ԱՀԿ-ի տվյալներով` 466 միլիոն մարդ ունի լսողության կորուստ
Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում:
Այս տարի Լսողության պահպանման միջազգային օրվա կարգախոսն է. «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության կորուստ:
Մինչև 15 տարեկան երեխաների լսողության կորստի դեպքերի 60%-ի պատճառներից են.
1. վարակները` կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մենինգիտ, ցիտոմեգալովիրուսային վարակ, միջին ականջի քրոնիկ օտիտ (31%),
2. պտղի ասֆիքսիան ծնվելիս, անհասությունը, ծնվելիս ցածր քաշը, դեղնուկը, ծննդաբերական բարությունները (17%),
3. օտոտոքսիկ (լսողության ֆունկցիայի վրա վնասակար ազդեցություն ունեցող դեղեր) դեղերի կիրառումը հղիների և կրծքի հասակի երեխաների շրջանում (4%),
4. Այլ (8%):
Ըստ ԱՀԿ-ի` կանխարգելիչ միջոցառումներն են`
երեխաների իմունիզացիան կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, մենինգիտի դեմ,
դեռահասային և վերարտադրողական տարիքի աղջիկների և կանանց պատվաստումը կարմրախտի դեմ մինչև հղիությունը,
ականջի համապատասխան խնամքի պահպանումը,
բարձր աղմուկի ազդեցության նվազեցումը,
միջին ականջի օտիտի սքրինինգը և համապատասխան վարումը,
լսողության համար վտանգ ներկայացնող դեղերի կիրառման բացառումը կամ սահմանափակումը,
նորածնային սքրինինգը,
իրազեկումը դեռահասների շրջանում:
Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա: Մինչև երեխայի խոսքի զարգացումը խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:
Նորածինների լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում:
Լսողության սքրինինգի շրջանակներում 2021 թվականին Հայաստանում իրականացվել է 33 177 հետազոտություն: Սքրինինգի արդյունքում հայտնաբերված երեխաները վերցվել են հսկողության` լսողության պրոթեզավորման կամ կոխլեար իմպլանտացիայի նպատակով:
Պետական պատվերի շրջանակում 2021 թվականին կատարվել է 1-ից 4.5 տարեկան 18 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սուրդոլոգիական դիսպանսերի հսկողության տակ է գտնվել լսողության խանգարում ունեցող մինչև 18 տարեկան 1157 երեխա: