«Կոնկրետ այս պահին ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր չկա, վրացերենն է քննարկվում». ԿԳՄՍ նախարար
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարցրեցին՝ արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ նախարարությունը պատրաստվում է փակել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, եթե այո՝ ինչո՞ւ։
ԿԳՄՍ նախարարը հաստատեց տեղեկությունը, ապա հավելեց, որ այս հարցին իրենց գերատեսչությունն օրեր առաջ է արձագանքել, սակայն ևս մեկ անգամ հարկ համարեց պարզաբանել․
«Այդ առաջարկը եկել է բուհից, բուհն ունի խնդիրներ, բուհը ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն ընդունել է ի գիտություն այդ հիմնավորումները, և մենք շատ ենք խոսում բուհական ինքնավարությունից, և սա այն հարցն է, որ բուհը հայտարարում է, որ ինքը չի կարողանում ապահովել որակյալ կրթություն։ Հիմա քննարկման փուլում է, իմ ունեցած տեղեկություններով՝ այս պահին վերջնական որոշում չկա, բայց, որ այդպիսի հարց դրված է քննարկման՝ այո՛։ Խնդիրներ կան և՛ դասախոսական կազմի հետ, և՛ ուսանողների քանակի հետ խնդիրներ կան, և՛ ֆինանսական խնդիրներ կան, և, բնականաբար, արդեն որակի հարց է առաջանում, և այլն»։
Հարցին՝ բուհի մասնաճյուղը փակելու պարագայում ի՞նչ են անելու դասախոսները և ուսանողները, բազմաթիվ ուսանողներ ահազանգում են, որ հնարավորություն չունեն Երևանում շարունակելու ուսումը, Վահրամ Դումանյանը պատասխանեց․
«Դարձյալ պտտվում ենք նույն կետի շուրջ։ Ես հասկանում եմ, հասկացեք, բարձրագույն կրթությունը պրոֆեսիոնալ կրթություն է, և բարձրագույն կրթություն ստանալու համար մարդիկ շատ դեպքերում մեկնում են հեռավոր երկրներ, հայտնի կենտրոններ, որպեսզի կրթվեն։ Ինքս ժամանակին բուհն ավարտելուց հետո, ասպիրանտական կրթությունը ստացել եմ Մոսկվայում և ապրել եմ, բնակվել եմ այնտեղ երկար տարիներ, և դա շատ նորմալ է ամբողջ աշխարհում․․․ Երբեք հեշտ չի եղել, և բարձրագույն կրթություն ստանալու համար պետք չէ վախենալ դժվարություններից»։
Դիտարկմանը, որ Երևանում բնակարանի վարձակալության միջին արժեքը 150.000 դրամ է, ուսանողներն ինչպե՞ս են բնակարանի և ուսման վարձավճարը տալու, Դումանյանն այսպես պատասխանեց․
«Չի կարելի բուհին նայել՝ որպես սոցիալական ծրագիր, չի կարելի բուհը դիտարկել՝ որպես ժամանցի վայր, զբաղվածության կենտրոն և այլն»։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ ժամանցի վայրի մասին է խոսքը, երբ ուսանողը չի կարողանում մայրաքաղաքում բնակարան վարձակալել, ուսման վարձը վճարել, նախարարն այսպես արձագանքեց․
«Կրկնում ե՛մ, բնակարանի վարձի չափը, տրանսպորտի արժեքը, ապրելու պայմանները, դրանք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթից դո՛ւրս են։ ցանկացած բուհ ունի և՛ մարզերից ուսանողներ, և՛ արտասահմանից են գալիս այստեղ սովորելու, հանրակացարանային ռեսուրս գոյություն ունի»։
Լրագրողների մեկ այլ դիտարկմանը, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսվել է դպրոցի ուսումնական ծրագրերում վրացերենի, ադրբեջաներենի և թուրքերենի հնարավոր ներառման մասին, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ դա նախարարության ռազմավարության մեջ նշված սկզբունք է՝ տարածաշրջանային լեզուներին ծանոթ լինելը, պարզաբանումից հետո նախ պատասխանեց լրագրողին, ապա ինքը հարց ուղղեց․
«Կոնկրետ այսօր չի պատրաստվում դպրոցներում ադրբեջաներեն դասավանդվել, այսօր մենք ծրագիր ուեննք, շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում վրացերեն կարողանանք ուսուցանել, բայց դրանք պրոցեսներն են, պետք է գնա, զուտ տարածաշրջանային լեզուների, մշակույթին ծանոթ լինելու, ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, ես չեմ հասկանում»։