«Որևէ մեկն օրենքը վերծանելու բարոյական իրավունք չունի»․ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցը՝ Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների դժգոհության մասին
«Վարչատարածքային բաժանման մասին նոր օրենքի համաձայն՝ Սևան համայնքը խոշորացվել է 11 բնակավայրով, որևէ մեկին իրավունք վերապահված չէ օրենքը վերծանելու, օրենքի վերաբերյալ իր սեփական կարծիքներն արտահայտելու»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները Սևան խոշորացված համայնքին միավորելու դեմ առաջացած դժգոհությանը։
«Մենք խոսում են օրենքի մասին, Հայաստանի Հանրապետությունում կա Սահմանադրություն և օրենք, որևէ մեկին՝ դա կլինի ֆիզիկական անձ թե իրավաբանական անձ, որևէ մեկն օրենքը վերծանելու բարոյական իրավունք չունի։ Դա օրե՛նք է, կյանքի՛ է կոչվել, ինչի՞ մասին է խոսքը»,- հավելեց Հարությունյանը։
Ի դեպ, նախապես հայտարարվել էր, որ մինչև օրենքի փոփոխությունն ընդունելը և դրա ուժի մեջ մտնելը բոլոր բնակավայրերում պետք է հանրային լսումներ կազմակերպվեին, մարդկանց տեղեկացնեին առաջարկվող փոփոխությունների մասին, սակայն թե Ծովագյուղի, և թե Սեմյոնովկայի բնակիչները պնդում են, թե որևէ մեկն իրենց հետ նման քննարկում չի ունեցել, փաստացի ի սկզբանե իրենց կարծիքը հաշվի չի առնվել: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետն ասաց․
«Հանրային լսումներ բոլոր տարածքներում են եղել, իսկ ինչ վերաբերում է, որ իրենք չեն ուզում միանալ Սևան խոշորացված համայնքին, թող մնան իրենց կարծիքին, մենք հիմա խոսում ենք այլևս կայացած փաստի, այլևս օրենքի վերաբերյալ․․․»։
Հետո հարցրեցինք, թե շուրջ 2 ամիս է՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում անորոշ իրավիճակ է, արդյոք Գեղարքունիքի մարզպետարանում բարձրացվե՞լ է այս հարցը, արդյո՞ք մարզպետը տեղյակ է խնդրին, և լարվածությունը մեղմելու, ծագած հարցերին պատասխան տալու և բնակիչների հետո քննարկելու նպատակով կարիք չկա՞ր արդյոք, որ կամ մարզպետը գնար Ծովագյուղ և Սեմյոնովկա, կամ էլ բնակիչներին հրավիրեր մարզպետարան, փորձեր հաշտության եզրեր գտնել նրանց հետ: Վանիկ Հարությունյանը մեր հարցը լսելով՝ զարմանքով ինքը հարցեր ուղղեց․
«Ինչի՞ մասին է խոսքը, ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք է եղել, օրենքը կյանքի է կոչվել, ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա, եթե մեկը չի ուզում այդ օրենքը, դա իր խնդիրն է։ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում համայնքների միավորում է եղել, նույնը և՝ Սևանում, ինչի՞ մասին է խոսքը»։
Դիտարկմանը, որ Ծովագյուղում դեկտեմբերի 30-ից հետո որևէ աշխատակից չի գնում համայնքապետարան, փաստացի համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է, ո՞րն է լինելու դրա լուծումը, Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետն ուղղորդեց Սևանի համայնքապետարան՝ այդ հարցի մասին պարզաբանում ստանալու համար խորհուրդ տվեց մեզ դիմել այլ մարմնի․
«Դիմեք Սևան համայնքի ղեկավարին, բացառապես իր լիազորությունն է։ Սևան համայնքի ղեկավարը, աշխատակազմը ինձ ուղարկել է հաստիքացուցակը, անվանացանկը և դրույքաչափը, որտեղ նշված է Սեմյոնովկա և Ծովագյուղ վարչական ղեկավար, օպերատոր և այլ աշխատակիցներ, եթե այդ համայնքում ինչ-որ բան խաթարվել է, դա բացառապե՛ս Սևան համայնքի ղեկավարի լիազորությունն է, մեզնից որևէ մեկն իրավունք չունի քիթը մտցնելու այդ համայնք։ Որոշում է ավագանին, որոշում է համայնքի ղեկավարը»։
Հարցին՝ իսկ մարզպե՞տը, արդյոք նա չպե՞տք է միջամտի, որպեսզի սեփական մարզում ստեղծված ճգնաժամը լուծում ստանա, Վանիկ Հարությունյանն ասաց, որ մարզպետին որևէ մեկը չի դիմել․
«Եթե համայնքում խնդիր կա, համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել մարզպետին, բայց այս պահին որևէ մեկը մեզ պաշտոնական որևէ գրություն չի ուղարկել, որ մենք այստեղ խնդիր ունենք»։
168.am-ը փորձեց կապ հաստատել Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։
Նշենք նաև, որ բնակիչները կառավարությանը ժամանակ են տվել, որպեսզի վերանայեն իրենց որոշումը, այլապես հունվարի 24-ին զանգվածային բողոքի ակցիաներ կիրականացնեն, ճանապարհներ կփակեն։