«Մենք գիտակցում ենք, որ այդ գործողությունների ելքից է կախված նաև Արցախի անվտանգ լինել-չլինելու հարցը». Մետաքսե Հակոբյան

Մարտի 5-ին Արցախի Հանրապետության «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրին հարակից տարածքում Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևն անցկացնելու է խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետությունների ճանաչման իրավունքի:

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով նախատեսված խաղաղ ակցիային՝ նշեց, որ վերջին օրերին, երբ Ուկրաինայում սկսվեցին զինված գործողությունները, Հայաստանում արևմտամետ թևը հակառուսական ցույցով ակտիվության փորձ արեց: Նրանք նաև փորձեցին նմանատիպ տրամադրություն ստեղծել Արցախում, ինչը չհաջողվեց։

«Այսօր այն կարգավիճակում, որում Արցախն է գտնվում, նկատի ունեմ, որ որևէ մեկը չի կարող հերքել, որ ռուս խաղաղապահները մեր զինվորների հետ կողք կողքի պահում են մեր անվտանգությունը՝ Արցախում ապրող հայի անվտանգությունը։ Ըստ էության, նրանք հավասարապես կիսում են անվտանգության երաշխավորի դերը։ Եվ այսօր թույլ տալ, որ Արցախում նման թեկուզ մտքեր գեներացվեն կամ ինչ-ինչ ճանապարհներով հասնեն Արցախ, սա ուղղակի անթույլատրելի է։

Դեռևս այն ժամանակ, երբ ՌԴ նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, այն ենթատեքստ ուներ իր մեջ, այնպիսի տպավորություն էր, որ ուղերձ էր հայաստանյան իշխանություններին, որ նույն բանը կարելի էր անել 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանով փրկել Արցախը։ Երբ վերլուծություն ենք անում, հասկանում ենք, որ հատուկ պատճառ կար, որ դա չարվեց, որովհետև ՀՀ իշխանությունները վստահ էին, որ դա շղթայական ռեակցիա է լինելու, թեկուզ մեկ պետություն անպայման ճանաչելու է Արցախը։ Հակառակ դեպքում, եթե վստահ լիներ ՀՀ վարչապետը, որ Արցախը չի ճանաչվի որևէ պետության կողմից, վստահ եմ, որ ինքը ճանաչելու էր»,- նշեց Մետաքսե Հակոբյան։

Ի դեպ, թե 2020-ին 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում, և թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց օրեր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ «Հայաստանն ինքը չի ճանաչել Ղարաբաղը»:

Իսկ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորի վկայությամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից բազմաթիվ կոչեր են արել ՀՀ իշխանություններին՝ ճանաչել Արցախի անկախությունը, հասկանալով, որ այլևս փրկություն չկա, և Հայաստանն ինքնին արդեն ներքաշված էր այդ պատերազմի մեջ։ Հետևաբար՝ որևէ պատճառաբանություն և արդարացում չկար այդ քայլին չգնալու համար։

«Սա ապացույցն էր այն բանի, որ այն ծրագիրը, որն ուներ ՀՀ իշխանությունը, իրականացնում էր՝ որևէ կերպ չշեղվելով։ Այսօր, ավելի քան երբևէ, Արցախում ապրող հայը պետք է հասկանա, որ եթե ժամանակին գուցե այդ ճկուն քաղաքականությունն ընկալելի էր՝ ընդունելի լինել բոլորի կողմից, ապա կարծում եմ՝ հիմա եկել է ժամանակը վեկտորներն ուղղելու։ Կարծում եմ՝ մեր վեկտորը պետք է ուղղված լինի դեպի Ռուսաստան։ Եվ այսօր մենք նաև գիտակցում ենք, որ այդ գործողությունների ելքից կախված է նաև Արցախի անվտանգ լինել-չլինելու հարցը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս