու ազգային պատկանելության վրա։

Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս, միջազգային իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանն ասաց, որ կապի մեջ են թե՛ ոստիկանության, թե՛ տուժողների հետ:

Կարդացեք նաև

«Ունենք տուժողներ, որոնք ցանկություն չունեն այս գործընթացը շարունակելու, որովհետև կրկնակի տրավմա են ապրում այդ ամենը վերհիշելով: Դրա համար որոշ տուժողներ կանգնեցրել են այս պրոցեսը, ցանկացել են, որ ոստիկանությունն այլևս իրենց հետ կոնտակտի մեջ չլինի: Ինչ վերաբերում է այն տուժողներին, ովքեր դիմումը ներկայացրել են, նրանք պարբերաբար ոստիկանության հետ կապի մեջ են: Համենայնդեպս, մայիսի կեսերից հետո ահազանգեր չենք ստացել, որ նման զանգեր են լինում:

Չեմ կարող ասել՝ ինչով էր սա պայմանավորված. միգուցե ապրիքսանչորսյան դեպքերի հետ կապված էին զանգերն ակտիվացել: Կարծիք կար, որ դա ծրագրավորված հարձակում է հայերի նկատմամբ, բայց հետաքննությունը դեռևս շարունակվում է, տարբեր ոստիկանատներ են դրանով զբաղվում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Այս ամենը կարևոր է նրա համար, որ արձանագրվի, որ կա հայատյացություն, հայերը թե՛ պատմության ընթացքում, թե՛ հիմա են թիրախավորվում: Շատ կարևոր է, որ սա դոկումենտացվի, որովհետև գերմանական իշխանություններն ամեն տարի զեկույցներ են ներկայացնում, թե ինչ հանցագործությունների հիման վրա են եղել դիմումները:

Եթե արձանագրվի, որ եղել են զանգեր, որտեղ հիմնականում թիրախավորվում է հայ ժողովուրդը՝ իր ազգային պատկանելության համար, սա ևս մի պետական մակարդակով հաստատում է, որ այս երևույթը կա այն պայմաններում, երբ տարբեր ատյաններում բարձրաձայնվում է, որ հայերի նկատմամբ խտրականություն է տեղի ունենում»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը՝ հիշեցնելով, որ որքան էլ ՀՀ իշխանությունները պատրաստակամ են միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչել, ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում ունենք ներկայումս ընթացող դատավարություններ, և Գերմանիայի ոստիկանության զեկույցները ևս մեկ փաստական հանգամանք կլինեն առ այն, որ Ադրբեջանում կա ռասայական խտրականություն՝ հայ ժողովրդի նկատմամբ:

«Ինչպես բազմիցս նշել եմ՝ դա միայն արցախահայության նկատմամբ չէ, այլ ամբողջ աշխարհի հայերի»,- շեշտեց Պետրոսյանը:

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը՝ նա նշեց, որ Հայաստանը չի անդամակցել դրա շրջանակում գտնող Կամպալայի պայմանագրին, որն ագրեսիայի հանցագործությանն է վերաբերում.

«Այն պետությունները, որոնք դա վավերացնում են, իրենք են պարտավորվում ագրեսիայի չդիմել: Օրինակ՝ Վրաստանը, Սան Մարինոն, Լիխտենշտեյնը, այսինքն՝ փոքրիկ պետությունները, որոնք ագրեսիայից տուժում են, ճանաչել են ագրեսիայի հանցագործություն և չեն պատրաստվում որևէ պետության դեմ պատերազմ վարել:

Ցավոք, ՄՔԴ-ն չունի յուրեսդիկցիա այն պետության դեմ, որը չի վավերացրել, բայց ագրեսիա է իրականացնում, իրեն պատժել:

Բայց քանի որ կա ռուս-ուկրաինական համակարտությունը, և միջազգային հանրությունը չի գտնում ելք հենց ագրեսիայի շրջանակներում պատասխանատվության ենթարկել կոնկրետ անձանց, հասկացան, որ Հռոմի ստատուտի շրջանակներում ներկա իրավական համակարգը բավարար չէ, որպեսզի այդ պատասխանատվությունը սահմանվի, դրա համար փորձում են ընդլայնել, այսինքն՝ այն պետությունը, որն անդամակցել է և դարձել ագրեսիայի տուժող, ՄՔԴ-ն կկարողանա ունենալ յուրիսդիկցիա՝ անձին ենթարկելու քրեական պատասխանատվության:

Ստացվում է, որ եթե ՀՀ-ն անդամակցում է այս նոր ռեֆորմին, ապա ագրեսիայի դեպքում Հայաստանը կունենա լծակ՝ օգտագործելու Հռոմի ստատուտն ագրեսիայի շրջանակներում ուղիղ Ալիևի նկատմամբ, որովհետև Ալիևը հանդիսանում է պետության գլուխ, և ինքն է քրեորեն հետապնդելի լինելու ագրեսիայի համար»:

Ըստ նրա՝ դրա համար հարկավոր է, որպեսզի Հայաստանն իր մոտեցումները ներկայացնի այդ ռեֆորմի շրջանակներում, որպեսզի իր շահերից բխող սահմանումն ընդլայնվի, և դա կարողանա հետագայում օգտագործել Ադրբեջանի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս