Աննա Վարդապետյանը խորհրդատվություն չի արել, քննիչի որոշումը նրա կողմից փոփոխվել է. Ամրամ Մակինյան
2021 թվականի մարտի 10-ին 168.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երևում էր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով նախկին խորհրդական, այժմ՝ օգնական Աննա Վարդապետյանը միջամտում գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին:
Ու թեև ամենօրյա ռեժիմով լուսաբանվում էր այս ոդիսականը, այդուհանդերձ, սույն գործով քրեական գործ հարուցելու մասին որոշում այդպես էլ չեղավ:
Նկատենք, սակայն, որ քրեական գործը մերժելու վերաբերյալ ԱԱԾ հիմնավորման մեջ ըստ էության չէին հերքել, որ Նիկոլ Փաշինյանի օգնականը միջամտում է քրեական գործերի ընթացքին, սակայն նշել էին, որ քննիչը սոսկ խորհրդատվության համար է դիմել Աննա Վարդապետյանին՝ որպես ՀՀ քրեական իրավունքի «միակ և բացառիկ մասնագետի»: Անտեսել էին նաև այն հանգամանքը, որ Ա. Վարդապետյանը հաճախ է լինում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի առանձնասենյակում:
Խորհրդատվության մասին հայտարարությամբ էր բավարարվել նաև Գլխավոր Դատախազը:
Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր ասուլիսում անդրադառնալով «խորհրդատվության» մասին հայտարարություն-հավաստումներին՝ նշեց. «Ես միանշանակ հերքում եմ իրենց ասածները, ու ինչով եմ փաստարկում իմ հերքումը՝ այդ տեսանյութում ակնհայտ երևում է, որ այստեղ խորհրդատվության մասին չէ խոսքը. ծրագրով խմբագրվում է, փոփոխություն է կատարվում: Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխության է ենթարկվում Աննա Վարդապետյանի կողմից»:
Մանրամասները՝ տեսանյութում