Ինչպես է Մովսես Սիլիկյանը Երևանում հեռախոսազանգով տեղեկացնում Սարդարապատի ուղղությամբ թուրքերի հարձակման մասին

1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, երբ Ռուսաստանում ցնցվում էր պետական իշխանությունը, Կովկասյան ռազմաճակատում սկսեցին զգալի փոփոխություններ տեղի ունենալ։

Դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարը կանխորոշեց ռուսական զորքերի նահանջը, մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանի տարածքից։

Նրանց տեղն աստիճանաբար սկսեցին զբաղեցնել նորաստեղծ, թվաքանակով սահմանափակ հայկական զորաջոկատները։

Կարդացեք նաև

Ստեղծված ռազմաքաղաքական վիճակից օգտվելով՝ Օսմանյան կայսրությունը սկսեց ակտիվ գործողություններ ծրագրել՝ նպատակ ունենալով վերանվաճել ռուսական բանակի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գրավված տարածքները, ինչպես նաև ներխուժել Արևելյան Հայաստան:

1918 թվականի փետրվարին թուրքական 3-րդ բանակն անցավ հարձակման՝ հերթականությամբ գրավելով Արևմտյան Հայաստանի բնակավայրերը։ Ապրիլին, երբ Տրապիզոնի հաշտության բանակցությունները ձախողվեցին, թուրքական բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշայի գլխավորությամբ զորքերը շարժվեցին դեպի Անդրկովկաս։

Նորաստեղծ Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության ղեկավարության որդեգրած զիջողական քաղաքականությունը թուլացրեց դիմադրությունը, ինչից օգտվելով՝ թուրքական բանակն ապրիլի 25-ին գրավեց ռազմավարական նշանակություն ունեցող Կարսի ամրոցը, որն անմիջական սպառնալիք ներկայացրեց Ալեքսանդրապոլի համար։

Կարսի անկումից հետո օսմանյան կողմն Անդրկովկասի իշխանություններին ներկայացրեց նոր՝ առավել կոշտ պահանջներ: Պետք է հանձնվեին Ախալքալաքը, Ախալցխան և Ալեքսանդրապոլը:

Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղին ևս պետք է հանձնվեր թուրքական բանակին։ Չսպասելով Բաթումում ընթացող բանակցությունների ավարտին՝ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի գրոհով գրավեցին նաև Ալեքսանդրապոլը: Դա արդեն իսկ մեծ վտանգ էր ներկայացնում Հայաստանի համար:

Թուրքական բանակը կատարեց զորքերի վերախմբավորում և վերսկսեց պատերազմը Հայաստանի դեմ: 1918 թվականի այդ դժվարին օրերի, թուրքական բանակի ուրվագծվող, բայց նաև անակնկալ հարձակման մասին կան մի շարք հուշեր և տեղեկություններ: Այդ օրերի իրադարձությունների մասին բացառիկ հուշեր ունի այդ ժամանակի Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին, ով մասնավորապես պատմում է թուրքական բանակի հարձակման առաջին տեղեկությունները, լուրերը և բացառիկ հեռախոսազանգերը: Իր հուշերում Ա. Շահխաթունին մասնավորապես պատմում է, թե ինչպես է Մովսես Սիլիկյանը հեռախոսազանգով տեղեկացնում իրեն թուրքական զորքերի հարձակման մասին և տալիս առաջին հրամանները:

«Թուրքերը առաջանում են դեպի Սարդարապատ-Քարխուն ճակատից: Ալեքսանդրապոլից, Անիից և Աղինից կտրված ենք: Չունինք որևէ պահեստի զինվոր՝ թշնամուն դիմադրելու համար: Կարելին արեք անմիջապես ինձ հասցնելու Ձեր տրամադրության տակ եղած պահեստի զինվորները, ինչպես նաև պաշար, փամփուշտ, ռազմամթերք և այլն:

Հայտնեցեք Արամ փաշային գաղտնապես, թե պիտի աշխատիմ նահանջել դեպի Քարխունի ճահիճները և ամրանալ Թոզ-Թեփելերի վրա: Դուք ամրացրեք Երևանը: Տեղի մի տաք շփոթության և իրարանցումի: Հեռագրել եմ միևնույն ժամանակ Արամ փաշային ծածկագիր, որ համոզե կաթողիկոսին թողնել Էջմիածինը և երթալ ամառանոցը: -Լսում եմ, Գեներալ, կարելին և անկարելին կանեմ Ձեր հրամանները անմիջապես կատարելու: Կաթողիկոսի տեղափոխության մասին Արամ փաշային պետք եղածը կասեմ, և ինչ-որ կարող եմ ուղարկել, իբրև զինվորական պահեստի ուժ, ռազմամթերք և այլն, կուղարկեմ շուտով: Զորավարը շատ հուզված՝ ասաց խեղդված ձայնով.- Աստված ձեզ հետ լինի, հայրենիքը չի մոռանա ձեր կատարածը»: (Աստվածատրյան Ա., «Արամը. Մահվան հիսունամյակի առթիվ», Երևան, 1991, էջ 508):

Այս բացառիկ զրույցից բացի, Արշավիր Շահխաթունին ներկայացնում է նաև մեկ այլ հեռախոսազանգի մասին:

Թուրքական բանակի հարձակման երկրորդ օրը չի ստացվում հեռախոսազանգ ունենալ Ալեքսանդրապոլի հետ: Արամ Մանուկյանի բոլոր փորձերն ապարդյուն են ստացվում: Չի ստացվում կապ հաստատել նաև Անիի կայարանի հետ:

Մի շարք փորձերից հետո Արշավիր Շահխաթունին կարողանում է կապ հաստատել Արաքս կայարանի պետի հետ և այդ զրույցի մասին ևս ներկայացնում է բացառիկ հուշ.

«Թերևս վերջին անգամն է, որ խոսում եմ ձեզ հետ: 15 վայրկյան սրանից առաջ ես խոսում էի Աղինի կայարանի հետ: Աղինը ինձ հայտարարեց՝ թե տաճիկները, առանց որևէ նախազգուշացման, ռմբակոծել են Ալեքսանդրապոլը, որը ընկել է արդեն նրանց ձեռքը: Նրանք մտել են քաղաք: Սպարապետը իր շտաբով, ինչպես և ուրիշ կազմակերպություններ հազիվ են ժամանակ ունեցել հեռանալու Ջաջուռ-Ղարաքիլիսայի ուղղությամբ: Երկար չեմ խոսում, որովհետև արդեն մոտենում են: Կտրում եմ տելեֆոնը: Աստված Ձեզ հետ»: (Նույն տեղում, էջ 510):

Այս բացառիկ հուշերը ներկայացնում են 1918 թվականի Սարդարապատի հերոսամարտի և թուրքական բանակի առաջին հարձակումների մասին տեղեկությունները, թե լուրն ինչպես էր տարածվում, որոնք էին առաջին հրամանները, և հայ ռազմաքաղաքական գործիչներն ինչ ծանր դրության մեջ էին գտնվում:

Սակայն առաջնային ծանր հոգեբանական հարվածը կարողանում են հաղթահարել, և միասնությամբ ու խելացի, ազգային դիմագիծ ունեցող ռազմաքաղաքական գործիչների ճիշտ որոշումների արդյունքում հայկական զորքերը կարողանում են ջարդել թուրքական բանակին, հաղթել և կերտել Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս