Պատերազմի պարտությանը զուգընթաց՝ խրախուսվել ու պարգևատրվել են դրանց պատասխանատուները. Սեյրան Օհանյան

«Ժամանակակից պահանջների համաձայն՝ ռազմավարական վերանայման արդյունքում, երկար ժամանակ բոլոր սպառնալիքների հետ միասին, Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր սպառնալիքները 3-ն են եղել՝ տնտեսության վիճակը, ժողովրդագրական խնդիրները և քաղաքական ռեսուրսների անկման հարցերը»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Պատգամավորի խոսքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրանց ավելացել են նաև անվտանգային խնդիրները, հասարակության մեջ պառակտման հոգեբանական վիճակը։

«Թվում էր, թե 2022 թվականի առաջին նիստերի ընթացքում ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան սահմանային իրավիճակը, անվտանգության խնդիրները, որովհետև բազմիցս ասել եմ և այսօր կրկնում եմ, որ բոլոր խնդիրները մենք պետք է իրականացնենք համահունչ այն ռազմաքաղաքական իրավիճակին, որն այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ինձ համար զարմանալի է, որ այդ 2 հարցերը չընդգրկվեցին, որովհետև դրանց շրջանակներում հնարավորություն կար քննարկելու և բավականին բարձր հիմքերի վրա դնելու և վեր հանելու այն խնդիրները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս, մեր ժողովրդին։ Սա գալիս է նրանից, որ այսօրվա իշխանությունները որոշումների ընդունման ընթացակարգերում շարունակում են որդեգրել այն սկզբունքը, որ առաջնահերթություններն առաջին պլան չեն մղվում, որոշումներն ընդունվում են ոտքի վրա և ձեռքի հետ։ Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կարող էր լինել այսպես, որ և՛ մինչև պատերազմը, և՛ պատերազմի ընթացքում, և՛ պատերազմից հետո ՀՀ իշխանությունները նկատի չունենային բոլոր այն ընթացակարգերը, այն բոլոր օղակները՝ Անվտանգության խորհուրդ, Կառավարություն, Ազգային ժողով, որտեղ մանրակրկիտ վերլուծվում և գնահատական է տրվում, ապա որոշվում է տվյալ ժամանակահատվածի հետ կապված առաջնահերթությունները։ Ինչպե՞ս կարելի է վերլուծել և գնահատական չտալ այն իրողությունը, երբ պատերազմի պարտությունների հետ զուգընթաց՝ մենք խրախուսում ենք այն մարդկանց, որոնք պատասխանատու են և կառավարման, և ռազմական կառավարման ոլորտում։ Ես նկատի ունեմ՝ արդյոք այդ ժամանակահատվածում Կառավարությունում, նախագահականում չկայի՞ն մարդիկ, որոնք կգնահատեին, կասեին՝ ո՞նց կարելի է պատասխանատու անձին տալ ինչ-որ կոչումներ, հերոսի կոչումներ, պատասխանատու անձանց ներկայացնել կառավարական պարգևների․․․»։

Եզրափակելով ելույթը, Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այս և այլ կարևոր խնդիրներին, որոնք առկա են պետական կառավարման համակարգում, ՄԻՊ-ը պետք է անաչառ գնահատական տա․

«Արդյո՞ք նորանշանակ անձնավորությունը, որը ձեր թիմից է, ի վիճակի է լինելու այդ ամենին անաչառ և անկախ գնահատական տալու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս