Աննա Վարդապետյանի գործողություններում հանցագործության դեպք չկա. Գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերանալու կամ չվերանալու վերաբերյալ հարցի հասցեատերն ինքը չէ, հետևաբար՝ դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի։

«Որպես քաղաքացի՝ ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով խորհրդատու Աննա Վարդապետյանի՝ քրեական գործերին միջամտելու վերաբերյալ փաստերի հրապարակմանը, Արթուր Դավթյանը նշեց, որ այդ փաստերն անարձագանք չեն թողել, ուղարկել են վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով՝ իրականացվել, մի մասով՝ իրականացվում։

«Այն մասով, որով  կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Փաստն այն է, ինչ վարույթի ընթացքում արձանագրվել է, որ խոսքը վերաբերվել է կոնկրետ մասնագիտական քննարկումների։ Ըստ այդ փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա եթե այստեղից քայլենք, ու դուք մոտենաք ասեք՝ ես այսպիսի իրավական խնդիր ունեմ, կարող է ես չզլանամ ու Ձեզ իրավական խորհրդատվություն տամ»,- դիմելով լրագրողին՝ ասաց Արթուր Դավթյանը։

Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը բարի կամքի դրսևորո՞ւմ է ցուցաբերել, Արթուր Դավթյանը պատասխանեց.«Այո։ Դուք թեման նաև անլրջացնում եք, դրանով նաև դատական պրոցես է գնում, հետևեք, գնացեք կարդացեք այդ որոշումը, և այդ որոշման մեջ դուք գնահատականներ կտեսնեք։ Ես հետևել եմ կայացրած որոշման դատախազական հսկողությանը և եկել եմ այն եզրակացության, որ այդ փաստով կայացրած որոշումն օրինական է»։

Հանրապետության գլխավոր դատախազը նաև շեշտեց, որ Աննա Վարդապետյանի կարգավիճակը չի խոչընդոտում, որպեսզի վերջինս այս կամ այն քրեական գործի վերաբերյալ խորհրդատվություն ներկայացնի։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին 168.am-ի էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էին ստացվել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր էին հրապարակված, մասնավորապես, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ։

Նույն քննիչ Արթուր Այվազյանը, ըստ տեսանյութերի, Աննա Վարդապետյանին էր փոխանցել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Ի դեպ, տեսանյութերն ուղարկվել էին նաև տելեգրամային մի շարք ալիքների:

Տեսանյութեր

Լրահոս