«Ծովագյուղում կա 5000 վարչապետ, եթե Կառավարությանը մեր ճակատագիրը չի հետաքրքրում, ուրեմն՝ իրենք՝ իրենց ճանապարհով, մենք՝ մեր»․ ծովագյուղցիները կրկին ճանապարհ կփակեն
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կրքերը չեն հանդարտվում։ Գյուղացիները, որ դեմ էին Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն և չէին մասնակցել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, Կառավարությանը ժամանակ են տվել վերանայելու խոշորացման մասին որոշումը, այլապես կրկին ճանապարհ կփակեն։
Ծովագյուղի բնակիչներից Պայքար Բադալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի զիջման չեն գնալու, պայքարելու են, որպեսզի չմիանան Սևան խոշորացված համայնքին, միևնույն ժամանակ նա դժգոհեց Կառավարության անտարբերությունից․
«Ծովագյուղում այս պահին տիրում է այն, որ ոչ մի տեղ չի տիրում, ոչ մեկը չի հետաքրքրվում, թե մեր գյուղն ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում, ո՞ւր է գնում, որտեղի՞ց է գալիս։ Ամբողջ գյուղը շատ վատ է տրամադրված այս Կառավարության դեմ, ասածս խնդրում եմ ճիշտ փոխանցել, մինչև վերջ, ամբողջ գյուղն իրականում լցված է այս Կառավարության դեմ, որ թեկուզ մենք ամբողջ գյուղով դեմ եղանք իրենց կայացրած որոշմանը, ամբողջ գյուղով ընտրության չգնացինք, բայց Կառավարությունից դաժե մի հոգի չասաց՝ հլը մի հատ գնանք էդ գյուղը, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում գյուղում, ինչի՞ համար մարդիկ դժգոհեցին ու չգնացին ընտրության»։
Ծովագյուղի բնակիչը հիշեց ժամանակին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, ապա շարունակեց․
«Եթե մեր 5000 բնակչի ճակատագիրն իրենց չի հետաքրքրում, իրենց ճակատագիրն էլ մեզ չի հետաքրքրում, մենք մեր գյուղում մեր ձևի կապրենք, չենք թողնի Կառավարությունը մեզի թելադրի՝ ոնց ապրենք, եթե մենք այդ ժողովրդի մի մասնիկն էինք, եթե 3 միլիոն վարչապետի մի մասնիկն էլ մենք էինք, հայտարարում էր՝ 3 միլիոն վարչապետ ունենք, չէ՞, իսկ մեր գյուղում կա 5000 վարչապետ, եթե այդ 5000 վարչապետների ճակատագիրն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, ուրեմն՝ իրենք՝ իրենց ճանապարհով, մենք էլ՝ մեր ճանապարհով»։
Մեր զրուցակիցը նաև վստահեցրեց, որ ի տարբերություն գործող իշխանությունների, եթե ծովագյուղցին մի բան հայտարարում է, ապա անպայման իրականացնում է այն․
«Ի լուր աշխարհի հայտնեք, որ Ծովագյուղը և Սեմյոնովկան իրար բռնած գյուղ են, մեր ժողովուրդն ինչ ասում է՝ այն անում է, հակառակ Կառավարությանը, մեր գյուղն ինչ խոսք տալիս է՝ դրան տեր է կանգնում։ Եթե մեր գյուղացիները խոսք են տվել, որ արձագանք չլինելու դեպքում հունվարի 24-ին փակելու են ճանապարհը, ուրեմն 100% փակելու են, լավ իմացեք»։
Հարցին՝ արդյոք ճանապարհ փակելով՝ հարցը կլուծվի՞, մտավախություն չունե՞ն, որ մարդկանց բերման կենթարկեն, իսկ խնդիրն այնուամենայնիվ կմնա, ծովագյուղցի Պայքար Բադալյանը պատասխանեց․
«5000 հոգու բերման ենթարկել չե՛ն կարող, 5000 հոգուն բերման չե՛ն ենթարկում, 5000 հոգին իրենց են բերման ենթարկում, 5000 հոգուն կյանքում չե՛ն կարող բերման ենթարկել։ Եթե մի տեղ 5000 հոգի է, այդ 5000 հոգին արդեն անկոտրում է։ Ժողովուրդ ջան, ոչ թե արջի անունն ենք տալիս, որ վախենան, ասում է՝ արջն այդքան վախենալու չի, բայց անունը տալիս ես՝ վախենում են, չէ՞, բայց մեր գյուղը, 100% իմացեք, արջից բեթար է լինելու, թող լավ իմանան, իրենց ականջներին օղ անեն։ Եթե իրենք ճանապարհ փակելով եկան Կառավարության գլուխ, մենք հաստատ իրենցից առաջ այդ ճանապարհ փակելու ձևերը գիտեինք․․․»։
Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ևս որևէ պաշտոնյա չի եղել իրենց գյուղում, որևէ խոստում չի տվել.
«Ծովագյուղ չի՛ մտել ոչ մի պատգամավոր, Ծովագյուղում ոչ մեկը չի կարող խոստում տա ու չկատարի, մեր մոտ ոչ եկել են, ոչ գնացել են, ոչ խոստում են տվել, ոչ էլ դեպուտատ ենք ճանաչում, առավել ևս՝ ՔՊ-ական դեպուտատներից ընդհանրապես մարդ չենք ճանաչում։ Եթե մեկը մի ելույթ ցույց կտա, որ եկել է Ծովագյուղ, ես կզանգեմ ու անձամբ ներողություն կխնդրեմ։ Մեզ մոտ մի անգամ եկել է Աննա Հակոբյանը, կարծեմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ էր հետը, եկել Ծովագյուղի կենտրոնում՝ Մուրացանի արձանի մոտ, մի հատ սելֆի են արել ու գնացել, ուրիշ ոչ մի բան, իրենք ոչ խոստում են տվել, ոչ բան են ասել, եկան նկարվեցին, մի 2 բերան էլ իրար հետ խոսեցին ու գնացին»։
Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատար Վահրամ Գևորգյանն էլ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է, դեկտեմբերի 30-ից հետո որևէ աշխատակից չի գնում աշխատանքի, նրանք ևս Կառավարությունից արձագանքի են սպասում, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չկա․
«Հուսով եմ, որ կառավարությունը դրական պատասխան կտա, քանի որ նման ընտրություն որևէ տեղ չի կայացել, որ համայնքից ոչ մի մարդ ընտրությանը չմասնակցի, սպասողական վիճակ է»։
Համայնքապետի պաշտոնակատարից հետաքրքրվեցինք, թե արդյոք որևէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ իշխանական պատգամավորներ, Գեղարքունիքի մարզպետը, գնացե՞լ են համայնք, լսել իրենց բարձրացրած խնդիրները: Մեր հարցին համայնքապետի պաշտոնակատար Գևորգյանը բացասական պատասխան տվեց, ապա ներկայացրեց, թե հատկապես որն է Սևան քաղաքի հետ միավորվելուն ընդդիմանալու և իրենց դժգոհության պատճառը․
«Մեր համայնքն իր բյուջեով, հնարավորությունով, նախկին արված աշխատանքներով՝ այնքան շատ էր, որ Գեղարքունիքի մարզում ոչ մի քաղաք այդքան սուբվենցիոն ծրագիր չի արել, ինչքան որ Ծովագյուղ համայնքն է արել 2020-2021 թվականներին, ու շարունակությունն էլ նայում ենք, որ ավելի շատ ենք անելու, քան թե յուրաքանչյուր քաղաք։ Դրա համար հասկացել ենք, որ խոշորացումը մեզ նման համայնքին վնաս է, ու ոչ թե ուղղակի ենք ասում, այլ փաստացի, թող վերցնեն 2020-2021 թվականներին բոլոր քաղաքների արած սուբվենցիոն ծրագրերը և մեկ էլ վերցնեն Ծովագյուղ համայնքը՝ որպես գյուղ, քաղաքի հետ համեմատես՝ գյուղն ավելի շատ աշխատանք է կատարել, քան քաղաքը։ Հիմա եթե Ծովագյուղ համայնքը գնա միանա Սևան քաղաքին, ո՞նց է զարգանալու»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։