Պատերազմի ժամանակ հայկական կողմի՝ հզոր ռադիոէլեկտրոնային պայքարի և 7-րդ օրը զինված ուժերին կառավարելու համակարգի «սբոյի» մասին

Օրեր առաջ Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած՝ Զինված ուժերի օրվան նվիրված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Բաքուն կմեծացնի իր ռազմական հզորությունը՝ ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները:

Սրանով, ըստ էության, նշանակում է, որ Բաքուն ընդունում է՝ երկրի ճիշտ կառավարման դեպքում հայկական բանակը կարող է որոշակի ժամանակահատվածում վերականգնվել և ինչ-որ առումով դառնալ սպառնալիք կամ գոնե գլխացավանք:

«Հայկական բանակ այլևս չկա և չպետք է լինի։ Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- այս տարվա փետրվարին հայտարարել էր նույն Ալիևը: Մինչդեռ կանոնավոր բանակի լինելիությանն ու Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացմանը դեմ Ալիևը նույն ժամանակահատվածում հայտարարել էր՝ Ադրբեջանում փորձելու են ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել, որին ուղղված գործուն քայլերը վաղուց են սկսել:

Այլ հարց է, թե որքանո՞վ է ձեռնտու զուտ ռուսական մոդելի բանակ ունենալը մեր դեպքում, երբ Ադրբեջանը Թուրքիայից ուժերի ՆԱՏՕ-ական կառավարման փորձ է ընդօրինակում, ինչը տեսանք վերջին պատերազմին: Ավելի կոնկրետ՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկար, կար Թուրքիայի ԳՇ-ի ղեկավարում: Մինչդեռ մենք կառավարման հետ կապված լրջագույն խնդիրներ ենք ունեցել, և որտեղ այդ խնդիրը չի եղել, կամ ունեցել ենք «հրամանատարում տեղում» «բանաձևը», հաջողություններ ենք ունեցել:

Դեռ պատերազմից ամիսներ առաջ միջազգային և տեղական ռազմական վերլուծաբանները զգուշացրել էին Արցախում «իդլիբյան» սցենարի կրկնության մասին՝ հիշեցնելով 2020-ի մարտին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, որ այսուհետ Թուրքիայի Զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը կներառվի ադրբեջանական բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը:

Սրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները բացելով փակագծերը՝ նշեցին, որ խոսքը փետրվարի վերջին Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների մասին է Բաշար Ասադի ուժերի դեմ: Այդ օրերին թուրքական բանակն Իդլիբում 36 զինվորական կորցրեց Սիրիայի ավիացիայի կողմից հրթիռային հարվածների հետևանքով: Եվ ի պատասխան՝ թուրքական բանակը պատասխան մարտավարություն կիրառեց Բաշար Ասադի զորքերի և նրան սատարող զինյալների դեմ. հրետանուն և համազարկային համակարգերին զուգահեռ` թուրքական բանակը բազմաթիվ գրոհային անօդաչուներ, կամիկաձե դրոններ օգտագործեց` դրանց միաժամանակ մեծ թվով կիրառմամբ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին:

Այդ ժամանակ իշխանամերձ շատ փորձագետներ անհեթեթ համարեցին Արցախում «իդլիբյան» սցենարի հավանականության վերաբերյալ պնդումները: Մինչդեռ 44-օրյա պատերազմում, ըստ էության, տեսանք «իդլիբյան» սցենար հիշեցնող մարտական գործողություններ, երբ հրետանային միջոցներին և համազարկային համակարգերին զուգահեռ` կիրառվում էին մեծաթիվ և ինտենսիվ օդուժ, հարվածային ԱԹՍ-ներ, թուրքական F-16-եր, որոնք հարված հասցնելու փորձ ունեին սիրիական ուղղությամբ:

Պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը մի առիթով ասաց, որ, երբ տարիներ առաջ Ադրբեջանում հայտնվեցին թուրքական սպառազինություններ, այդ թվում՝ միջոցներ, որոնք ունեն բավականին մեծ հեռահարություն՝ օդ-ցամաք գործողության, լավ գիտակցում էին, որ այդ միջոցներն ադրբեջանական օդուժի որևէ թռչող սարքի վրա չեն կարող կիրառվել, արձակվել: Ո՛չ Սու-25-ը, ո՛չ ՄիԳ-29-ը դա չեն կարող կիրառել, դա կարող է կիրառել միայն F-16-ը, որի համար ստեղծված են այդ միջոցները: Հետո արդեն պատերազմի ընթացքում բազմիցս լսեցինք՝ Արցախում պատերազմական սցենարը մշակվել, կառավարվում, որոշ տեղերում՝ նաև իրագործվում է Թուրքիայի կողմից:

Օրերս ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հաստատել է վերը նշվածը, որ ուսումնասիրել են Սիրիայում թուրքական փորձը, այդ թվում՝ սպառազինության ընտրության և կիրառման հարցում:

«Վերջին տարիներին մարտական գործողությունների փորձը ցույց է տվել, որ զինված ուժերի որոշ տեսակներ կամ զորատեսակներ սպառել են իրենց ակտուալությունը, օրինակ, խոշոր տանկային և մոտոհրաձգային միավորումները, այն էլ՝ ռազմական գործողությունների մեր թատերաբեմում: Իհարկե, որոշ առումով հակառակորդի առաջնագծում դրանք ճեղքման ժամանակ այդ խնդիրը շատ հաջողությամբ լուծեցին, սակայն, արդեն այն ժամանակ որոշ փոփոխություններ զինված ուժերում կատարեցինք: Այն է՝ նոր ստորաբաժանումներ ստեղծեցինք, որոնք, ըստ էության, հաջողությամբ ճեղքեցին հակառակորդի առաջնագիծը: Սրան զուգահեռ՝ ելնելով թուրքական փորձից, որը նրանք մեզ հետ մշտապես կիսել են, բարձրացել է դերը գրոհիչ և հատուկ նշանակության ստորաբաժանումների, հատկապես մեր ռազմական գործողությունների թատերաբեմում, որտեղ գործ ունենք լեռնաանտառային տեղանքի հետ»,- մանրամասնել է Հասանովը:

Քանի որ խոսք գնաց գրոհային ստորաբաժանումներից, հարկ է հիշեցնել, որ 2019-ի մարտի 30-ին, Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք:

«Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասել էր Տոնոյանը:

Թե որքանով Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականը գործնականում ի կատար ածվեց, 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ տրամադրված տեղեկությամբ, ՀՀ պաշտպանության նախկին նախարարին հաջողվել է 4 նմանատիպ ստորաբաժանում ունենալ, և, որ այդ ժամանակ ԳՇ-ն՝ ի դեմս այդ ժամանակվա պետ Արտակ Դավթյանի, դրան դեմ է եղել:

Այսինքն՝ դրանց կառուցվածքը, գործառույթները, մարտավարությունը, մարտական պատրաստությունը, սպառազինությունը, տեխնիկան, համալրումն արվել է գրոհային սկզբունքով, բայց ոչ լիարժեք, այսպես ասած, կիսատ-պռատ, քանի որ ԳՇ-ն փորձել է դրանցից սարքել սովորական հրաձգային գումարտակ:

Մեզ փոխանցված տեղեկություններով, ամենաորակյալ գրոհային ստորաբաժանումը հաջողվել է ստեղծել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, և, որ այն բավականին հաջողությամբ գործել է հուլիսյան գործողությունների ժամանակ, նաև վերջին պատերազմում: Իսկ մնացած տեղերում այն չէր հասցրել լավ «եփվել», կայանալ: Որպես կանոն՝ զրոյից ստեղծված ստորաբաժանումների կայացման համար պահանջվում է առնվազն երկու տարի:

Հավելենք, որ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու փորձ դեռևս շատ վաղուց իրականացրել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Վերադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի հարցազրույցին, նշենք՝ Հասանովը խոսելով վերջին պատերազմում կիրառված սպառազինությունից, ասել է, որ վերլուծել են պատերազմի ամեն մի օրը՝ դրական և բացասական պահերը, ինչպես նաև սպառազինության կիրառումը՝ որն է դրական կողմից դրսևորել իրեն, որոնց հետ կապված խնդիրներ են եղել՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Իսկ այդպիսի հանգամանքներ, ըստ Հասանովի, շատ են եղել, այդ թվում՝ հայկական կողմի ռադիոէլեկտրոնային հզոր պայքարը (ՌԷՊ), որը լուրջ խնդիրներ է ստեղծել ադրբեջանական կողմի համար, երբ գործի են դրվել համապատասխան համակարգերը:

«Խնդիր դրված չէ՝ ինչ-որ տեխնիկայից հրաժարվել, այլ հարց է ծագել, որ տվյալ սպառազինության տեխնիկական ինչ-որ բաղադրիչ չի կարողացել դիմադրել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարին, որովհետև հակառակորդը շատ հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ էր ստեղծել, նրանք ունեին ամենաժամանակակից ռուսական արտադրության ՌԷՊ համակարգերը»,- շարունակել է Ադրբեջանի ՊՆ-ն և անդրադառնալով հայկական կողմի կառավարման կարողություններին, նշել՝ պատերազմի արդեն 7-րդ օրը զգացվում էր, որ հայկական ռազմական ղեկավարությունը կորցրել է զինված ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» է տվել:

Կառավարման համակարգի թերացումների համատեքստում հարկ է նշել, որ որոշ հարցերում խնդիրներ կային դեռևս սկզբի օրերից: Մասնավորապես.

  • թեպետ սեպտեմբերի 27-ին հայտարարվեց համընդհանուր զորահավաք, բայց կատարում ենք մասնակի, բայց իրականում մոբիլիզացիա տեղի չունեցավ: Բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր:

Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Դա ամենամեծ ռազմաքաղաքական սխալն էր, մնացած ամեն ինչը սկսվում է այստեղից: Այսինքն, չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այս իրավիճակը:

  • պատերազմի ժամանակ որոշումները հաճախ ընդունվել են «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում՝ մի քանի մարդկանց մոտ, որոնց մի մասը բանակից, ռազմական որոշումներից բան չէր հասկանում: Մինչդեռ նման որոշումները պետք է ընդունվեն ՊԲ հրամանատարական կետի ծառայողական պարտականություններ կատարող զորատեսակների, ծառայությունների ներկայությամբ: Այլ կերպ՝ դրա համապատասխան վայրում՝ մարտական կառավարման կետում, և ամենակարևորը՝ ընդհանուր օպերատիվ պլանավորման օղակում, որտեղ կա շտաբ, հրամանատար, կան շտաբի բոլոր զորատեսակները, ծառայությունները, որոնք էլ իրենց առաջարկությունները կանեն: Այսինքն, պատերազմի ժամանակ երկիրն ու բանակը ղեկավարվել է «ոտքի վրա»:

Եվ այն դեպքերում, երբ, ինչպես վերևում նշեցինք, որոշումը կայացվել է տեղում՝ համապատասխան հրամանատարի կողմից, եղել է հստակ կարգուկանոն, ունեցել ենք հաջողություններ, ինչպես Քարվաճառի դեպքում, երբ մեկ միլիմետր դիրք չենք զիջել, այն հանձնվել է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե պատերազմի 4-րդ օրը` Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարը և այնուհետ Նիկոլ Փաշինյանը համառորեն հերքեցին սա՝ այդպես էլ չբերելով հստակ ապացույց:

Օնիկ Գասպարյանը հունիսին՝ տավուշյան դեպքերից առաջ, զգուշացրել էր նաև, որ հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Այս մասին 2020-ի հունիսին զգուշացրել էր նաև Ադրբեջանի ՊՆ-ն, որ թվացյալ և հարաբերական խաղաղ ժամանակահատվածն իրենք օգտագործում են իրենց օգտին, այն է՝ պատրաստվում են պատերազմին, և, որ դրան լուրջ մասնակցություն է ունենալու Նախիջևանի առանձնակի համազորային բանակը, որը հզոր ձևով սպառազինված է, ինչը և տեղի է ունեցել:

«Այդ բանակի պատրաստվածությունը, ռազմավարական դիրքը մեզ վստահություն է ներշնչում, որ հայկական կողմին որևէ բուֆերային գոտի չի օգնի (նկատի ունի՝ մոտ է Երևանին.- Մ.Պ.),- ընդգծել էր Հասանովը և հավելել՝ մենք մեր գործը լավ գիտենք, ժամանակը հենց այնպես չենք ծախսել, մասնավորապես, մեր հետաքրքրությունից ելնելով՝ ինժեներական աշխատանքներ ենք տարել առաջնագծում:

«Գալիք պատերազմը կործանարար է լինելու նրանց պետականության համար, ես սա միանշանակ ասում եմ»,- սպառնացել էր Հասանովը:

Որքանո՞վ է փաշինյանական իշխանությունը հաշվի առել Հասանովի ուղիղ սպառնալիքը, Օնիկ Գասպարյանի զգուշացումները՝ նաև արևմտյան ուղղությամբ Թուրքիայից եկող սպառնալիքի մասին, պատերազմը ցույց տվեց, որ ոչ մի բան էլ հաշվի չի առել Փաշինյանի իշխանությունը՝ ո՛չ ռազմական, ո՛չ ռազմաքաղաքական, ո՛չ քաղաքադիվանագիտական մակարդակում, ինչի հետևանքով ունեցանք կործանարար հետևանքներ՝ Արցախի 75 տոկոսի կորուստ, տարածքային զիջումներ ՀՀ-ից, մոտ 5000 զոհ, մի քանի հարյուր գերի, անհետ կորածներ և այլն:

Եվ այսօր դարձյալ դասեր չքաղելով այս պատերազմից կամ գուցե սկսված ծրագիրը ավարտին հասցնելու նպատակից ելնելով, Փաշինյանի իշխանությունը հայտարարում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, և միաժամանակ պնդում՝ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կդրվի ռուս խաղաղապահների վրա: Այսինքն, կրճատում ենք բանակը, երբ ռուս խաղաղապահների առաքելությունը մի քանի տարվա ժամկետ ունի, ավելին, եղած բանակն էլ զուտ ռուսական, խորհրդային մոդելով ենք մտադիր ստեղծել, այն դեպքում, երբ Ադրբեջանը բանակի հզորության և թվաքանակի մեծացման մասին է խոսում, ստեղծում է թուրքական փոքր բանակ, որի դեպքում ՆԱՏՕ-ական օպերատիվ կառավարման մոդելի լեգիտիմացում ենք ունենում:

Այսինքն՝ դարձյալ նույն խնդիրն ենք ունենալու պատերազմի դեպքում՝ ռուսական մոդելի և փաշինյանական կառավարմամբ բանակ՝ ընդդեմ ադրբեջանաթուրքական ՆԱՏՕ-ական կառավարման փորձով բանակի, իսկ պատերազմը չի ավարտվել…

Տեսանյութեր

Լրահոս