Նոր ֆեյք սառը պատերազմ

Փետրվարի 16-ին լրացավ այն ժամկետը, երբ, ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը պետք է հարձակվեր Ուկրաինայի վրա։ Ռուսաստանը չհարձակվեց։

Ռուս-ուկրաինական ներկա լարվածությունը սկիզբ առավ 2021թ. գարնանը, երբ սրվեց սահմանային իրավիճակը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների և Ուկրաինայի զինված ուժերի շփման գծում։ Կողմերը հայտարարում էին հրադադարի խախտումների և զոհերի մասին։ Ռուսաստանը սահմանին մոտեցրեց նորանոր զինված ուժեր։ Փորձագետներն Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական բանակի թվակազմը գնահատում էին 100 հազարի չափով։ Էսկալացիայի թուլացումից հետո այն կրկին սրվեց աշնանը և շարունակվում է մինչ այժմ։ Հիմա ռուսական ներկայությունը գնահատվում է 175 հազարի չափ, ընդ որում, այն շրջապատել է Ուկրաինան չորս կողմից՝ բացի Ռուսաստանի սահմանամերձ գոտուց, ուժերն այժմ ներկա են Բելառուսում, ինչպես նաև կտրուկ ավելացել է ռազմական ներկայությունը Ղրիմում և Մերձդնեստրում։

Կոնֆլիկտի ներկա սրման առիթն ակնհայտ չէ։ Երբեմն Կրեմլը հիշում է Ուկրաինայի ընդունած ինչ-որ օրենքներ, ավելի շատ՝ Կիևի կողմից Մինսկի համաձայնագրերի ոչ լրիվ իրականացումը։ Ավելի շատ ռուսական պահանջներն արդեն անցել են Ուկրաինայից այն կողմ և ներկայացվում են Արևմուտքին՝ Կիևին թողնելով խնդրից դուրս։

Իր հերթին, ՆԱՏՕ-ն նույնպես սկսել է զորքերի տեղաշարժ՝ ավելացնելով ներկայությունը Ուկրաինայից արևմուտք, միայն մի տրանշով ԱՄՆ-ը Ուկրաինային զինեց 500 միլիոն դոլարի զենքով։

Մի խոսքով, առանց իրական առիթի, Ուկրաինայի շուրջ զարգացումներն ընթանում են անվտանգության դիլեմայի շուրջ տարըմբռնման, ավելի շուտ՝ չարամիտ տարըմբռնման սցենարով։ Նման զարգացումն ամենևին անվտանգ չէ, հայ բանահյուսության մեջ այն հայտնի է «մի կաթիլ մեղր» անվամբ, իսկ հենց նման տարըմբռնումներն էին, որ չնչին առիթից հանգեցրել էին Առաջին Համաշխարհային պատերազմին։

Իսկ լարվածության հիմնական պատճառը Պուտինի կողմից «Ռուսական հողերը հավաքողի» կոչման ամրապնդումն է։ Հիշենք, որ հենց ուկրաինական ճգնաժամից առաջ էր, որ ավարտվեց 44-օրյա պատերազմը, ինչի արդյունքում ռուսական զորքերի քանակը կտրուկ ավելացավ Հայաստանում, ինչպես նաև նրանք արդեն մուտք գործեցին Արցախ և Ադրբեջան։ Ավելի վաղ, Բելառուսում հրահրված ճգնաժամի արդյունքում՝ Լուկաշենկոն դադարեց երկու աթոռի վրա նստել և ամբողջովին մտավ ռուսական ազդեցության ոլորտ։ Ղազախստանում 2022թ. ռուսական միջամտությամբ կասեցված հեղաշրջման փորձի հետևանքով այս երկրում նույնպես կտրուկ ավելացավ Մոսկվայի ազդեցությունը։

Ներկայումս «Ռուսական հողահավաքը» կրում է «Միութենական Պետություն» անվանումը։ 1996թ. զուտ թղթի վրա ստեղծված այս «պետությունն» այժմ արագ տեմպերով սկսում է միս ու արյուն ստանալ։ Հիմա այս պետության անդամ Բելառուսից ու Ռուսաստանից բացի, նրան միանալու ցանկություն են հայտնել Հարավային Օսիան և Աբխազիան։ Ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար ժամանակին նման փորձեր են ձեռնարկվել Հարավսլավիայում, Ղրղըզստանում, Մոլդովայում։ Լուկաշենկոն, ով հանդիսանում է Միութենական Պետության հիմնական խոսնակը, հայտարարել է, որ Հայաստանը փախչելու տեղ չունի, և նա նույնպես միանալու է այս միությանը։ Նրա կարծիքով՝ միանալու են նաև Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, և, իհարկե, Ուկրաինան։ Այս պնդումը կտրուկ հակազդեցություն է առաջացրել Տաշքենդում, Ղազախստանն ավելի հանգիստ է մերժել առաջարկը։ Բայց Լուկաշենկոն խորհուրդ է տալիս չշտապել, օրինակ, Ուկրանիայի միավորումը նա ենթադրում է մի 15 տարուց։ Ընդ որում, ակնհայտ է, Միութենական Պետություն մտնելու համար միայն ռազմական մեթոդներ չեն գործադրվում, օրինակ, Հայաստանում և Ղազախստանում ստեղծվել են ճգնաժամեր, որոնցից դուրս գալու ելքն այդ «պետությանը» միանալն է թելադրվում։

Ռուսական մեկնաբաններից շատերը Միութենական Պետության «կազմավորման» ինտենսիվացումը կապում են Ռուսաստանի 2024թ. նախագահական ընտրությունների հետ։ Նրանց կարծիքով՝ Պուտինն արդեն հոգնել է միայն Ռուսաստանի նախագահ լինելուց և ցանկանում է դառնալ այս նոր պետության ղեկավարը։

Ուկրաինական արկածախնդրությանը նպաստող գործոններ էին նաև, որ Հայաստանի իրադարձությունների, 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ղազախական դեպքերի ժամանակ Արևմուտքը համարյա լուռ էր։ Եթե սրան ավելացնենք ԱՄՆ նախկին վարչակարգի ինքնամեկուսացումը համաշխարհային զարգացումներից, ապա Պուտինի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ իրեն carte blanche է տրված նախկին ռուսական տարածքներում, և նա կարող է հանգիստ իր կամքը թելադրել Ուկրաինայում։

Նպաստող գործոն էր նաև նավթի գների ներկա աճը։ 1 բարելի գիննը արդեն հատում է $90-ը, ինչ հնարավորություն է տալիս Պուտինին թե՛ կարգի բերել տնտեսությունը, թե՛ վերազինել բանակը։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ անցած տարիների ընթացքում Եվրոպան չկարողացավ գտնել ռուսական գազի փոխարինիչ, և այժմ եվրոպական շատ երկրներ չեն ցանկանում Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնել։

Իհարկե, կարևոր է նաև այն, որ մրցավազքի հիմնական սադրիչը՝ ԱՄՆ-ը, գտնվում է Ուկրաինայից շատ հեռու, և այս զարգացումները նրա անվտանգության համար անմիջական սպառնալիք չեն հանդիսանում, և Վաշինգտոնն անվտանգ կարող է շարունակել պրեստիժի խաղեր տալ։

Իսկ զարգացումների փիառ բաղադրիչը կողմերի ջանքերով արդեն շատ հեռուն է գնացել։ Քարոզչական զինանոցն այժմ չափազանց լայն է՝ սկսած թշնամու դրոշի տակ ռազմական միջոցների ինքնահարձակումից, անփոփոխ բաղադրիչ հանդիսացող երեխայի սպանության մասին լուրերից, մինչև միջուկային հարձակման սպառնալիքներ, որը ճգնաժամին նոր Սառը պատերազմի տեսք է տալիս։

Հասկանալի չեն ռուսական զորքերի ռազմավարական նպատակները։ Եթե 2014-15թթ։ հիմնական նպատակ էր թվում Նովոռոսիայի ստեղծումը՝ մի խամաճիկային պետության, որ կտարածվեր Ռոստովից մինչև Ռումինիա, և Ուկրաինային ամբողջովին կկտրեր ծովից, ապա ռուսական զորքերի ներկա դասավորության պայմաններում այն կարող է լինել միայն երկրորդային նպատակ։ Իհարկե, կարևոր դեր կարող է խաղալ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, բայց ՆԱՏՕ-ական նավատորմերը Սև Ծովում նույնպես քիչ չեն։ Ամեն դեպքում, ոչ ռուսական, ոչ արևմտյան քարոզչության մեջ Նովոռոսիայի գաղափարը հիմա չի վերակենդանացվել։ Նման երկրորդային նպատակ է թվում նաև հյուսիսից՝ Բելառուսից հարձակման արդյունքում՝ Կիևը գրավելը։ Պարզ է, որ շատ դժվար կլինի Եվրոպայի ամենախոշոր պետության՝ Ուկրաինայի, ոչ միայն օկուպացիան, այլև օկուպացիոն ռեժիմի պահպանումը, ամենայն հավանականությամբ, կարող է խոսք գնալ ինչ-որ հիբրիդային սցենարի մասին, բայց նրա մյուս բաղադրիչները դեռևս իրապես չեն ուրվագծվում։ Զորքերի ներկա դասավորությունն ավելի շատ խոսում է Խարկովի վրա հարձակման հավանականության մասին, սակայն նման խնդրի ռազմավարական օգուտները խիստ կասկածելի են։

Ամենահավանական տարբերակն այն է, որ ներկա լարվածությունը Պուտինի համար առիթ է ռուս ժողովրդին, ու նաև՝ Արևմուտքին ցույց տալու իր մկանները, երևի թե՝ որպես նախընտրական տրյուկ։

Ամեն դեպքում, Արևմուտքը չի տրվում այդ բլեֆին, թե՝ «դու պետք է խոստանաս, որ Ուկրաինան չի մտնելու ՆԱՏՕ»։ Չի խոստանում, թեև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելը խիստ անհավանական է հենց ՆԱՏՕ-ական ստանդարտների տեսանկյունից՝ թե այս երկրի մեծ տարածքի, թե զինված ուժերի անպատրաստվածության, թե տարածքում առկա կոնֆլիկտների, թե ժողովրդավարության պակասի ու կոռուպցիայի տեսանկյունից։ ՆԱՏՕ-ն վերջին ընթացքում երբեք չի էլ հայտարարել, թե ցանկանում է ընդգրկել Ուկրաինային, սակայն Բրյուսելը Պուտինի տված «քուանշը» «սրում է»՝ ասելով՝ «դու չես, որ պետք է ասես, թե ես ինչ անեմ ու ինչ չանեմ»։

Ամեն դեպքում Պուտինն այժմ հայտնվել է ակնհայտ ցուգցվանգի մեջ. առաջ գնալը մեծագույն ռիսկեր է պարունակում, իսկ ետ գնալու դեպքում նա ամբողջովին կկորցնի իր դեմքը։ Մինչդեռ Արևմուտքն այժմ նվազագույն ցանկություն էլ չունի Պուտինի դեմքը փրկել՝ ցանկանալով փչացնել այդ դեմքը և ցույց տալով, որ իր հետ այլևս նման բլեֆներով չպետք է խաղալ։

Այստեղ հատուկ պետք է նշել Թուրքիայի դերը։ Իր դիրքի, ՆԱՏՕ-ական անդամության և Սևծովյան նավատորմի շնորհիվ այն կարևոր նշանակության ունի այս հակամարտության մեջ։ Ու նաև, լինելով տարածաշրջանային գերտերություն, նա ակնդետ հետևում է Ռուսաստանի զարգացումներին ու անմիջապես լցնում է նրա առաջացրած վակուումները։ Ուկրաինական ճգնաժամը Թուրքիային հնարավորություն է տվել մեծագույն տնտեսական և քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել Ուկրաինայում։

Այժմ Ռուսաստանի կողմից նկատվում են իրավիճակը մեղմելու որոշակի քայլեր։ Դրանց շարքում են զորավարժություններն ավարտվելու և զորքերը ետ ուղարկելու մասին հայտարարությունները, ինչպես նաև Դոնեցկ-Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու մասին խոսակցությունները։ Սրանով Պուտինը փորձում է փոխել բանակցությունների առարկան և աստիճանաբար թուլացնել կոնֆլիկտը։

Պուտինը հույս ունի, որ գոնե այս հարցում (կամ նմանօրինակ այլ հարցում) Արևմուտքն իրեն ընդառաջ կգնա, և հակամարտությունն աստիճանաբար կմարի։ Միաժամանակ, Արևմուտքին բանակցել ստիպելու այլ իրական միջոց, քան սահմանին կանգնած զորքերն են, Մոսկվան չունի։ Իսկ Արևմուտքը, նշելով պատերազմի կոնկրետ օրեր, հայտարարելով, որ, ներխուժման վտանգը հստակ է, այլ ոչ թե բլեֆ, Մոսկվային ստիպում է բարձրացնել խաղադրույքները, կամ հրաժարվել ամեն ինչից։ Այնպես որ, դեէսկալացիան դեռևս չի երևում։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս