
Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումներ են տեղի ունեցել. ՌԴ քննչական կոմիտե

Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթեցումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով մարդիկ են տուժել և զոհվել, РИА Новости-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Կիրակի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում տեղի է ունեցել կամրջի փլուզում։ Ինչպես հայտարարել էր Մոսկովյան երկաթուղին, Կլիմով-Մոսկվա ուղղությամբ թիվ 86 մարդատար գնացքի լոկոմոտիվն ու վագոնները ռելսերից դուրս են եկել՝ ավտոմոբիլային կամրջի թռիչքային կառուցվածքի փլուզման պատճառով՝ տրանսպորտի գործունեությանն անօրինական միջամտության հետևանքով։
Մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը ավելի վաղ հայտնել էր յոթ զոհի և 35 տուժածի մասին։ Ավելի ուշ տուժածների թիվն աճել է մինչև 66, նրանց թվում՝ երեք երեխա։ «Ռուսաստանի երկաթուղիներ»-ում նշել են, որ Կլիմով-Մոսկվա թիվ 86 գնացքի ուղևորների տեղափոխման համար գործարկվել է Բրյանսկ-Մոսկվա թիվ 902 պահեստային գնացքը։ Այն կընթանա Կլիմով-Մոսկվա թիվ 86 գնացքի երթուղով և կանգառներով։
«2025 թվականի մայիսի երեսունմեկին՝ ժամը 22:50-ին, Բրյանսկի մարզի Վիգոնիչի-Պիլշինո երկաթուղային հատվածում պայթեցման հետևանքով տեղի է ունեցել ավտոմոբիլային կամրջի կառուցվածքի փլուզում, որի բեկորներն ընկել են դրա տակով անցնող մարդատար գնացքի վրա։ Դեպքի հետևանքով մարդիկ են տուժել և զոհվել»,- ասել է նա։
Ըստ Պետրենկոյի, Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում հունիսի 1-ին՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում, «նույնպես տեղի է ունեցել երկաթուղային կամրջի պայթեցում, ինչի հետևանքով անցնող երկաթուղային շարժակազմն ընկել է ավտոմոբիլային ճանապարհի վրա»։ Տեղի ունեցածի հետևանքով տուժել են մեքենավարը և նրա երկու օգնականները։