Բաժիններ՝

Որպեսզի համակարգն անընդհատ ու անիմաստ ցնցելու գործելակերպը չշարունակվի    

«Հանրակրթության մասին» օրենքի քննարկման գործընթացի մասին

Այս շաբաթ Ազգային ժողովում կայացան լսումներ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հետ կապված։ Ակնհայտ է, որ լսումներն արդյունավետ չէին։ Ելույթների մեծ մասն օրենքի հետ կապ չուներ։ Ընդհանուր, երբեմն փոփոխությունների հետ ոչ մի կապ չունեցող դիտարկումներ էին։ Դժվար է ասել, թե նախարարությունը և ԱԺ համապատասխան հանձնաժողովն ի՞նչ ստացան այդ լսումներից։ Թերևս, միակ բանն այն է, որ արձանագրվեց ԱԺ-ում լսումներ անցկացնելու փաստը։ Լսումների ձևաչափը արդյունավետ չէ և պետք է փոխել։ 5 րոպեում հնարավոր չէ լուրջ առաջարկներ ներկայացնել օրենքի նախագծի վերաբերյալ։ Ցավոք, մենք չունենք լակոնիկ, ըստ էության խոսելու հմտություններ։ Տարածվում ենք թեմայի շուրջ՝ առանց կոնկրետ առաջարկներ անելու։

Ընդհանրապես, կրթության ոլորտում շատ կարևոր են գործընթացները։ Մենք շատ հաճախ կարևորում ենք արդյունքները։ Բայց իմ կարծիքով՝ եթե չունես արդյունավետ, խելամիտ կազմակերպված գործընթաց, չես կարող ունենալ լավ արդյունք։ Նման դեպքերում լավ արդյունք կարող է լինել միայն պատահաբար։

Ինչպե՞ս եմ պատկերացնում օրենքի նախագծի քննարկումների գործընթացը։ Նախագծում կան փոփոխություններ, որոնք բավական արմատական են։ Խոսքը վերաբերում է դպրոցների կառավարման համակարգին և ուսուցիչների ատեստավորմանը։ Նման արմատական փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, որում պետք է ներառված լինեին նախարարության պատասխանատուներ, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, ՀԿ-ներում, համալսարաններում աշխատող մասնագետներ։

Ընդ որում, դա պետք է արվեր թափանցիկ։ Համակարգում աշխատող մարդիկ պետք է իրազեկված լինեին, որ կա աշխատանքային խումբ, որը քննարկում է դպրոցների կառավարմանը և ուսուցիչների ատեստավորմանը վերաբերող հայեցակարգային մոտեցումներ։ Ցավոք, այդպես չարվեց։ Պատրաստի նախագիծը տեղադրվեց e-draft կայքում, մտավ կառավարության նիստ և որպես անհետաձգելի հարց՝ հայտնվեց ԱԺ օրակարգում և ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Նախատեսվում էր 24-ժամյա ռեժիմով օրենքն ընդունել նաև երկրորդ ընթերցմամբ, բայց որոշվեց լրացուցիչ քննարկումներ անել։

Նախորդ 30 տարիների փորձից մենք պետք է դաս քաղեինք, որ արմատական փոփոխությունները պետք է լրջորեն նախապատրաստվեն, փորձարկվեն։ Նման փոփոխությունների վրա աշխատանքային խմբերը պետք է աշխատեն ամիսներով։ Ամիսներ շարունակ էլ դրանք պետք է քննարկումներ անցնեն։

Անհրաժեշտ է վերանայել ԱԺ լսումների ձևաչափը։ 5 րոպեանոց ելույթներն անիմաստ են։ Ճիշտ կլինի լսումներն անցկացնել հետևյալ ձևաչափով։ Նախարարության պաշտոնյան մինչև 30 րոպեում ներկայացնում է նախագիծը։ Դրանից հետո 2 մասնագետներ 30-ական րոպեի սահմաններում ներկայացնում են կոնկրետ առաջարկներ նախագծի վիճարկելի կետերի վերաբերյալ։ Օրինակ՝ լավ կլիներ, եթե տնօրենները լիազորեին իրենցից մեկին ներկայացնել տնօրենների հավաքական առաջարկները։ Այսօրվա տեխնոլոգիաների պարագայում դա շատ հեշտ է անել։ Բավական է ստեղծել օնլայն աշխատանքային խումբ, որում կհավաքագրվեն առաջարկները, կքննարկվեն և կընտրվեն առավել կարևոր թեզերը։ Այսօրվա ձևաչափի վատն այն է, որ 5 րոպեանոց ելույթների միջոցով հնարավոր չէ համապարփակ ներկայացնել առաջարկները։

Իհարկե, ինձ կարող են առարկել և ասել, որ գոյություն ունի e-draft հարթակը, որտեղ կարելի է անսահմանափակ առաջարկներ, դիտողություններ ներկայացնել։ e-draft-ը շատ լավ հարթակ է փոքր հարցերի շուրջ դիտարկումներ ներկայացնելու առումով։ Բայց եթե կան սկզբունքային անհամաձայնություններ, ապա անհնար է դրանք e-draft-ով կարգավորել։

Քննարկումների գործընթացում մտահոգիչ էր տնօրենների պահվածքը։ Նրանք չկարողացան համախմբվել։ Իհարկե, մի քանի տնօրեններ հրապարակային հայտնեցին իրենց անհամաձայնությունները, բայց չնկատվեց տնօրենների համախմբում։

Ցավոք, տնօրենները, ուսուցիչները չեն ցանկանում հրապարակային խոսել, քանի որ վախենում են, որ կհայտնվեն վերադասի կողմից չսիրվածների ցանկում։ Օրինակ՝ բուհերի պարագայում նույնպես կար առաջարկ՝ ունենալ ռեկտոր և ակադեմիական խորհրդի նախագահ, որն ինչ-որ առումով երկիշխանություն էր ենթադրում։ Բայց ռեկտորները կարողացան նախարարությանը համոզել։ Մեզ այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ են խիզախ տնօրեններ, ուսուցիչներ, որովհետև այդպիսի գործելակերպով է հնարավոր բարձրացնել ուսուցչի, տնօրենի հեղինակությունը։ Բայց մեր տնօրեններն ու ուսուցիչները հարմարվում են ամեն ինչի։ Իսկ դա լավ չէ։ Երբեմն անհրաժեշտ է ոչ ասել, որպեսզի քեզ հետ հաշվի նստեն։ Ժամանակին Հայաստանում կային դպրոցի տնօրեններ, որոնցից անգամ նախարարներն էին զգուշանում։

Պարզ է, որ օրենքն առաջիկա օրերին կընդունվի։ Ես այն կարծիքին եմ, որ անգամ վատ փոփոխությունը հետևողական, ազնիվ ձևով կիրառելու դեպքում կարելի է լավ արդյունքի հասնել։ Այստեղ ամենակարևոր հարցը հետևյալն է։ Նախարարության համակարգում քանի՞ մարդ կա, որոնք պատրաստ են այս փոփոխությունները հետևողականորեն տանել մինչև վերջ։ Նախարարը, փոխնախարարները ձևավորե՞լ են մասնագիտական թիմ, որն այս նախագիծը կտանի մինչև վերջ։ Եթե ոչ, ապա նորից հայտնվելու ենք կոտրած տաշտակի առաջ։ Հայաստանի կրթության ոլորտի խնդիրներից մեկն այն է, որ նախարարների, փոխնախարարների փոփոխությունից հետո միշտ նոր օրակարգ է առաջ գալիս։ Եվ համակարգի ներսում չեն լինում մարդիկ, որոնք պաշտպանեն նախկին օրակարգը։ Սա է մտահոգիչը։

Եթե Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը մի քանի տարուց հեռանան, նախարարության համակարգի քանի՞ աշխատող է պաշտպանելու դպրոցում տնօրեն և վարչատնտեսական համակարգող ունենալու մոդելը։ Եթե լինեն այդպիսի մարդիկ, ապա շատ լավ կլինի։ Եթե չլինեն, ապա շարունակելու ենք համակարգն անընդհատ ու անիմաստ ցնցելու գործելակերպը։      

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս