Նախկինների բանակը խաղաղություն էր պարտադրում, Նիկոլինը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղության դարաշրջան է բացում
Ո՞րն է ՀՀ զինված ուժերում, բանակում բարեփոխումների ռազմավարությունը՝ ռուսակա՞ն բանակի նմանությամբ բանակ ենք ունենալու, թե՞ հաշվի կառնվեն զինված ժամանակակից արևմտյան միտումները, եթե, իհարկե, այդ բարեփոխումները սկսվել են:
Տրամաբանական հարց, այն դեպքում, երբ պատերազմից հետո անընդհատ լսում ենք բանակում իրականացվելիք բարեփոխումների մասին, և նաև այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից առաջ և հետո հայտարարել է և սկսել գործուն քայլեր՝ ունենալու թուրքական մոդելի փոքր բանակ, այսինքն, նատօ-ական օպերատիվ կառավարման մոդելի, ինչի շնորհիվ էր նաև, որ հաղթեցին պատերազմում, մինչդեռ մեր դեպքում պատերազմից օրեր հետո հայկական ռազմական ղեկավարությունը տարբեր մասնագետների կարծիքով, կորցրել էր զինված ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» էր տվել:
Եվ այս միանգամայն տրամաբանական հարցը երեկվա առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը համարում է հույժ գաղտնի և նախընտրում չմանրամասնել, թե հայկական բանակը ռուսակա՞ն, թե՞ արևմտյան զարգացման ուղին է բռնել, կամ ավելի ճիշտ՝ հրաժարվե՞լ է «ռուսական բարեփոխումներից», որովհետև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարարել էր, որ Հայաստանում արդեն ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները ռուս գործընկերների անմիջական մասնակցությամբ են իրականացվում:
«Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք այն հարցերը, որոնք վերաբերում են մարտական և թվային կազմի օպտիմալացմանը՝ հաշվի առնելով թիրախավորման խնդիրները, նախևառաջ՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, գերակա ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներում և համակարգերում վերազինմանը, կադրային ներուժի պահպանմանը, սպաներով, պետծառայողներով և պայմանագրային զինծառայողներով պաշտոնների համալրվածության մակարդակի բարձրացմանը»,- «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում նշել էր Հարությունյանը՝ հավելելով, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու կառավարման, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:
Իսկ Փաշինյանը հղում է արել կառավարության ծրագրին և կրկնել բազմիցս հնչեցրած միտքը՝ պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ, դա նույնը չէ, ինչ պայմանագրային ծառայողներով համալրված բանակն է:
Իսկ թե այդ, այսպես ասած, պրոֆեսիոնալ բանակը արևմտյա՞ն, թե՞ ռուսական բանակի մոդելն ու «խաղի կանոններն» է որդեգրելու, Փաշինյանը չի «գաղտնազերծել», ինչը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել՝ չիմացություն, թղթի վրա ՀՀ զինված ուժերի զարգացման քաղաքականության և ռազմավարության բացակայություն, ինչն էլ իր պատճառներն ունի, օրինակ, երկրի անվտանգության և սահմանների հետ կապված թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պայմանավորվածությունների կատարման ոչ ավարտուն վիճակ:
Մի բան հստակ է՝ Զինված ուժերի առաջ խնդիր չկա տարածքներ նվաճելու: Այսինքն, խնդիր չի դրված նույնիսկ վերականգնելու պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 45 քառակուսի կիլոմետրը:
Այս դեպքում մի տեսակ ծիծաղելի է հնչում Փաշինյանի ձևակերպումը, թե «ՀՀ ինքնիշխանությունը պահպանելը և պաշտպանելն է մեր Զինված ուժերի խնդիրը»:
Այս մտքից հետո լրագրողների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նորից վերադառնում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ իր պայմանավորվածություններին՝ մեր անվտանգության ապահովման ամբողջ բեռը չպետք է դնենք բանակի վրա:
Ինչպես է հնարավոր բեռի թեթևացում այն դեպքում, երբ ունես պատերազմի հետևանքով մարդկային ռեսուրսների խնդիր և նոր բնագծեր, հավելյալ պահպանվող դիրքային տարածք: Միայն ռուս խաղաղապահների կամ հայրենի սահմանապահ զորքերի հաշվի՞ն, իհարկե, ոչ: Այո, այլ տարածքներ կորցնելով և դրանք չվերականգնելու տարբերակով նաև, ինչը, ըստ էության, հաստատում է հենց Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել՝ երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի օգոստոսի 3-ին ՊՆ անձնակազմին ներկայացնում էր Արշակ Կարապետյանին, հստակ հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել.
«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:
Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:
Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.
«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:
Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն լսում են, և այդ օրակարգը առաջ կտանի մինչև այն սահմանը, որը ճիշտ գտնի:
Եվ եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանից ազատվեց դիրքեր տալ-չտալու շուրջ եղած տարաձայնությունների արդյունքում:
Ավելին, 168.am-ին պարզ էր դարձել, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Սա հաստատեցին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները և լրատվական միջոցները:
Մինչդեռ Վաղարշակ Հարությունյանը համաձայնել էր առանց շեղումների առաջ տանել Փաշինյան-Ադրբեջան-Թուրքիա օրակարգը, և դեռ անելիքներ կան, և էստաֆետը փոխանցվել է Սուրեն Պապիկյանին՝ որպես վստահելի թիմակից:
Ի դեպ, նույն ասուլիսին Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ իր օրակարգի հետ ներդաշնակության սակավության պատճառով ազատվում է իրենց իշխանության համար լուրջ «մարտահրավերներ» ստեղծողներից՝ պետականության կորստի անվան տակ:
«Մասնավորապես, նախորդ տարի ԳՇ հայտարարության համատեքստում, մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ, և կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս»,- ընդգծել էր Փաշինյանը:
Գեներալներն իր վերաբերյալ էին նույնը ասում, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Այլ հարց է՝ որքանով գեներալիտետը գործով մակագրեց իրենց իսկ պնդումը:
Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի ակնարկին, թե մեր բանակը լինելու է ոչ թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականության արտահայտիչ, այլ խաղաղ դարաշրջան բացելու, նշենք, որ հայկական բանակը երբեք նախահարձակ չի եղել, ագրեսիվ և նվաճողական քաղաքականություն չի վարել, բայց փորձել է խաղաղություն պարտադրել՝ պատժիչ գործողությունների և դիրքեր վերադարձնելու տարբերակով: Սա է նախկինների և Նիկոլ Փաշինյանի անվտանգային և բանակի հետ կապված տեսլականի ու քաղաքականության տարբերությունը:
«Խաղաղության դարաշրջան» բացել այն ճանապարհով, որը որդեգրել է Փաշինյանը, և թշնամուն խաղաղություն պարտադրելը բանակի միջոցով, դրանք տարբեր բաներ են: Այսինքն, այսօր բանակը կոչված է աջակցել դիվանագիտությանը, մինչդեռ դիվանագիտությունը պետք է կարողանա միջազգային հարթակում «մարսել» տալ բանակի գործողությունները, ինչը լավ կամ վատ նախկինում փորձում էին անել:
Հետաքրքիր է, որ բանակի ագրեսիվ քաղաքականությանը դեմ Նիկոլ Փաշինյանը ժամանակին չի ընդդիմացել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» տրամադրվածությանը: Ավելին, նա այս առնչությամբ նույնիսկ ասել էր.
«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի՝ հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, նա պետք է ՊՆ նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է դրա կարևորությունը»:
Արդյոք «ագրեսիվության» թույլատրելի լինելը ծրագրի մա՞ս էր, որին գուցե Դավիթ Տոնոյանը տեղյակ չէր սկզբում, իսկ հետո, ով գիտի, արվեց, ինչպես պետք էր Փաշինյանին, կամ չարվեց, ինչ պետք էր երկրին ու բանակին: Սա այլ խոսակցության թեմա է:
Իսկ այն, որ Փաշինյանն ասում է՝ չի ուզում բանակի և անվտանգության հետ կապված այլևս սխալվի, գուցե նկատի ունի պատերազմի ընթացքում և դրանից հետո իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում, ուղերձներում ու կոչերում ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակայնացման փաստերը, որոնց մասին 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է։
Խոսքը նաև նախապես ռազմական օպերացիաների հրապարակային դարձնելուն է վերաբերում:
Ի դեպ, բանակի բեռի թեթևացում՝ ենթադրում է նաև կրճատումներ, գործազրկություն զինվորականության շրջանում: Այսինքն, զինվորականներից շատերը ստիպված են լինելու 24-ժամյա ռեժիմով տաքսի վարել: Այս թեմային առաջիկայում կանդրադառնանք: